Լրացավ վաստակաշատ գիտնական, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ներսեսի Սարինյանի 85 ամյակը։ Ծնվել է 20 հունվարի 1940թ.-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սեյտիշեն (այժմ՝ Խաչեն) գյուղում: Տեղի թերի միջնակարգ դպրոցից հետո ուսումը շարունակում է Խնձրիստանի միջնակարգ դպրոցում, որն ավարտում է 1957-ին: 1963-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Խորհրդային բանակում ծառայելուց հետո 1965-68-ին աշխատել է ԽՍՀՄ շինարարական բանկի հայկական գրասենյակում որպես ավագ տնտեսագետ: 1968-ից աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) քաղաքատնտեսության (այժմ տնտեսագիտության) ամբիոնում՝ որպես կաբինետի վարիչ, ասիստենտ, ավագ դասախոս, իսկ 1979-2014՝ նույն ամբիոնում` որպես ամբիոնի վարիչ (2007-ից՝ համատեղությամբ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում բաժնի վարիչ), 2015-ից ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում բաժնի վարիչ, գլխավոր գիտաշխատող: 1976-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ավետիք Արասխանյանի տնտեսագիտական հայացքները» թեմայով, իսկ 1985-ին՝ Մոսկվայի Գ.Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում դոկտորական ատենախոսություն՝ «Հայ տնտեսագիտական մտքի հիմնական հոսանքները XIX դարի 70-90-ական թվականներին» թեմայով, ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: Պրոֆեսոր է 1987-ից:
Ռ.Սարինյանը երեք տասնյակից ավել մենագրությունների, երեք ուսումնական ձեռնարկների և հարյուր քառասունից ավել գիտական հոդվածների հեղինակ է։ Նրա հետազոտական ոլորտները վերաբերում են հայ տնտեսագիտական մտքի պատմության, տնտեսագիտական ուսմունքների պատմության, տնտեսագիտության տեսության և ազգային տնտեսության հիմնահարցերին: Հայալեզու և օտարալեզու հրապարակումներով հանդես է եկել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային բազմաթիվ գիտաժողովներում։
Սարինյանի` XX դարասկզբի հայ տնտեսագիտական մտքի պատմության վերաբերյալ՝ «XX դարի սկզբի հայ տնտեսագիտական մտքի ուղեգծերում», «Հայ միտքը և տնտեսական զարգացումը», «Ալեքսեյ Ջիվելեգովի տնտեսագիտությունը», «Էջեր հայ տնտեսագիտական մտքի պատմությունից» (համահեղինակ Լ.Հարությունյան), «Բախշի Իշխանյան (տնտեսագիտական հայացքները)» (համահեղինակ Ա.Թադևոսյան) շարքում օգտագործելով փաստական նոր տվյալներ և առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դնելով նոր նյութեր, անդրադարձ է կատարվում տնտեսական ճգնաժամերի տեսության ու պատմության մեծագույն տնտեսագետներից մեկի՝ Մենտոր Բունիաթյանի հայեցությանը, Վահան Տոտոմյանցի կոոպերացիայի վերաբերյալ աշխատություններին, Ալեքսեյ Ջիվելեգովի Եվրոպայի տնտեսական էվոլյուցիայի և մարդու նոր պահվածքի վերաբերյալ դիտողություններին, Դավիթ Անանունի ռուսահայերի հասարակական զարգացման հետագծի և հավաքական հայության գաղափարներին, հայ «ազգային ոգու հայտնությունն» ակնկալող սերնդի՝ Բախշի Իշխանյանի սոցիոլոգիական մեթոդի սկզբունքներով հասարակության էվոլյուցիայի, Ռուսաստանի ու Կովկասի առանձնահատկությունների, Միքայել Վարանդյանի քննադատական մտքի մտորումներին, Սիմոն Զավարյանի ուսումնասիրություններին և այլն, որոնք ընդլայնեցին հայ տնտեսագիտական արծարծումների տեսական ու պատմական ոլորտները, տնտեսական կյանքի ճանաչողական սահմանների վերաբերյալ իմացությունն ու պատկերացումները:
XX դարի 90-ական թվականները շրջադարձային էին հանրապետության համար: Հայաստանը դիմորոշվեց դեպի շուկայական տնտեսաձևը, որին պիտի ուղեկցեր որոնումների ու շեղումների տրամաբանությունը: Ինչպիսին է արժեքների նոր համակարգի լինելիությունը, ինչ լուծումներ է առաջադրում հայ տնտեսագիտական միտքը: Այդ ժամանակահատվածը Ռ.Սարինյանը բնութագրում է որպես արևմտյան տնտեսական գիտության սկզբունքների ու հասկացությունների յուրացման լուսավորչական տասնամյակ: Կատարվում էր տնտեսագիտական մտքի սահմանազատում:
Վերջին տասնամյակների ընթացքում տ.գ.դ., պրոֆեսորը պարբերաբար անդրադարձել է արդի հայ տնտեսագիտական մտքի կացությանը, փորձել «տեսություն» կոչված հրապարակումների ձևով ուրվագծել կատարվող տեղաշարժերը: Բնականաբար, ժամանակի հոսքի մեջ փոփոխվել են նրանում կատարվող արծարծումների շրջանակները: Հազիվ թե գիտության որևէ այլ բնագավառում այդքան հրապարակումներ կարելի է արձանագրել, որքան տնտեսագիտության, որի մատենագիտական ցանկը կարող է հասնել հազարավոր անունների: Դրանք մենագրական ու կոլեկտիվ ուսումնասիրություններ են, գիտական ժողովածուներում, ամսագրերում, պարբերական մամուլի այլևայլ հրապարակումների էջերում տպագրված հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ: Դրանք ներարձակ են երևույթների ճանաչողական ընդհանուր հոսքի մեջ: Ռ.Սարինյանի «Ազգային տնտեսությունը և տնտեսագիտական միտքը», «Արդի հայ տնտեսագիտության տեսություն» երեք գրքերը, «Ուրվագիծ արդի հայ տնտեսագիտական մտքի պատմության» երկհատորյակը, «Տնտեսագիտության ինստիտուտը 10 տարում. 2006-2016» (Վ.Հարությունյան, Ռ.Սարինյան) աշխատություններում, լինելով նորույթ հայ տնտեսագիտության մեջ, նյութը ենթարկվել է որոշակի համակարգման և պատկերացում է տալիս նորագույն շրջանի հայ տնտեսագիտական մտքի՝ այդ անհետազոտ ոլորտի դիտակետերի, նոր որոնումների, սահմանազատումների ու շարժման ընթացքի վերաբերյալ՝ գրված ոչ թե սոսկ գրանցումների սկզբունքով, այլ քննական հայացքով: Նրա աշխատություններում երևույթները հաճախ հայտնվում են նոր կապերի մեջ, նոր տարածքներում տնտեսագիտական միտքը հաղորդակից դարձնում գիտության այլ ոլորտներին: Այս իմաստով նա արծարծել է երևույթների վերլուծության ներհյուսումների մեջ իր ուրույն ոճը:
Ռ.Ն.Սարինյանը նաև «Հայ կառավարչական մտքի պատմության ուրվագծեր» մենագրության հեղինակներից է, որում ներկայացնում է նոր շրջանի հայ կառավարչական միտքը բաժինը:
Նա կարևոր ներդրում ունի տնտեսագիտության և տնտեսագիտական ուսմունքների պատմության ուսումնական ու գիտական գրականության ստեղծման բնագավառում։ Ուշագրավ է ներկայանում «Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը. գիտակենսագրական հանրագիտարան» (հեղինակներ՝ Ռ.Սարինյան, Վ.Հարությունյան) աշխատությունը: Հայտնի է, որ հայ տնտեսագիտական միտքը ստեղծագործել է ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս՝ տարբեր երկրներում: Աշխատությունը, նրանում ընդգրկված տնտեսագետների գիտակենսագրական ուրվագծերի ձևով, որպես առաջին փորձ ամբողջական է ընդգրկում հայ տնտեսագիտական մտքի թեմատիկ քարտեզը, տնտեսական երևույթների պարագծերը ճանաչողական մոտեցումներով ու չափումներով և արտահայտում շարժման ընթացքը ինչպես որ կա, սկսած XIX դարի կեսերից:
Ունի գիտամանկավարժական բազում տարիների փորձ։ Աչքի է ընկնում որպես բարեխիղճ, պատասխանատու աշխատող։ Տարիներ շարունակ հանդիսանում է ՀՀ Սոցիալ–տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները գիտական հոդվածների ժողովածուի գլխավոր խմբագիր։ Մեծ է նրա դերն ու վաստակը երիտասարդ կադրերի պատրաստման գործում։ Վայելում է կոլեկտիվի սերն ու հարգանքը։
Ռոբերտ ՆԵրսեսի Սարինյանը պարգևատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով (1983), «Մովսես Խորենացի» մեդալով (2003): Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) ոսկե հուշամեդալով (2008), ՀՀ գիտությւոնների ազգային ակադեմիայի հուշամեդալ` նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյակին (2023)։
Սիրով շնորհավորում ենք մեծ գիտնականին` ծննդյան հոբելյանի առիթով։ Ցանկանում ենք երկար տարիների անհոգ կյանք, քաջառողջություն, անսպառ եռանդ, գիտական նորանոր ձեռքբերումներ։
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտություննեի բաժանմունք
ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ