ՀՀ ԳԱԱ Մ.ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ
ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի համակարգում ստեղծված տնտեսագիտական սեկտորը Հայաստանում տնտեսագիտության ուղղությամբ գիտահետազոտական բնույթի առաջին կառույցն էր, որը 1943 թվականին ընդգրկվեց Հայաստանի նորաստեղծ Գիտությունների ակադեմիայի կազմում։ 1955-ին սեկտորը վերակազմավորվեց տնտեսագիտության ինստիտուտի (տնօրեն՝ Ա.Մարուխյան), իսկ 1999թ. անվանակոչվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Քոթանյանի անվամբ։
Ինստիտուտն ուներ երեք բաժիններ՝ քաղաքատնտեսության և ժողովրդական տնտեսության պատմության, արդյունաբերության էկոնոմիկայի և գյուղատնտեսության էկոնոմիկայի։ Ինստիտուտում կատարվող աշխատանքները հիմնականում վերաբերում էին ճյուղային տնտեսագիտության հարցերին։ Միաժամանակ նշանակալից արդյունքների ինստիտուտը հասավ նաև Հայաստանի տնտեսական պատմության և հայ տնտեսագիտական մտքի պատմության հետազոտության բնագավառում։ Պարբերացվել է XIX-XX դարերի Հայաստանի տնտեսական պատմությունը, տրվել հողային հարաբերությունների և տնտեսության մյուս ճյուղերի, ֆինանսների, բնակչության և նրա սոցիալական կազմի վերլուծությունը (Մ.Ադոնց, Հ.Թումանյան, Մ.Եգանյան, Լ.Անանյան)։ Հրատարակվել են հայ տնտեսագիտական մտքի պատմության առանձին շրջաններն ընդգրկող աշխատություններ, ուրվագծվել տնտեսագիտական մտքի հիմնական ուղղությունները (Ս.Զուրաբյան, Ն.Թովմասյան, Մ.Գրիգորյան)։
1960 թվականին ինստիտուտի տնօրեն է նշանակվում Ա.Առաքելյանը։ Ինստիտուտի համար սկսվում է նոր շրջան՝ հետազոտական գործունեության, նոր մշակումների և գիտական կադրերի պատրաստման առումներով։ Կազմակերպվում են տնտեսական կապերի համալիր պրոբլեմների և կապիտալ ներդրումների արդյունավետության ու արդյունաբերության տեղաբաշխման բաժինները, տնտեսավիճակագրական լաբորատորիան։ Հրատարակվեցին Ա.Առաքելյանի սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսության հարցերին նվիրված աշխատություններ։ 1964-65թ.-ին ստեղծվում են տնտհաշվարկի և նյութական շահագրգռվածության, իսկ այնուհետև տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մեթոդների կիրառման բաժինները։ Վերափոխվեց բաժինների թեմատիկան։ Ինստիտուտի գործունեությունը ստացավ ծրագրային ուղղվածություն՝ երկարատև ժամանակի կտրվածքով։ Տնտեսագիտական հետազոտությունների որոնումների առանցքը դարձավ հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրները, լույս տեսան բազմաթիվ աշխատություններ՝ առաջադրույթի տեսության ու կիրառական բազմաթիվ կողմերի արծարծումներով. հիմնական ֆոնդերի վերարտադրություն և արդյունավետություն, գիտատեխնիկական առաջընթաց՝ կառավարում և խթանում, տնտեսական հաշվարկ (Ա.Առաքելյան, Մ.Քոթանյան, Ռ.Միրզոյան, Լ.Անանյան), կապիտալ ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատում (Բ.Եղիազարյան), տրանսպորտի զարգացման հիմնախնդիրներ (Կ.Խուրշուդյան)։
Հետագայում ուսումնասիրվեցին ազգային հարստության, ազգային եկամտի, վերարտադրության, կուտակման և սպառման հարցերը, արտադրության տեխնիկական զարգացման կառավարում՝ վերջնական արդյունքներով, երկրորդային ռեսուրսների օգտագործում (Ա.Մխիթարյան), շահեր և նյութական շահագրգռվածություն (Մ.Քոթանյան), ընդերքի երկրաբանական տնտեսական գնահատում, նյութական ռեսուրսների օգտագործման կառավարում (Բ.Սելվինազյան), գիտություն-արտադրություն կապի փոխազդեցություն (Գ.Խանիկյան) և այլն։
Ինստիտուտի թեմատիկան համահունչ էր միության առաջատար կենտրոնների հետազոտական նոր ուղղություններին։ 1960-ականներին մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ մշակվում են ՀՍՍՀ տնտեսության ամփոփ ցուցանիշների հեռանկարային տարբերակներ, ինչպես նաև հիմնական ֆոնդերի և արտադրական կարողությունների օպտիմալ օգտագործման տնտեսագիտական մաթեմատիկական մոդել (Վ.Դադայան, Ա.Հարությունյան, Ս.Սուքիասյան), իսկ 70-ական թվականներից գիտության էկոնոմիկայի հարցերը (Մ.Քոթանյան, Յու.Մաթևոսով, Ա.Մխիթարյան)։
ՀՍՍՀ ԿՎՎ և ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի համատեղ աշխատանքով (գիտ. ղեկ. Շ.Մարգարյան) կազմվել են հանրապետության առաջին միջճյուղային հաշվեկշիռները, դրանց գիտական ու գործնական արդյունքները՝ ամփոփելով «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը» (1970) մենագրության մեջ։ Առաջին անգամ իրականացվում է հանրապետության հողային ֆոնդի տնտեսական գնահատում (Ն.Մանասերյան, Կ.Պոսոշնիկովա, Լ.Ադամյան)։ Վերանայվում են մի շարք դրույթներ, որոնք չէին արտահայտում տնտեսության իրական վիճակը և առաջարկվում նոր լուծումներ՝ կապված կոլտնտեսություններում դիֆերենցիալ ռենտայի ձևավորման և իրացման պայմանների հետ։
Ինստիտուտի հետազոտական մյուս ոլորտներից են ժողովրդագրության և զբաղվածության քաղաքականության մշակման, բնակչության և աշխատանքային ռեսուրսների կառավարման փոփոխությունների և կանխատեսման հարցերը։ 1968ին Մոսկվայում հրատարակվում է «Բնակչության ընդլայնված վերարտադրությունը և աշխատանքային ռեսուրսների օգտագործումը 1966-1985թթ. Հայկական ՍՍՀ–ում» կոլեկտիվ եռահատոր աշխատությունը (Վ.Խոջաբեկյանի ղեկավարությամբ)։ Տվյալ հիմնահարցի վերաբերյալ Հայաստանի և ԳԴՀ գիտությունների ակադեմիաների միջև կնքված երկկողմ համաձայնագրով 1976-80թթ. ծավալվեց բեղմնավոր գիտահետազոտական աշխատանք, որի արդյունքներն արժանացան երկու ակադեմիաների բարձր գնահատականին և հրատարակվեցին գերմաներեն ու ռուսերեն։ Ժողովրդագրության խնդիրները շարունակվել են նաև նորագույն ժամանակներում՝ ինստիտուտի թեմատիկայում դառնալով քաղաքակենտրոնացման, էթնոժողովրդագրության, բնակչության շարժի, աշխատանքի շուկայի և զբաղվածության պետական կարգավորման վերաբերյալ նոր մշակումների համար:
Սոցիալ-ժողովրդագրական և պատմական զարգացման առանձնահատկությունների բացահայտման ու գնահատման հիման վրա կանխատեսվել է Հայաստանի բնակչության ժողովրդագրական պատկերը երկարատև հեռանկարի տարբեր փուլերի համար։ Դրանք, մասնավորապես ընդգրկում են 1966-1985թթ., 1971-2000թթ. և 1979-2015թթ. ժամանակահատվածները։
1970-ական թվականների վերջերին հետազոտություններ կատարվեցին հանրապետության սոցիալ–տնտեսական համալիրի զարգացման հիմնահարցերի մշակման ուղղությամբ։ Հիմնավոր առաջարկություններ արվեցին ժողովրդական տնտեսության պլանավորման ավանդական համակարգից նպատակային համալիր ծրագրերի մշակման համակարգին անցում կատարելու մասին։
80-ական թվականներին մի շարք ելակետային դրույթների հիման վրա գիտականորեն լուսաբանվել են այնպիսի հասարակական, տնտեսագիտական կատեգորիաներ, օրենքներ, հասկացություններ, ինչպիսիք են արտադրողական ուժերը և արտադրական հարաբերությունները, հակամարտ և ոչ հակամարտ հասկացությունները, նյութական շահերը և նյութական շահագրգռվածությունը, ապրանքադրամային հարաբերությունները և այլն։ Քննարկվել են գիտատեխնիկական առաջընթացի տնտեսական հիմնահարցերը։ Այս իմաստով հիշարժան է Մ.Քոթանյանի, որը տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն էր 1987ից, «Գիտատեխնիկական հեղափոխությունը և տնտեսագիտության տեսությունը» (ռուս., 1988) մենագրությունը։
1990-ական թվականներին Հայաստանը դիմորոշվեց դեպի շուկայական տնտեսաձևը։ Հետազոտություններ են կատարվել շրջանների տնտեսական ինքնուրույնության կառավարման վերաբերյալ, կանխատեսվել են տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները՝ դրանք դիտելով որպես երկրի տնտեսական անվտանգության կարևոր ռազմավարություն։ Առաջարկվել են Սևանա լճի ավազանի տարածաշրջանի սոցիալտնտեսական զարգացման հիմնական ուղղություններ և էկոլոգատնտեսական հիմնահարցերի մշակման համակարգեր, նախագծվել են էներգախնայող միջոցառումներ, նշվել են էներգիայի այլընտրանքային արդյունքների արդյունավետ օգտագործման բարձրացման ուղիներ։ Մշակվել են տուրիզմի ինդուստրիայի ստեղծման հանձնարարականներ (Ռ.Իսախանով)։ Վերլուծվել են բարեփոխումների ռազմավարության և տակտիկայի հարցերը, հիմնավորվել են հանրապետության ազգային էկոնոմիկայի ստեղծման, անկախության և ազգապահպանության ռազմավարական ուղղությունները, շուկայական էկոնոմիկայի պետական վերահսկման և կարգավորիչ դերի, քաղաքակիրթ շուկա ձևավորելու անհրաժեշտությունը (Մ.Քոթանյան, Վ.Խոջաբեկյան)։
Քննական վերլուծության են ենթարկվել ագրարային արմատական վերակառուցումների նախնական արդյունքները, մշակվել են նաև Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի հակաճգնաժամային միջոցառումների և սոցիալտնտեսական զարգացման հիմնադրույթները։ Ուսումնասիրվել են հանրապետության գիտատեխնիկական ներուժի զարգացման և օգտագործման, ինովացիոն գործունեության, արտաքին տնտեսական կապերի զարգացման և կատարելագործման հիմնահարցերը (Գ.Խանիկյան, Թ.Թորոսյան, Հ.Ֆահրադյան)։ Ինստիտուտի հետազոտական գործունեության համար բնորոշ դարձան ամբողջատիրական էկոնոմիկայից շուկայականին անցման գործընթացները։ Մ.Քոթանյանի «Շուկայական էկոնոմիկա» (1998) մենագրության մեջ քննության են առնվում բարեփոխումների ռազմավարությունը և տակտիկան, հիմնավորվում են հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման, ազգային տնտեսական մոդելի ստեղծման, անկախության ու ազգապահպանության ռազմավարական ուղղությունները։
Հետազոտվել են Հայաստանի հանքային հումքի և հանքարդյունաբերության էկոնոմիկայի առանձին ոլորտներ, մշակվել են առավելապես դեպի տեղական հանքահումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը վերակողմնորոշելու հնարավոր ուղղությունները, հիմնախնդիրների հետազոտության շրջանակներում տրվել են ՀՀ ոչ մետաղական օգտակար հանածոներից մի քանիսի օգտագործման արդյունավետության բարձրացման ուղղությունները (Հ.Ավագյան)։Հայաստանի էներգետիկայի զարգացման տնտեսագիտական հիմնահարցերի ուսումնասիրությամբ տրվել է ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի և նրա բաղկացուցիչ մասը կազմող էլեկտրաէներգետիկ, ջերմամատակարարման և վառելիքամատակարարման համակարգերի զարգացման հիմնական մեթոդները, ճյուղի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները (Դ.Արշակյան)։ Ուսումնասիրվել են հարկաբյուջետային քաղաքականության սկզբունքները և դրանց կիրառումը ՀՀ–ում, ինվեստիցիոն շուկայի ձևավորման և բազմաթիվ այլ հիմնախնդիրներ (Ս.Պողոսյան, Ի.Հակոբյան)։
2000թթ. ինստիտուտի գործունեությունը նշանավորվեց տնտեսագիտական հիմնախնդիրների հետազոտությունների նոր ուղղություններով։
Հայաստանի բնակչության աճի և տեղաշարժերի օրինաչափություններին է նվիրված Վ.Ե.Խոջաբեկյանի «Հայաստանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը . XIX XX դարերում XXI դարի շեմին» մենագրությունը (2002թ.)։
2007ից ինստիտուտի տարեգրության մեջ սկսվում է մի նոր շրջափուլ, երբ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ճյուղային տարբեր ենթակայության (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն) երեք գիտահետազոտական ինստիտուտները՝ «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ», «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել և միացնել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։Ինստիտուտի տնօրինությունը ստանձնեց Վ.Հարությունյանը։ Սկսվեց բարդ ու դժվարին գործընթաց՝ կապված միացյալ ինստիտուտի նոր կոլեկտիվի, նորացված գիտական խորհրդի, գիտական նոր ուղղությունների, ինչպես նաև ինստիտուտի գիտակազմակերպչական նոր կառուցվածքի ձևավորման հետ։
Ինստիտուտում համակարգված ուսումնասիրությունների առարկա է դարձել հարկային համակարգը՝ հետազոտական տարբեր խմբերի կողմից ուշադրության առնելով նրա տարբեր շերտերը (ղեկ. Վ.Հարությունյան)։Ուշագրավ է «Հարկեր և հարկագանձում» աշխատությունը (հեղ. Վ.Հարությունյան, Դ.Հարությունյան, Տ.Հարությունյան)։ Նրանում, ըստ էության, կատարվում են ՀՀ հարկային օրենսդրության ընթերցումներ՝ կոնկրետացված ազգային տնտեսության տեսադաշտի վրա իրականության հետ համադրման, պարզաբանումների և միջազգային փորձի հաշվառման առումներով։ Ֆինանսական հիմնախնդիրներն իրենց վերլուծական խորացումներն են ստացել համայնքների սոցիալտնտեսական զարգացման, ֆինանսական համահարթեցման, հարկման արտերկրյա մոտեցումների և ՀՀ-ում դրանց կիրառման հնարավորությունների մասին հրատարակված աշխատություններում։
Ինստիտուտի ուսումնասիրությունների մի բաժինն էլ վերաբերում է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի խնդիրներին։ Այս ուղղությամբ Վ.Հարությունյանի «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ» (2009), Վ.Հարությունյանի և Վ.Խաչատրյանի «Ճգնաժամ. մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում», (2009) առաջին մենագրություններն են, որոնցում ուսումնասիրելով ՀՀ տնտեսության մեջ մակրոտնտեսական քաղաքականության առանձին մեխանիզմների և գործիքների կիրարկման առանձնահատկությունները և տնտեսական հիմնահարցերի առկա վիճակը, գնահատվել են դրանց հետագա զարգացման միջոցառումներն ու հեռանկարները։
Վ.Հարությունյան, Ա.Թամազյան, Ն.Հայրապետյան հետազոտական խումբը արտահանման աճը քննության է ենթարկում տնտեսության մասնագիտացման հետ ունեցած կապերի մեջ։ Դիտարկվում են ներդրումային ու արժութային փոխանակության, ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հարցերը, ուրվագծում ՀՀ արտաքին տնտեսական գործունեության քանակական ու որակական բնութագրիչներն ու միտումները։
Հետազոտություններ են կատարվել մարդկային կապիտալի, ապագա մարդկային հասարակության էության բնութագրման ու ձևավորման, գիտության դերի վերաբերյալ (Բ.Եղիազարյան)։ Անդրադառնալով մարդկային կապիտալ հասկացության էությանը, որն առնչվում է երևույթների տարբեր տեսանկյունների հետ, ինչը կարող է հնարավորություն տալ հասկանալու արդի տնտեսական փոխակերպությունները, սահմանազատվում են մարդկային ռեսուրս, կադրային ռեսուրս, կադրային կապիտալ, մարդկային ներուժ, մարդկային զարգացում հասկացությունները։ Մարդկային հասարակության, այսպես կոչված, անշեղ զարգացման տնտեսագիտական օրենքի գործողությունը, մարդկության սոցիալական ու բարոյական կատարելագործման իրական միջոցները կապվում են գիտության հետ։ Իսկ վերջինս պայմանավորված է գործող կրթական համակարգով։ Եվ, որպես զարգացման և տնտեսական աճի վերաբերյալ նոր համակարգի մշակման անդրադարձ պիտի դիտել «Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը» հեղինակային կոլեկտիվի (հեղ. Յու.Սուվարյան, Վ.Հարությունյան, Վ.Սարգսյան, Վ.Խաչատրյան) (2011), «Գիտակրթական համակարգի կառավարման ռազմավարությունը» (2013), (հեղ. Յու.Սուվարյան, Վ.Հարությունյան, Վ.Սարգսյան, Վ.Խաչատրյան), Յու.Սուվարյանի «Տնտեսագիտություն, գիտություն, կրթություն» (2014) ուսումնասիրությունները։ Կառավարչական մտքի պատմության հարցերն են դիտարկվում Յու.Սուվարյանի և Վ.Միրզոյանի «Հանրային կառավարման տեսություն և պատմություն» (2013) աշխատության մեջ։
Ինստիտուտում վերջին տարիների ձեռնարկումներից են տնտեսագիտական մտքի ընդհանուր պատմությանը և հայ տնտեսագիտական մտքի պատմությանը վերաբերող ուսումնասիրությունները (Վ.Հարությունյան, Ռ.Սարինյան, Մ.Աղայան, Լ.Հարությունյան)։Ծրագրային այդ իրացումներից է «Նշանավոր տնտեսագետների տողանը. գիտակենսագրական ուրվագծեր» երկհատորյակը (2009, 2012), որն արտահայտում է համաշխարհային տնտեսագիտական մտքի հետագիծը նշաձողերի և դպրոցների հաջորդափոխության մեջ։ Նմանատիպ մի փորձ է նաև «Հայ տնտեսագետներ» (2010) աշխատությունը։ Այն, ըստ էության, հայ տնտեսագիտական մտքի պատմության ուղեցույց է անձնականացված նրանում ընդգրկված անունների գիտակենսագրական ուրվագծերի ձևով. XIX դարի կեսերից մինչև այժմ։ Այդ շարքին են պատկանում «Էջեր հայ տնտեսագիտական մտքի պատմությունից» (2011) և «Արդի հայ տնտեսագիտական տեսություն» (2011) աշխատությունները։
«Հայ տնտեսագիտական մտքի հիմնական հոսանքները» (2013), «Ուրվագիծ արդի հայ տնտեսագիտական մտքի պատմության. երկու գրքով» (հեղ.Ռ.Սարինյան), «Բախշի Իշխանյան (տնտեսագիտական հայացքները)» (2015), (հեղ. Ռ.Սարինյան, Ա.Թադևոսյան) աշխատությունները։
Տնտեսության իրական հատվածի ուսումնասիրություններն ընդգրկում են ՀՀ գյուղատնտեսական արտադրությունը, լեռնահանքային արդյունաբերությունը, արտաքին տնտեսական կապերի ոլորտները, որոնց վերաբերյալ հրատարակվել են Ս.Ղազարյանի և Է.Ղազարյանի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ու պետական աջակցության համալիր միջոցառումների իրականացումը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում» (2012), Ա.Բայադյանի «ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» (2013), Ա.Զատիկյանի և Ա.Դանիելյանի «ՀՀ փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության կարգավորման ուղիները ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում« (2014), Հ.Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում (2011), նույնի «ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը» (2013), նույնի «ՀՀ հանքավայրերում առկա պիրիտ հանքանյութի և դրա հարակից բաղադրիչների փոշիացումը կանխելու ուղիներն ու հեռանկարները» (2014) մենագրական աշխատանքները, «Հայաստանի և Եվրամիության միջև առևտրատնտեսական կապերի կատարելագործումը» (2010) և «Հայաստանը և Թուրքիան տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործընթացներում» (2012) ժողովածուները և բազմաթիվ հոդվածներ։ Դրանցում.
- գյուղատնտեսության զարգացման համար կարևորվում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը։ Հիմնավորելով վերանայել և հստակեցնել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների սուբյեկտների դասակարգման գործող չափանիշները՝ ոլորտի համար կատարվում են առաջարկություններ (կոոպերացիայի տարբեր ձևերի կիրառում, արտադրության գոտիական մասնագիտացում, ինստիտուցիոնալ կառուցվածքների ստեղծում, տեղերում ագրովերամշակման ուղղվածության ձեռնարկատիրության խթանում, ներքին շուկայի և տեղական արտադրողների շահերի պաշտպանությանն ուղղված մաքսատուրքերի դրույքաչափերի վերանայում և այլն), որոնք իրենց հետևանքների մեջ բարերար ազդեցություն կունենան հանրապետության տնտեսական աճի վրա,
- լեռնահանքային արդյունաբերության ոլորտի թեմատիկ ընդգրկումներն ուղղված են ՀՀ մետաղական օգտակար հանածոների գնահատմանն ըստ մարզերի, իսկ Սոտքի և Մեղրաձորի հանքերի գծով, համապատասխան հաշվարկներով, տրվել են նաև ազնիվ մետաղների կորզման և դրանց հետևանքով միջավայր թափված ծանր մետաղների և թունահարույց տարրերի քանակները և դրանց վտանգավոր էկոլոգիական հետևանքների գնահատականները,
- վերլուծվել են Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Թուրքիա առևտրատնտեսական կապերը, որոնք որոշակի պայմաններում օգտակար են դիտվում Հանրապետության համար՝ Եվրամիության և տարածաշրջանային ինտեգրմանը։
Տնտեսական կապերի գլոբալացման արդի պայմաններում, տնտեսության արտաքին հավասարակշռության և վճարային հաշվեկշիռների, տարադրամի փոխարժեքի կարգավորման հարցերը դարձել են պետության մակրոտնտեսական քաղաքականության առաջնային նպատակներից։ Դ.Հարությունյանի «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» (2012), «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» (2013), Թ.Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. Ռազմավարական ուրվագծեր» (2014), Ա.Բայադյանի և Հ.Մարկոսյանի «Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում» («Գիտություն» հրատ., 2015) աշխատություններն այդ ոլորտի վերաբերյալ առաջին համակարգված ուսումնասիրություններն են, որոնցում հայտարարի է բերվում խնդիրն ինչպես իր պատմության, այնպես էլ նրա հետագա կատարելագործման առումներով։ Մենագրություններն ինքնին ընդլայնում են խնդրի տարողությունը՝ վճարային հաշվեկշռի ձևավորում, պետական պարտքի կարգավորում, մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցություն, արտահանման և ներմուծման միջև հարաբերակցության բարելավման հնարավորություններ՝ համապատասխան շառավիղներով։
Ինստիտուտը ձեռնարկել է «Հայ ժողովրդի ժողովրդագրական և նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում և դրանց հատուցման հիմնախնդիրները» հետազոտությունը՝ հրապարակելով գիտական հոդվածների նույնանուն ժողովածուն (2015): Ինստիտուտը լույս է ընծայել Ա.Բայադյանի «Տնտեսագիտական բառարանը» (2014), որը օգտակար ուղեցույց կարող է ծառայել ինչպես գործարար ոլորտի աշխատողների, այնպես էլ ուսանողների և դասախոսների համար։ Ինստիտուտի գիտական թեմաների կիրառական մշակումների արդյունքները եզրակացությունների և առաջարկությունների ձևով պարբերաբար ներկայացվել է հանրապետության կառավարման տարբեր մարմիններին։ Վերջին տարիներին ինստիտուտում հրատարակչական գործի կազմակերպումը դրվել է նոր հիմքերի վրա։ Հրատարակչական պլանների աշխատանքները ստանում են իրենց իրացումները, իսկ պարբերաբար կազմակերպվող «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովների նյութերի ժողովածուները՝ մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ, տնտեսության իրական հատված, ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրություն, տեսական հետազոտություններ և տնտեսագիտական մտքի պատմություն ընդգրկուն բաժանումներով հարցերը հանրապետության տնտեսագետ մտավորականության համար դարձել են հետազոտությունների արդյունքների հրատարակության հանդեսներ։
Վ.Հարությունյանի անժամանակ մահից հետո (2022թ.) ինստիտուտի տնօրեն նշանակվեց Դ.Հարությունյանը, ով շարունակեց ինստիտուտի գիտական կյանքի արմատացած բարի ավանդույթները, բայց միևնույն ժամանակ առաջ մղելով ինստիտուտի գիտնականների երիտասարդ սերնդին։ Դ.Հարությունյանին հաջորդեց Մ.Մանուչարյանը, ով ստանձնեց ինստիտուտի տնօրենի պարտականությունները 2023թ.-ին: Մ.Մանուչարյանն էլ ավելի ամրապնդեց ինստիտուտի զարգացման նոր ուղղությունները, որոնք խարսխված են արտաքին հարաբերությունների ու համագործակցության խթանման, հետազոտությունների նորարարական ընկալումների վրա և այլն։ 2024 թվականի դրությամբ ինստիտուտի գիտական արդյունքները հրապարակվում են Scopus և WOS ինդեքսավորված միջազգային ամսագրերում, որոնք էլ ավելի են ամրապնդում հայ գիտնականների տնտեսական հետազոտությունների տեղը համաշխարհային տնտեսական գրականության մեջ։