Տնտեսագիտության ինստիտուտն իր չորս գիտական ուղղությունների շրջանակում իրականացնում է բազային ֆինանսավորմամբ մի շարք թեմաներով հետազոտություններ:

  1. Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ

Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական քաղաքականության հայեցակարգը և հիմնական ուղղությունները (գիտական թեմայի ղեկավար` տ.գ.թ. Հ. Ս. Ասատրյան): Համաշխարհային շուկայում անընդհատ սրվող մրցակցային պայքարը ուղեկցվում է ոչ միայն այս կամ այն տարածաշրջանում առանձին երկրների տնտեսական ազդեցության ամրապնդմամբ, այլև այդ երկրների շահերի հաճախակի բախմամբ, որոնք պայքարում են տարածաշրջանային և համաշխարհային առաջնություն ունենալու, սեփական դիրքերն ամրապնդելու համար: Մրցակցային պայքարի թատերաբեմ են դառնում նաև զարգացող երկրները, որոնք տնտեսական զարգացման անբավարար մակարդակի, թերզարգացած ֆինանսական ենթակառուցվածքների, համաշխարհային շուկայից հումքային կախվածության, տեխնոլոգիական թույլ հագեցվածության, տեխնոլոգիաների ներդրման անբավարարության պատճառով փորձում են տարածաշրջանի երկրների հետ ինտեգրման ճանապարհով դիմակայել «աշխարհի հզորների» մրցակցությանը: Թեև զարգացող երկրների շրջանակներում տարածաշրջանային տնտեսական ինտեգրման փորձերը մեծ մասամբ ակնհայտ հաջողություններ չեն արձանագրում, այնուամենայնիվ դրանց շարունակականությունը ոչնչով չի սահմանափակվում: Նշված հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության համար սրվում է նաև հարևան երկրների հետ համագործակցության նոր մոտեցումների առաջ գալով, որոնք դեռևս կարիք ունեն հիմնավորման՝ արտաքին տնտեսական քաղաքականության նոր հայեցակարգի շուրջ։ Դրա հիմքում պետք է դրվի արտաքին առևտրի հարաբերական և բացարձակ առավելությունների իրացման պարադիգմը։ Տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները (իսկ Հայաստանը հանդիսանում է այդպիսի միայն մեկ միավորման՝ ԵԱՏՄ անդամ, այն դեպքում երբ աշխարհի երկրների համար միջին ցուցանիշը 6 է, այսինքն յուրաքանչյուր երկիր հանդիսանում է 6 միավորման անդամ) մի կողմից գլոբալացման յուրօրինակ մարմնավորումն են, մյուս կողմից` ստանձնում են միջազգային տնտեսական կազմակերպությունների «ընդդիմախոսների» դերը և փորձում են ստեղծել գլոբալացման ներփակ գոտիներ: Ներկայումս, ի հակադրություն գլոբալացման միտումների, թափ է առնում «տարածաշրջանայնացումը», ինչը դրսևորվում է այսպես կոչված «friend-shoring» մոտեցման մեջ, երբ որպես առևտրային գործընկերներ հիմնականում ընտրվում են համանման արժեքներ (պատմական, մշակութային, տնտեսական, քաղաքական, այլ) ունեցող երկրները։ Ելնելով Հայաստանի տարածաշրջանային առանձնահատկություններից մեր երկրի համար երկու մոտեցումներն էլ բազմաթիվ խնդիրներ են առաջացնում, որոնց լուծման անհրաժեշտությամբ էլ պայմանավորված է թեմայի ընտրությունը և դրա արդիականությունը։

Թեմայի նպատակն է մշակել ՀՀ և տարբեր տնտեսական միությունների համագործակցության տարբեր սցենարներ և ալգորիթմներ՝ երրորդ երկրների և տնտեսական միությունների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում, ինչպես նաև ԱՍԵԱՆ-ի, ԱԽՏՀ, ՇՀԿ, ԲՐԻԿՍ և մյուս տնտեսական միավորումների ու դրանց անդամ երկրների հետ գործակցության, առաջարկել փոխգործակցության հետագա զարգացման մոտեցումները՝ ելնելով ՀՀ տնտեսական զարգացման և առևտրաշրջանառության ծավալների ավելացման առաջնահերթություններից։

Թեման համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 1․1․ «Արտաքին քաղաքականություն» ենթագլխի «Նոր մոտեցումներ դիվանագիտության մեջ» մասով նախատեսված «տնտեսական դիվանագիտության» ներդրման մեխանիզմներին, ինչպես նաև 2-րդ՝ «Տնտեսություն» գլխի «Արտաքին տնտեսական քաղաքականություն և արտահանման խթանում» ենթագլխի պահանջներին։

  1. Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ

Շրջանաձև տնտեսության մոդելի հայեցակարգի ներդրումը որպես ՀՀ պարենային անվտանգության բարձրացման անհարժեշտություն (գիտական ուղղության ղեկավար` տ.գ.թ., դոցենտ Մ. Գ. Մանուչարյան): Յուրաքանչյուր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն հիմնահարցերից մեկը բնակչության պարենային անվտանգությունն է: Հիմնահարցը կենսական է հատկապես այն երկրների համար, որոնց տարածքային, բնակլիմայական և տնտեսական պայմանները հնարավորություն չեն ընձեռում բնակչության պահանջարկի բավարարումն իրականացնել տեղական արտադրության պարենամթերքներով: Ամբողջ աշխարհում ահագնացած համավարակները, պատերազմները, տարերային աղետները և կլիմայի փոփոխությունը պարենային անվտանգության համար նոր մարտահրավերն են ստեղծում։  Պարենային անվտանգությունը, կարելի է ասել, դարձել է դարի ամենակարևոր և լրջագույն մարտահրավերներից մեկը: Այս իրողությունը բնութագրական է նաև Հայաստանի Հանրապետության համար: Բնակչության աճի, պարենային անվտանգության ապահովման կարևորության, կլիմայի փոփոխության և բնական ռեսուրսների սակավության պատճառով շրջանաձև տնտեսության զարգացման խնդիրն առավել էական է դառնում։ Ամբողջ ագրոպարենային շղթան վերլուծելիս նկատվում է մարդու սպառման համար արտադրվող սննդամթերքի մինչև մեկ երրորդի պակասուրդ։

Գծային սպառումը հասնում է իր գագաթնակետին։ Ի հակադրություն գծային տնտեսության, շրջանաձև տնտեսությունն ունի մի շարք առավելություններ, որոնք գործառնական նշանակություն ունեն ինչպես ռազմավարական, այնպես էլ միկրո և մակրոտնտեսական մակարդակներում: Այս հանգամանքը պայմանավորում է գյուղատնտեսության ոլորտում շրջանաձև տնտեսության մոդելի ներդրման անհրաժեշտությունը, ինչն էլ կանխորոշում է հետազոտության արդիականությունը: Շրջանաձև տնտեսության մոդելներին անցումը գլոբալ բնույթ է կրում, և այս հայեցակարգի ներդրման առավելություններն ավելի ու ավելի ակնհայտ են դառնում:

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել շրջանաձև տնտեսության համակարգի զարգացման ուղղությունները և հիմնավորել առաջարկվող մոդելի ներդրման անհրա-ժեշտությունը ՀՀ պարենային անվտանգության բարձրացման գործում:

Նշված նպատակի իրականացման համար առաջադրվել են մի շարք խնդիրներ, այն է. ուսումնասիրել շրջանաձև տնտեսության և գծային տնտեսության խնդիրները, պարենային անվտանգության հիմնահարցերը, ներկայացնել պարենային անվտանգության ապահովման կարևորությունը, հիմնավորել շրջանաձև տնտեսության հայեցակարգի ներդրման առավելությունները պարենային անվտանգության բարձրացման տեսանկյունից։

Թեման համապատասխանում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.2 կետին։

Գիտության զարգացման ռազմավարությունը որպես ՀՀ տնտեսության կայուն զարգացման և անվտանգության ապահովման  կարևորագույն նախապայման (գիտական թեմայի ղեկավար` տ.գ.թ. Ե. Ա. Հակոբյան): Գիտության նկատմամբ վերջին տարիներին աստիճանաբար մեծանում է հետաքրքրությունը, որն ընդգրկում է հասարակության լայն շերտեր` մասնավոր հատվածից մինչև կառավարման տարբեր օղակներ։ Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել են գիտության ոլորտի աջակցման տարբեր ծրագրեր, միջոցառումներ, մասնավորապես` ավելացվել է ՀՀ պետական բյուջեից գիտության ոլորտին հատկացվող ֆինանսավորման ծավալը, ինչպես նաև վերջերս ընդունվեց գիտական կադրերի ատեստավորման նոր կարգը։ Արմատային փոփոխության ենթարկվեց նաև գիտության պետական կոմիտեի և ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի աշխատանքները, մասնավորապես այս երկու գերատեսչությունները միավորվեցին, և նոր կազմավորված գերատեսչությունն անվանվեց ՀՀ գիտության և կրթության բարձրագույն կոմիտե։ Նախկինում ՀՀ գիտության կոմիտեի որոշ լիազորություններ փոխանցվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետբուհական վարչությանը։ Սակայն, վերոնշյալ արմատական փոփոխությունների  ֆոնին դեռևս չի նախաձեռնվել գիտության ոլորտի զարգացման հստակ ռազմավարություն, որում ներկայացված կլինեն ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրները, դրանց լուծման, նաև փուլային, ուղիները, պատասխանատու գերատեսչությունները և այլն։ Նշենք նաև, որ գիտության զարգացման ռազմավարություն վերջին անգամ ՀՀ–ում ընդունվել է 2011 թվականի հունիս ամսին, որից հետո, սակայն որևէ կերպ շարունակություն չի տրվել նման ռազմավարությունների մշակման գործընթացին, ինչը ոլորտի կայուն զարգացման տեսանկյունից, մեր կարծիքով, արդյունավետ չէ, քանի որ լավ մշակված ռազմավարությունը հանդիսանում է ոլորտի կայուն զարգացման համար կարևոր և խիստ անհրաժեշտ նախապայման։ Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը, անհրաժեշտություն է առաջացել բացահայտել գիտության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները, ուսումնասիրել զարգացած և զարգացող երկրների փորձը, ուսումնասիրել տարածաշրջանի երկրներում գիտության ոլորտը կարգավորող օրենսդրաիրավական դաշտը, ինչպես նաև ոլորտին առնչվող ռազմավարություններն ու հայեցակարգերը, ուսումնասիրության հիման վրա մշակել ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության ձևանմուշ, որը կներկայացվի համապատասխան գերատեսչություններին և հետագայում կարող է հիմք հանդիսանալ  նման ռազմավարության մշակման համար։ Թեման համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի 4.4 «Գիտություն» ենթաբաժնին։

  1. Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ–ժողովրդագրական հիմնախնդիրներ

Արհեստական բանականության և թվայնացման նվաճումների ներդրումը որպես ՀՀ տնտեսության տեխնոլոգիական զարգացման կարևորագույն գործոն (գիտական ուղղության ղեկավար` տ.գ.թ. Շ. Պ. Պողոսյան): Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների փոփոխությունները աշխատաշուկայում ստեղծել են նոր  հնարավորություններ ինչը հանգեցրել է արհեստական բանականության լայն կիրառությանը։ Արհեստական բանականությունը մի կողմից նպաստում է նոր աշխատատեղերի առաջացմանը, բայց միևնույն ժամանակ աշխատաշուկայից դուրս մղում արդեն գոյություն ունեցող ավանդականը։ Ներկայումս արհեստական բանականությունը էական առաջընթաց է գրանցել այն մասնագիտություններում, որոնք ներառում են ոչ սովորական և ճանաչողական առաջադրանքներ, որոնք սովորաբար կատարում են միջին և բարձր որակավորում ունեցող աշխատողները: Մյուս կողմից, կրթված աշխատողներն ավելի հեշտ են ընդունում և սովորում նոր տեխնոլոգիաներ և հակված են ավելի հաճախ մասնակցել վերապատրաստման արդիականացմանը՝ թույլ տալով նրանց ավելի լավ օգտվել աշխատաշուկայում արհեստական բանականության ընձեռած հնարավորություններից: Արհեստական բանականությունը  գնալով դառնում է էլ ավելի ունակ ավտոմատացնելու առաջադրանքները, որոնք պահանջում են համակարգում, հիմնավորում և հաղորդակցություն, ինչը կարող է ազդել այս ոլորտներում աշխատատեղերի վրա: Արհեստական բանականությունը կարող է օգնել կամրջել հմտությունների բացը և աշխատողներին ավելի արագ զարգացնել՝ թույլ տալով նրանց ավելի շատ ժամանակ հատկացնել քննադատական և վերլուծական մտածողության վրա:

Թեմայի շրջանակում կուսումնասիրվի արհեստական  բանականության տեխնոլոգիաների ընդունման ներկա մակարդակի տեսակետները, տեխնոլոգիական զարգացումներով պայմանավորված աշխատուժի կազմի վերջին փոփոխությունները և վերլուծվի նոր տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատանքային միջավայրի ավտոմատացման առավել ենթակա ճյուղերը, ինչպես նաև կուսումնասիրվեն թվայնացման գործընթացները՝  ըստ տնտեսության հեռանկարային ոլորտների։ Կառաջարկվեն աշխատանքային հարաբերությունների փոփոխություններ՝ հիմնված մարդկանց և ռոբոտների արդյունավետ համագործակցություն վրա։ Արհեստական բանականության արդյունավետ օգտագործման ներուժը կախված է մարդկանց և մեքենաների համագործակցությունից՝ վերջնական օգտագործողների համար նոր փորձառություններ ստեղծելու և զարգացնելու համար: Թեման համապատասխանում է ՀՀ կառավարության 2021-2026թթ․ ծրագրի  4.6 (աշխատանք և սոցիալական պաշտպանություն) և 2․3 (բարձր տեխնոլոգիաներ) կետերին։

  1. Տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն

Տնտեսական մտքի արդի զարգացումները և տնտեսական վարքագծի փոփոխության միտումները թվայնացման պայմաններում (գիտական ուղղության ղեկավար` տ.գ.դ., պրոֆեսոր Ռ. Ն. Սարինյան): Թեմայի ուսումնասիրության շրջանակներում կատարվելու են տնտեսագիտական մտքի պատմության դիտարկումները` դրանք առնչելով ազգային տնտեսության արդի պրոցեսների հետ։ Շատ կարևոր է ներկայանում որոշակի ուրվագծերի ձևով տեսադաշտում պահել ինչպես ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի, այնպես էլ անդրադարձը հանրապետությունում այլևայլ հրապարակումներին։ Դրանցում սովորաբար արծարծվում են հանրապետության տնտեսության ինչպես միկրո, այնպես էլ մակրոմակարդակներով բազում խնդիրներ։

 Ներկայումս տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ազդեցության ներքո տեղի է ունենում մարդու գործունեության փոփոխություն տարբեր ոլորտներում: Դրանց ակտիվ ներդրումը արմատապես փոխում է սպառողների և տնտեսավարող սուբյեկտների տնտեսական վարքագիծը, մասնավորապես` ակնկալիքները, նպատակներն ու շարժառիթները: Չնայած այն հանգամանքին, որ թվային փոխակերպման հարցերն ակտիվորեն քննարկվում են գիտական հանրությունում,  այնուամենայնիվ դրանց  միտումներն ու զարգացման հեռանկարները թերի են ուսումնասիրված տնտեսական վարքագծի շրջանակում: Ավելին, էմպիրիկ հետազոտությունները անբավարար են, ուստի այսօրվա համատեքստում առանձնահատուկ գործնական հետաքրքրություն է ներկայացնում թվային փոխակերպման ազդեցության մոդելավորումը տնտեսական վարքագծի վրա: Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել և գնահատել թվային փոխակերպման ազդեցությունը տնտեսական վարքագծի վրա ՀՀ օրինակով։

Նշված նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները.  ուսումնասիրել թվային տնտեսության զարգացման արդի միտումներն ու հեռանկարները ՀՀ-ում և համեմատել թվայնացման մակարդակը այլ երկրների հետ, վերլուծել տնտեսական վարքագծի թվայնացումը որոշող հիմնական գործոնները, ուսումնասիրել ՀՀ բնակչության տնտեսական վարքագծի դինամիկան թվային տրանսֆորմացիայի համատեքստում՝ սոցիոլոգիական հետազոտության հիման վրա, իրականացնել թվային գործիքների ազդեցության էկոնոմետրիկ վերլուծություն տնտեսական վարքագծի վրա։ Ուսումնասիրության թեման բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2 գլխի կետերից, մասնավորապես՝  2.3։