ISCER 2025

2025 թվականին ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը տոնում է հիմնադրման 70 ամյակը

Հոբելյանական` «Տնտեսության նորաստեղծական զարգացման և ռազմավարական կառավարման հիմնահարցերը» միջազգային գիտաժողովը կայացավ սույն թվականի սեպտեմբերի 15-17-ը

Եռօրյա գիտաժողովի լիագումար նիստը տեղի ունեցավ սեպտեմբերի 15-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում։

Գիտաժողովի մեկնարկը տվեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը, և իր բացման խոսքում շնորհավորելով հարազատ ինստիտուտին, արտերկրի և հանրապետության գիտակրթական ոլորտի գիտաժողովի մասնակիցներին համառոտ ներկայացրեց ինստիտուտի 70 տարիների գործունեության գիտական հաղթանակները և ներդրումները։

Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մերի Մանուչարյանը ողջունելով միջազգային գիտաժողովի մասնակիցներին` նշեց, որ այս 70 տարիներն այն ժամանակահատվածն է, որն ընդգրկում է տասնամյակների փորձ, գաղափարների հզոր հոսք, գիտնականների մի ամբողջ պանթեոն, որոնց աշխատանքները հիմք դարձան Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության համար։ Հատուկ շնորհակալություն հայտնեց հայաստանյան և արտասահմանյան (Բուլղարիա, Բելառուս, ՌԴ, Ֆրանսիա, Ռումինիա) բոլոր համագործակցող կառույցների ներկայացուցիչներին, որոնցից ոմանք հատուկ ժամանել էին Երևան` կիսելու տոնական պահը։

«Մեր նպատակը ոչ միայն ակադեմիական քննարկումներ վարելն է, այլև մշակել կոնկրետ կիրառական առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսության նորաստեղծական ներուժի բացահայտմանը և դրա կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Կարծում եմ, որ մեր հիմնադիրները և նախորդները (Վ. Հարությունյան և այլոք), ում լույս հիշողությունը մենք պահպանում ենք, կուրախանային, տեսնելով, որ նրանց սկսած գործը շարունակվում է, զարգանում, մնում է ժամանակի պահանջին համապատասխան և ձեռք է բերում միջազգային ճանաչում», – շեշտեց Մերի Մանուչարյանը։ Տնօրենը նաև շնորհակալություն հայտնեց ԲՈՒՀ–երի ռեկտորներին և նախկին տնօրեն Դ. Հարությունյանին` հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվելու համար։

Հոբելյանական տարեդարձի առթիվ ինստիտուտի աշխատակազմին շնորհավորեցին և զեկույցներով հանդես եկան հայաստանյան և արտերկրի մի շարք գործընկերներ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր Միխայիլ Գոլովնինը, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Դենիս Մուխան, ՌԴ ԳԱԱ, Պլեխանովի անվան տնտեսագիտության ինստիտուտի Երևանի մասնաճյուղի տնօրեն, պ.գ.թ.` Թամարա Վարդանյանը, Սարատովի գիտական կենտրոնի Ագրարային հիմնախնդիրների ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու Վյաչեսլավ Կորոստելևը, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տ.գ.թ., դոցենտ` Կարեն Պետրոսյանը, Բուլղարիայի ԳԱԱ Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի միջազգային տնտեսագիտության հետազոտությունների բաժնի վարիչ, տ․գ․դ․, պրոֆեսոր՝ Վիրջինիա Ժելյազկովան, Բելառուսի Հանրապետության ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գիտական քարտուղար, տ․գ․թ․, դոցենտ՝ Տատյանա Տետերինեցը, ՌԴ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, Ռուսաստանի և հարևան երկրների միջև երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար, տ․գ․թ․, դոցենտ՝ Արտյոմ Պիլինը, ՌԴ ԳԱԱ, Սարատովի գիտական կենտրոն, Ագրարային խնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տ․գ․դ․, դոցենտ՝ Նատալյա Յակովենկոն, ՌԴ ԳԱԱ, Սարատովի գիտական կենտրոն, Ագրարային խնդիրների ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, տ․գ․թ․, դոցենտ՝ Իրինա Իվանենկոն, ՌԴ ԳԱԱ, Սարատովի գիտական կենտրոն, Ագրարային խնդիրների ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Անտոն Վոռոնովը։

Սեպտեմբերի 16-17 Մ․ Քոթանյանի ինստիտուտում ներկայացվեցին ավելի քան 30 արժեքավոր գիտական զեկույցներ, որոնց շուրջ ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները ծավալեցին հարց ու պատասխան, մտքերի փոխանակում։ Գիտաժողովը հանդես գալու պատվավոր հարթակ էր նաև հանրապետության տնտեսագիտական բուհերի մի շարք հետազոտողների համար` գիտական նոր գաղափարներ փոխանակելու, քննարկելու տնտեսության առջև ծառացած կառուցվածքային խնդիրները և համատեղ որոնումներ կատարելու դրանց լուծման ուղիների համար։

Սեպտեմբերի 17-ին գիտաժողովը ամփոփեց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս–քարտուղար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը՝ մաղթելով ինստիտուտին անխոչընդոտ գործունեություն, ներուժի արդյունավետ օգտագործում և նորանոր ձեռքբերումներ։

Գիտաժողովն ամփոփելուց հետո` ինստիտուտի մի շարք աշխատակիցներ տնօրեն Մերի Մանուչարյանի գլխավորությամբ արտերկրի հյուրերին ուղեկցեցին հայերեն ձեռագիր մատյանների և ազգային հիշողության ամենախոշոր պահոց՝ Մատենադարան, որտեղ ցուցադրված բազմաթիվ գործերից հյուրերը հատկապես տպավորվեցին «Մշո Ճառընտիր» ամենամեծ մագաղաթյա ձեռագրով, նրա անցած ուղիով։ Ինչպես նաև ծանոթացան մեր ազգային խոհանոցին և ականտես եղան լավաշի թխման արարողությանը։