ՀՀ ԳԱԱ Մ.ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ

ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի համակարգում ստեղծված տնտեսա­գի­տա­կան սեկտորը Հայաստանում  տնտեսագիտության ուղղությամբ գիտահետա­զոտա­կան բնույ­թի առաջին կառույցն էր, որը 1943 թվականին ընդգրկվեց Հայաստանի նորա­ստեղծ Գիտությունների ակադեմիայի կազմում։ 1955-ին սեկտորը վերակազմավորվեց տնտե­սագիտության ինստիտուտի (տնօրեն՝ Ա.Մարուխյան), իսկ 1999թ. անվանակոչվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Քոթանյանի անվամբ։

Ինստիտուտն ուներ երեք բաժիններ՝ քաղաքատնտեսության և ժողովրդական տնտեսության պատմության, արդյունաբերության էկոնոմիկայի և գյուղատնտեսության էկոնոմիկայի։ Ինստիտուտում կատարվող աշխատանքները հիմնականում վերաբերում էին ճյուղային տնտեսագիտության հարցերին։ Միաժամանակ նշանակալից արդ­յունք­ների ինստիտուտը հասավ նաև Հայաստանի տնտեսական պատմության և հայ տնտե­սագիտական մտքի պատմության հետազոտության բնագավառում։ Պարբերացվել է XIX-XX դարերի Հայաստանի տնտեսական պատմությունը, տրվել հողային հարա­բերու­թյունների և տնտեսության մյուս ճյուղերի, ֆինանսների, բնակչության և նրա սոցիա­լական կազմի վերլուծությունը (Մ.Ադոնց, Հ.Թումանյան, Մ.Եգանյան, Լ.Անան­յան)։ Հրա­տա­րակվել են հայ տնտեսագիտական մտքի պատմության առանձին շրջան­ներն ընդ­գրկող աշխատություններ, ուրվագծվել տնտեսագիտական մտքի հիմնական ուղղու­թյուն­ները (Ս.Զուրաբյան, Ն.Թովմասյան, Մ.Գրիգորյան)։

1960 թվականին ինստիտուտի տնօրեն է նշանակվում Ա.Առաքելյանը։ Ինստի­տու­տի համար սկսվում է նոր շրջան՝ հետազոտական գործունեության, նոր մշակում­ների և գիտական կադրերի պատրաստման առումներով։ Կազմակերպվում են տնտեսա­կան կապերի համալիր պրոբլեմների և կապիտալ ներդրումների արդյունավետության ու արդ­յունաբերության տեղաբաշխման բաժինները, տնտեսավիճակագրական լաբորա­տո­րիան։ Հրատարակվեցին Ա.Առաքելյանի սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսության հարցերին նվիրված աշխատություններ։ 1964-65թ.-ին ստեղծվում են տնտհաշվարկի և նյութական շահագրգռվածության, իսկ այնուհետև տնտեսագիտու­թյան մեջ մաթեմա­տի­կական մեթոդների կիրառման բաժինները։ Վերափոխվեց բաժին­ների թեմատիկան։ Ինս­տիտուտի գործունեությունը ստացավ ծրագրային ուղղվա­ծություն՝ երկարատև ժամա­նակի կտրվածքով։ Տնտեսագիտական հետազոտությունների որոնումների առանցքը դար­ձավ հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման խնդիր­ները, լույս տեսան բազմաթիվ աշխատություններ՝ առաջադրույթի տեսության ու կիրա­ռական բազմաթիվ կողմերի արծարծումներով. հիմնական ֆոնդերի վերարտադրություն և արդյունավետություն, գիտատեխնիկական առաջընթաց՝ կառա­վա­րում և խթանում, տնտեսական հաշվարկ (Ա.Առաքելյան, Մ.Քոթանյան, Ռ.Միրզոյան, Լ.Անանյան), կապի­տալ ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատում (Բ.Եղիազարյան), տրանսպորտի զարգացման հիմնախնդիրներ (Կ.Խուրշուդյան)։

Հետագայում ուսումնասիրվեցին ազգային հարստության, ազգային եկամտի, վեր­ար­­տադրության, կուտակման և սպառման հարցերը, արտադրության տեխնիկական զար­գացման կառավարում վերջնական արդյունքներով, երկրորդային ռեսուրսների օգ­տագործում (Ա.Մխիթարյան), շահեր և նյութական շահագրգռվածություն (Մ.Քոթան­յան), ընդերքի երկրաբանական տնտեսական գնահատում, նյութական ռեսուրսների օգ­տա­գործման կառավարում (Բ.Սելվինազյան), գիտություն-ար­տադրու­թյուն կապի փոխ­ազ­դեցություն (Գ.Խանիկյան) և այլն։

Ինստիտուտի թեմատիկան համահունչ էր միության առաջատար կենտրոնների հետազոտական նոր ուղղություններին։ 1960-ականներին մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ մշակվում են ՀՍՍՀ տնտեսության ամփոփ ցուցանիշների հեռանկարային տարբերակներ, ինչպես նաև հիմնական ֆոնդերի և արտադրական կարողությունների օպտիմալ օգտագործման տնտեսագիտական մաթեմատիկական մոդել (Վ.Դադայան, Ա.Հա­րությունյան, Ս.Սուքիասյան), իսկ 70-ական թվականներից գիտության էկոնոմի­կայի հարցերը (Մ.Քոթանյան, Յու.Մաթևոսով, Ա.Մխիթարյան)։

ՀՍՍՀ ԿՎՎ և ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի համատեղ աշխատանքով (գիտ. ղեկ. Շ.Մարգարյան) կազմվել են հանրապետության առաջին միջճյուղային հաշվե­կշիռները, դրանց գիտական ու գործնական արդյունքները՝ ամփոփելով «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը» (1970) մենագրության մեջ։ Առաջին անգամ իրականացվում է հանրապետության հողային ֆոնդի տնտեսական գնահատում (Ն.Մանասերյան, Կ.Պոսոշնիկովա, Լ.Ադամյան)։ Վերանայվում են մի շարք դրույթներ, որոնք չէին արտահայտում տնտեսության իրական վիճակը և առաջարկվում նոր լու­ծում­ներ՝ կապված կոլտնտեսություններում դիֆերենցիալ ռենտայի ձևավորման և իրաց­ման պայմանների հետ։

Ինստիտուտի հետազոտական մյուս ոլորտներից են ժողովրդագրության և զբաղ­վածության քաղաքականության մշակման, բնակչության և աշխատանքային ռեսուրս­ների կառավարման փոփոխությունների և կանխատեսման հարցերը։ 1968ին Մոսկվա­յում հրատարակվում է «Բնակչության ընդլայնված վերարտադրությունը և աշ­խա­տան­քա­յին ռեսուրսների օգտագործումը 1966-1985թթ. Հայկական ՍՍՀ–ում» կոլեկտիվ եռա­հատոր աշխատությունը (Վ.Խոջաբեկյանի ղեկավարությամբ)։ Տվյալ հիմնահարցի վերա­բերյալ Հայաստանի և ԳԴՀ գիտությունների ակադեմիաների միջև կնքված երկկողմ հա­մա­ձայնագրով 1976-80թթ. ծավալվեց բեղմնավոր գիտահետազոտական աշխատանք, որի արդյունքներն արժանացան երկու ակադեմիաների բարձր գնահատականին և հրա­տարակվեցին գերմաներեն ու ռուսերեն։ Ժողովրդագրության խնդիրները շարու­նակվել են նաև նորագույն ժամանակներում՝ ինստիտուտի թեմատիկայում դառնալով քաղա­քա­կենտրոնացման, էթնոժողովրդագրության, բնակչության շարժի, աշխատանքի շուկա­յի և զբաղվածության պետական կարգավորման վերաբերյալ նոր մշակումների համար:

Սոցիալ-ժողովրդագրական և պատմական զարգացման առանձնահատկություն­ների բացահայտման ու գնահատման հիման վրա կանխատեսվել է Հայաստանի բնակ­չու­թյան ժողովրդագրական պատկերը երկարատև հեռանկարի տարբեր փուլերի հա­մար։ Դրանք, մասնավորապես ընդգրկում են 1966-1985թթ., 1971-2000թթ. և 1979-2015թթ. ժամանակահատվածները։

1970-ական թվականների վերջերին հետազոտություններ կատարվեցին հանրա­պե­տության սոցիալ–տնտեսական համալիրի զարգացման հիմնահարցերի մշակման ուղղությամբ։ Հիմնավոր առաջարկություններ արվեցին ժողովրդական տնտեսության պլանավորման ավանդական համակարգից նպատակային համալիր ծրագրերի մշակ­ման համակարգին անցում կատարելու մասին։

80-ական թվականներին մի շարք ելակետային դրույթների հիման վրա գիտակա­նորեն լուսաբանվել են այնպիսի հասարակական, տնտեսագիտական կատեգորիաներ, օրենքներ, հասկացություններ, ինչպիսիք են արտադրողական ուժերը և արտադրական հարաբերությունները, հակամարտ և ոչ հակամարտ հասկացությունները, նյութական շահերը և նյութական շահագրգռվածությունը, ապրանքադրամային հարաբերություն­ները և այլն։ Քննարկվել են գիտատեխնիկական առաջընթացի տնտեսական հիմնահար­ցերը։ Այս իմաստով հիշարժան է Մ.Քոթանյանի, որը տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն էր 1987ից, «Գիտատեխնիկական հեղափոխությունը և տնտեսագիտության տեսու­թյունը» (ռուս., 1988) մենագրությունը։

1990-ական թվականներին Հայաստանը դիմորոշվեց դեպի շուկայական տնտե­սաձևը։ Հետազոտություններ են կատարվել շրջանների տնտեսական ինքնուրույնության կառավարման, կանխատեսվել են տնտեսության զարգացման հիմնական ուղղու­թյուն­ները՝ դրանք դիտելով որպես երկրի տնտեսական անվտանգության կարևոր ռազմա­վարություն։ Առաջարկվել են Սևանա լճի ավազանի տարածաշրջանի սոցիալտնտե­սական զարգացման հիմնական ուղղությունների, էկոլոգատնտեսական հիմնահարցերի մշակման, էներգախնայող միջոցառումներ, նշվել են էներգիայի այլընտրանքային արդ­յունքների արդյունավետ օգտագործումը բարձրացնելու ուղիները։ Մշակվել են տուրիզ­մի ինդուստրիայի ստեղծման հանձնարարականներ (Ռ.Իսախանով)։ Վերլուծվել են բարե­փոխումների ռազմավարության և տակտիկայի հարցերը, հիմնավորվել են հան­րապետության ազգային էկոնոմիկայի ստեղծման, անկախության և ազգապահպա­նու­թյան ռազմավարական ուղղությունները, շուկայական էկոնոմիկայի պետական վերա­հսկման և կարգավորիչ դերի, քաղաքակիրթ շուկա ձևավորելու անհրաժեշտու­թյունը (Մ.Քոթան­յան, Վ.Խոջաբեկյան)։

Քննական վերլուծության են ենթարկվել ագրարային արմատական վերակա­ռուցումների նախնական արդյունքները, մշակվել են նաև Հայաստանի ագրոարդյու­նա­բերական համալիրի հակաճգնաժամային միջոցառումների և սոցիալտնտեսական զար­գացման հիմնադրույթները։ Ուսումնասիրվել են հանրապետության գիտատեխնի­կա­կան ներուժի զարգացման և օգտագործման, ինովացիոն գործունեության, արտաքին տնտե­սական կապերի զարգացման և կատարելագործման հիմնահարցերը (Գ.Խանիկ­յան, Թ.Թո­րոսյան, Հ.Ֆահրադյան)։ Ինստիտուտի հետազոտական գործունեության հա­մար բնո­րոշ դարձան ամբողջատիրական էկոնոմիկայից շուկայականին անցման գործ­ըն­թաց­ները։ Մ.Քոթանյանի «Շուկայական էկոնոմիկա» (1998) մենագրության մեջ քննու­թյան են առնվում բարեփոխումների ռազմավարության և տակտիկայի, հիմնա­վորվում են հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման, ազգային տնտեսական մոդելի ստեղծման, անկախության ու ազգապահպա­նության ռազմավարական ուղղությունները։

Հետազոտվել են Հայաստանի հանքային հումքի և հանքարդյունաբերության էկո­նոմիկայի առանձին ոլորտներ, մշակվել են առավելապես դեպի տեղական հանքահում­քային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը վերակողմնորոշելու հնարավոր ուղ­ղությունները, հիմնախնդիրների հետազոտության շրջանակներում տրվել են ՀՀ ոչ մե­տա­ղական օգտակար հանածոներից մի քանիսի օգտագործման արդյունավետության բարձ­րացման ուղղությունները (Հ.Ավագյան)։Հայաստանի էներգետիկայի զարգացման տնտեսագիտական հիմնահարցերի ուսումնասիրությամբ տրվել է ՀՀ վառելիքա­էներգետիկ համալիրի և նրա բաղկացուցիչ մասը կազմող էլեկտրաէներգետիկ, ջերմա­մատակարարման և վառելիքամատակարարման համակարգերի զարգացման հիմնա­կան մեթոդները, ճյուղի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները (Դ.Ար­­շակ­յան)։ Ուսումնասիրվել են հարկաբյուջետային քաղաքականության սկզբունք­ները և դրանց կիրառումը ՀՀ–ում, ինվեստիցիոն շուկայի ձևավորման և բազմաթիվ այլ հիմնախնդիրներ (Ս.Պողոսյան, Ի.Հակոբյան)։

2000թթ. ինստիտուտի գործունեությունը նշանավորվեց տնտեսագիտական հիմնախնդիրների հետազոտվող և նոր ուղղություններով։ Հայաստանի բնակչության աճի և տեղաշարժերի օրինաչափություններին է նվիրված Վ.Ե.Խոջաբեկյանի «Հայաս­տանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը . XIX XX դարերում XXI դարի շեմին» մենագրությունը (2002թ.)։

2007ից ինստիտուտի տարեգրության մեջ սկսվում է մի նոր շրջափուլ, երբ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ճյու­ղային տարբեր ենթակայության (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ու գյուղա­տնտեսության նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն) երեք գիտահետազոտական ինստիտուտները՝ «Տնտեսա­գիտական հետա­զոտությունների ինստիտուտ», «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազո­տա­կան ինստիտուտ», «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պե­տական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել և միացնել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։Ինստիտուտի տնօրինությունը ստանձնեց Վ.Հարու­թյունյանը։ Սկսվեց բարդ ու դժվարին գործընթաց՝ կապված միացյալ ինստիտուտի նոր կոլեկտիվի, նորացված գիտական խորհրդի, գիտական նոր ուղղությունների, ինչպես նաև ինս­տի­տուտի գիտակազմակերպչական նոր կառուցվածքի ձևավորման հետ։

Ինստիտուտում համակարգված ուսումնասիրությունների առարկա է դարձել հար­կային համակարգը՝ հետազոտական տարբեր խմբերի կողմից ուշադրության առնե­լով նրա տարբեր շերտերը (ղեկ. Վ.Հարությունյան)։Ուշագրավ է «Հարկեր և հարկա­գանձում» աշխատությունը (հեղ. Վ.Հարությունյան, Դ.Հարությունյան, Տ.Հարությունյան)։ Նրանում, ըստ էության, կատարվում են ՀՀ հարկային օրենսդրության ընթերցումներ՝ կոնկրետացված ազգային տնտեսության տեսադաշտի վրա իրականության հետ համա­դրման, պարզաբանումների և միջազգային փորձի հաշվառման առումներով։ Ֆի­նան­սա­կան հիմնախնդիրներն իրենց վերլուծական խորացումներն են ստացել հա­մայնքների սոցիալտնտեսական զարգացման, ֆինանսական համահարթեցման, հարկ­ման արտերկ­րյա մոտեցումների և ՀՀ-ում դրանց կիրառման հնարավորությունների մա­սին հրատա­րակ­ված աշխատություններում։

Ինստիտուտի ուսումնասիրությունների մի բաժինն էլ վերաբերում է համաշխար­հային ֆինանսատնտեսական ճգնաժամի խնդիրներին։ Այս ուղղությամբ Վ.Հարու­թյուն­յանի «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ» (2009), Վ.Հարությունյանի և Վ.Խա­չատրյանի «Ճգնաժամ. մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում», (2009) առաջին մենագրություններն են, որոնցում ուսումնասիրելով ՀՀ տնտեսության մեջ մակրոտնտեսական քաղաքականության առանձին մեխանիզմների և գործիքների կի­րարկ­ման առանձնահատկությունները և տնտեսական հիմնահարցերի առկա վի­ճակը, գնահատվել է դրանց հետագա զարգացման միջոցառումներն ու հեռանկարները։

Վ.Հարությունյան, Ա.Թամազյան, Ն.Հայրապետյան հետազոտական խումբը ար­տա­հանման աճը քննության է ենթարկում տնտեսության մասնագիտացման հետ ունե­ցած կապերի մեջ։ Դիտարկվում են ներդրումային ու արժութային փոխանակության, ինս­­տիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հարցերը, ուրվագծում ՀՀ ար­տա­քին տնտեսական գործունեության քանակական ու որակական բնութագրիչներն ու միտումները։

Հետազոտություններ են կատարվել մարդկային կա­պի­տալի, ապագա մարդ­կա­յին հասարակության էության բնու­թագրման ու ձևավորման, գիտու­թյան դերի վերա­բեր­յալ (Բ.Եղիազարյան)։ Անդրադառնալով մարդկային կապիտալ հասկա­ցության էությանը, որն առնչվում է երևույթների տարբեր տեսանկյունների հետ, ինչը կարող է հնարավորություն տալ հասկանալու արդի տնտեսա­կան փոխակերպու­թյուն­ները, սահմանազատվում են մարդ­­­կային ռեսուրս, կադրային ռեսուրս, կադ­րային կապի­տալ, մարդկային ներուժ, մարդկային զար­գացում հաս­կա­ցությունները։ Մարդկային հա­սա­րա­կու­թյան, այսպես կոչված, անշեղ զար­գացման տնտեսա­գի­տա­կան օրենքի գործո­ղությունը, մարդկության սոցիա­լական ու բարո­յական կատա­րելա­գործման իրական միջոցները կապ­վում են գիտության հետ։ Իսկ վերջինս պայ­մա­նավորված է գործող կրթական համա­կարգով։ Եվ, որպես զարգաց­ման և տնտե­սական աճի վե­րաբերյալ նոր համա­կարգի մշակման անդրադարձ պիտի դիտել «Գի­տա­կրթական համակարգը և տնտե­սական զարգացումը» հեղինակային կոլեկտիվի (հեղ. Յու.Սու­վար­­յան, Վ.Հարու­թյունյան, Վ.Սար­գս­յան, Վ.Խաչատր­յան) (2011), «Գիտակրթական հա­մա­կարգի կառա­վար­ման ռազմավարությունը» (2013), (հեղ. Յու.Սուվարյան, Վ.Հարությունյան, Վ.Սար­գս­յան, Վ.Խա­չա­տ­րյան), Յու.Սուվարյանի «Տնտեսագիտություն, գիտու­թյուն, կրթու­թյուն» (2014) ուսումնա­սիրություն­նե­րը։ Կա­ռա­վարչական մտքի պատմության հար­ցերն են դի­տարկ­վում Յու.Սուվարյանի և Վ.Միր­զոյանի «Հանրա­յին կառա­վար­ման տեսություն և պատմություն» (2013) աշխատության մեջ։

Ինստիտուտում վերջին տարիների ձեռնարկումներից են տնտեսագիտական մտքի ընդհանուր պատմությանը և հայ տնտեսագիտական մտքի պատմությանը վե­րա­բե­րող ուսումնասիրությունները (Վ.Հարությունյան, Ռ.Սարինյան, Մ.Աղայան, Լ.Հա­րութ­յունյան)։Ծրագրային այդ իրացումներից է «Նշանավոր տնտեսագետների տողանը. գիտակենսագրական ուրվագծեր» երկհատորյակը (2009, 2012),  որն արտահայտում է համաշ­խարհային տնտեսագիտական մտքի հետագիծը նշաձողերի և դպրոցների հաջոր­դա­փոխության մեջ։ Նմանատիպ մի փորձ է նաև «Հայ տնտեսագետներ» (2010) աշ­խա­տու­թյունը։ Այն, ըստ էության, հայ տնտեսագիտական մտքի պատմության ուղեցույց է անձ­նականացված նրանում ընդգրկված անունների գիտակենսագրական ուրվագծերի ձևով. XIX դարի կեսերից մինչև այժմ։ Այդ շարքին են պատկանում «Էջեր հայ տնտեսա­գի­տա­կան մտքի պատմությունից» (2011) և «Արդի հայ տնտեսագիտական տեսություն» (2011) աշխատությունները։

«Հայ տնտեսագիտական մտքի հիմնական հոսանքները» (2013), «Ուր­վագիծ արդի հայ տնտե­սագիտական մտքի պատ­մության. երկու գրքով» (հեղ.Ռ.Սարինյան), «Բախշի Իշ­խանյան (տնտեսագիտական հա­յացքները)» (2015), (հեղ. Ռ.Սարինյան, Ա.Թադևոս­յան) աշխատությունները։

Տնտեսության իրական հատվածի ուսումնա­սիրու­թյուն­­ներն ընդգրկում են ՀՀ գյու­ղատնտեսական արտա­դրու­թյունը, լեռնահանքային արդյու­նաբերությունը, ար­տա­քին տնտեսա­կան կապերի ոլորտները, որոնց վերա­բեր­յալ հրատարակվել են Ս.Ղազար­յանի և Է.Ղազարյանի «Փոքր և միջին ձեռնար­կա­տիրության զար­գացման ու պե­տա­կան աջակ­ցության համալիր միջոցառումների իրա­կա­նա­­ցումը ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան ոլորտում» (2012), Ա.Բա­յադյանի «ՀՀ գյուղատնտեսական արտադրության զար­գաց­ման հիմնա­խնդիրները և դրանց լուծման ուղի­ները» (2013), Ա.Զատիկյանի և Ա.Դանիելյանի «ՀՀ փոքր և միջին ձեռնար­կու­թյունների գործունեության կարգավոր­ման ուղիները ֆի­նան­սատնտեսական ճգնաժամի պայ­ման­ներում« (2014), Հ.Ավագ­յանի «Լեռնա­հան­քա­յին և մե­տա­­լուրգիա­կան արդյունաբերություն­ների զար­գաց­ման ուղիներն ու հեռանկարները Հայաս­տանի Հան­րապե­տու­թյու­նում (2011), նույնի «ՀՀ լեռնահանքային արդյունաբե­րու­թյան հանքահարստացման թափոնների և դրանց էկո­լոգիական հետևանքների գնա­հատումը» (2013), նույնի «ՀՀ հանքավայրերում առկա պիրիտ հան­­քանյութի և դրա հարակից բաղադրիչների փոշիացումը կանխելու ուղի­ներն ու հեռանկարները» (2014) մենագրա­կան աշ­խա­տանք­ները, «Հայաս­տանի և Եվ­րա­­միության միջև առև­տրա­տնտե­սական կա­պերի կատարելագործումը» (2010) և «Հայաս­տանը և Թուրքիան տարա­ծա­շրջա­նային տնտե­սական ինտեգրման գործ­ընթաց­ներում» (2012) ժողովա­ծուները և բազ­մաթիվ հոդվածներ։ Դրանցում.

  • գյուղատնտեսության զարգացման համար կա­րևոր­­­վում է փոքր և միջին ձեռ­նար­­կատի­րության զար­գացումը։ Հիմ­նա­վորելով վերանայել և հստակեց­նել Հա­յաս­տանում փոքր և միջին ձեռնարկությունների սուբ­յեկտ­ների դասա­կարգման գոր­ծող չափանիշները՝ ոլորտի համար կատար­վում են առաջար­կություններ (կոոպե­րա­ցիայի տարբեր ձևերի կի­րառում, արտադրության գոտիա­կան մաս­նա­գի­տացում, ինստի­տուցիոնալ կառուց­վածք­ների ստեղ­ծում, տեղերում ագրո­վե­րա­մշակման ուղղ­վա­ծու­թյան ձեռնար­կա­տիրության խթա­նում, ներ­քին շու­կա­յի և տեղական արտա­դրողների շահերի պաշտպա­նու­թյանն ուղղված մաք­սա­տուր­քերի դրույքաչափերի վե­րա­նայում և այլն), որոնք իրենց հե­տևանք­ների մեջ բարերար ազդեցություն կունենան հանրա­պետության տնտեսա­կան աճի վրա,
  • լեռնահանքային արդյունաբերության ոլորտի թեմատիկ ընդգրկումներն ուղղ­ված էին ՀՀ մետաղական օգտակար հանածոների գնահատմանն ըստ մար­զերի, իսկ Սոտքի և Մեղ­րաձորի հանքերի գծով, համապա­տաս­խան հաշ­վարկ­­ներով, տրվել են նաև ազնիվ մետաղ­ների կորզման և դրանց հետևան­քով միջա­վայր թափված ծանր մետաղ­ների և թունահարույց տարրերի քանակները և դրանց վտանգավոր էկոլո­գիական հետևանքների գնա­հա­տա­կան­ները,
  • վերլուծվել են Հայաստան-Եվրամիություն, Հայաս­տան-Թուրքիա առև­տրա­­տնտե­սական կապերը, որոնք որո­­շակի պայմաններում օգտակար են դիտվում հան­­րա­պե­տու­թյան համար Եվրամիության և տարածա­շրջա­նային ինտեգրմանը։

Տնտեսական կապերի գլոբալացման արդի պայմաններում, տնտեսության արտաքին հավասարակշռության և վճարային հաշվեկշիռների, տարադրամի փոխարժեքի կարգակար­­գա­վորման հարցերը դարձել են պետության մակրո­տնտե­սական քաղա­քականության առաջնային նպա­տակ­ներից։ Դ.Հարու­թյուն­յանի «Հայաստանի Հան­րապետության վճա­րային հաշվեկշռի կառա­վարման հիմնա­խնդիրները» (2012), «Վճա­րային հաշվեկշռի պետական կարգավոր­ման հիմնախնդիրները և դրանց լուծ­ման ուղիները Հա­յաս­տա­նի Հան­րա­պետու­թյունում» (2013), Թ.Մանա­սեր­յանի «Տնտեսական անվտան­գու­թյուն. Ռազմա­վարական ուրվագծեր» (2014), Ա.Բայադյանի և Հ.Մարկոսյանի «Պե­տական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում» («Գիտություն» հրատ., 2015) աշխատու­թյուններն այդ ոլորտի վերաբերյալ առա­ջին համա­կարգված ուսումնասիրու­թյուն­­ներն են, որոն­ցում հայտա­րարի է բերվում խնդիրն ինչպես իր պատ­մության, այնպես էլ նրա հետագա կատարելա­գործման առում­ներով։ Մենագրու­թյուն­ներն ինքնին ընդլայնում են խնդրի տա­րողությունը՝ վճա­րային հաշվեկշռի ձևավո­րում, պետական պարտքի կար­գավորում, մակ­րո­տնտե­սա­կան ցուցա­նիշների ազ­դե­ցություն, արտահանման և ներ­մուծման միջև հարաբերակ­ցության բա­րե­լավ­ման հնա­րա­վո­րություններ՝ համապատասխան շառավիղ­նե­րով։

Ինստիտուտը ձեռնարկել է «Հայ  ժողովրդի ժո­ղովրդագրական և նյութական կո­րուստ­ները ցեղա­սպա­նության ընթացքում և դրանց հատուցման հիմնա­խնդիր­ները» հե­տազոտու­թյու­նը՝ հրապարակելով գիտական հոդ­վածների նույնանուն ժողովածուն (2015):

Ինստիտուտը լույս է ընծայել Ա.Բայադյանի «Տնտե­սագիտական բառարանը» (2014), որը օգ­տակար ուղեցույց կա­րող է ծառայել ինչպես գործարար ոլորտի աշխա­տող­ների, այնպես էլ ուսանողների և դասախոսների համար։

Ինստիտուտի գիտական թեմաների կիրառական մշա­­­կում­­ների արդյունք­ները եզ­րա­կացու­թյունների և առա­­ջար­կու­­թյուն­ների ձևով պարբերաբար ներկայացվել է հանրա­պե­տության կառավարման տարբեր մարմին­ներին։

Վերջին տարիներին ինստիտուտում հրատա­րակ­չա­կան գործի կազմա­կեր­պումը դրվել է նոր հիմքերի վրա։ Հրա­տա­րակչական պլանների աշխա­տանք­ները ստանում են իրենց իրացումները, իսկ պարբերաբար կազմա­կերպվող «Սոցիալ-տնտեսական զար­գացման ար­դի հիմնախնդիրները Հայաս­տանի Հան­րապետու­թյու­նում» գիտաժո­ղով­ների նյութերի ժողո­­­վա­ծու­ները՝ մակ­րոտնտե­սա­կան հիմնախնդիրներ և ֆինանս­­­ներ, տնտե­սության իրական հատ­ված, ծա­ռա­յու­թյուն­ների ոլորտի զարգա­ցում և սոցիալ-ժո­ղովրդա­գրու­թյուն, տեսական հե­տազոտություններ և տնտեսա­գի­տա­կան մտքի պատմու­թյուն ընդգրկուն բա­ժանումներով հարցերը հանրապե­տու­թյան տնտե­սագետ մտա­վորականության համար դարձել են հետա­զոտությունների արդ­յունք­ների հրատա­րա­կության հանդես­ներ։