Այսօր Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան տնտեսագիտության բնագավառի 2024 թվականի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված մրցանակը շնորհվել է գիտնականներ Տարոն Աճեմօղլուին, Սայմոն Ջոնսոնին և Ջեյմս Ռոբինսոնին։
Մրցանակը շնորհվել է` «Ինչպես են ձևավորվում ինստիտուտները և ազդում բարեկեցության վրա» ուսումնասիրությունների համար:
Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայք–էջում հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն` դափնեկիրները ներկայացրել են հասարակական ինստիտուտների կարևորությունն ու ազդեցությունը երկրների բարեկեցության վրա։ Նրանք օգնում են հասկանալ ազգերի միջև բարեկեցության տարբերությունները։
«Երկրների միջև եկամուտների հսկայական տարբերությունների կրճատումը մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից է: Դափնեկիրները ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը դրան հասնելու համար»,- ասել է Տնտեսական գիտությունների մրցանակի հանձնաժողովի նախագահ Յակոբ Սվենսոնը: