Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներն արհեստական բանականության նվաճումների ներդրման պայմաններում խորագրով միջազգային գիտաժողովը։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտն ու ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնը։
Այն համախմբել էր հետազոտողների Հայաստանից, Ռուսաստանից և Բելառուսից:
Բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, տ.գ.դ., պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Դենիս Մուխան և ՌԴ Գիտությունների ազգային ակադեմիայի Սարատովի գիտական կենտրոնի Ագրարային հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն` տ.գ.թ., դոցենտ Վյաչեսլավ Կորոստելևը, ովքեր ընդգծեցին ընտրված թեմայի արդիականությունն ու հաջողություն մաղթեցին մասնակիցներին։
Մասնակիցներն իրենց զեկույցներում ներկայացրին արհեստական բանականության դրական ու բացասական կողմերը, ինչպես նաև կիրառման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում ( պետական կառավարում, գյուղատնտեսություն, կրթություն)։