Ասպիրանտուրա(կարգն ու պայմանները)
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը իրականացնում է գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով: Ասպիրանտուրայում ուսուցումը իրականացվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության և ԲԿԳԿ-ի հաստատած գիտական աստիճանաշնորհման անվանացանկի համաձայն:
Դոկտորանտուրա
Դոկտորանտների պատրաստումն ԳԱԱ գիտական կազմակերպություններում իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը 3 տարի է:
Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դոկտորանտուրա ընդունվողները ներկայացնում են ԳԱԱ համապատասխան գիտական կազմակերպությունում գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք դոկտորանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:
Դոկտորանտուրա ընդունվելու համար դիմումները տրվում են ԳԱԱ համապատասխան գիտական կազմակերպությունների ղեկավարների անունով, կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար` նաև ԲՈՀ-ի կողմից տրված համապատասխանեցման վկայագիրը);
- դոկտորական ատենախոսության ծավալուն պլանը;
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և 3 լուսանկար (3×4 չափսի);
- հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը:
Անձնագիրը և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիրը ընդունվողը ներկայացնում է անձամբ:
ԳԱԱ գիտական կազմակերպության համապատասխան ամբիոնը կամ բաժինը (սեկտոր, լաբորատորիա), փաստաթղթերի քննարկման հիման վրա ներկայացնում է եզրակացություն: Դրական արդյունքի դեպքում բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը քննարկում է եզրակացությունը և ընդունում որոշում թեկնածուին դոկտորանտուրա ընդունելու մասին, որը հաստատում է ԳԱԱ համապատասխան գիտական կազմակերպության ղեկավարը: Երկու և ավելի թեկնածուների դեպքում դոկտորանտի ընտրությունը կատարում է կազմակերպության գիտական խորհուրդը, որը թեկնածուի ատենախոսության ծավալուն պլանի հիման վրա որոշում է ատենախոսության ավարտման հնարավոր ժամկետը:
Դոկտորանտի ընդունումը ձևակերպվում է ԳԱԱ համապատասխան գիտական կազմակերպության ղեկավարի հրամանով:
Դոկտորանտուրայում գտնվելու ժամկետում դոկտորանտը պետք է կատարի անհատական ծրագրով նախատեսված աշխատանքները` ավարտի ատենախոսությունը և տվյալ կազմակերպությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկումը:
Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, որը հաստատվում է գիտական կազմակերպության ղեկավարի կողմից:
Դոկտորանտներն անվճար օգտվում են գիտական կազմակերպությունների լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, փորձարարական սարքավորումներից, գրադարաններից և այլ ծառայություններից` համաձայն կազմակերպությունների կանոնադրությունների:
ԳԱԱ գիտական կազմակերպությունների գիտական խորհուրդները դոկտորանտների ծրագրին համապատասխան ներկայացված հաշվետվության հիման վրա տարեկան մեկ անգամ ատեստավորում են նրանց: Ատեստավորումը չանցած դոկտորանտն ազատվում է դոկտորանտուրայից:
Մինչև սահմանված ժամկետի ավարտը դոկտորանտուրայից ազատված դոկտորանտը (հարգելի պատճառով) ԳԱԱ համապատասխան գիտական կազմակերպության ղեկավարի հրամանով կարող է վերականնվել` ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում:
Դոկտորանտներին վճարվում է պետական կրթաթոշակ և ամեն տարի տրամադրվում է երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ: Գիտական կազմակերպության ղեկավարն արտաբյուջետային միջոցների հաշվին կարող է սահմանել դոկտորանտների կրթաթոշակին հավելավճար:
Դոկտորանտների գիտական խորհրդատուների աշխատանքի վարձատրությունը կատարվում է ԳԱԱ համապատասխան գիտական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով: