Տնտեսագիտության ինստիտուտն իր չորս գիտական ուղղությունների շրջանակում իրականացնում է բազային ֆինանսավորմամբ մի շարք թեմաներով հետազոտություններ:
1. Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ (տ.գ․թ․, դոցենտ. Է․Ն․Մաթևոսյան)։
Ֆինանսական հոսքերի ձևավորման և կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապեությունում: Տնտեսության մեջ տեղի ունեցող մակրոտնտեսական գործընթացները հիմնականում ամբողջականացվում և արտահայտվում են ազգային հաշիվների համակարգի (ԱՀՀ) փոխկապակցված ցուցանիշների միջոցով։ Ինստիտուցիոնալ տեսանկյունից դրանք արտացոլում և նկարագրում են ռեզիդենտ տնտեսավարող միավորների գործունեությունն արտադրության սկզբնական փուլից մինչև արդյունքի վերջնական սպառումը, խնայողությունների կուտակման առանձնահատկությունները, ուղիները և մի շարք այլ գործոններ։ ԱՀՀ մակրոտնտեսական հաշիվների, հաշվեկշիռների և աղյուսակների ինստիտուցիոնալ փոխկապակցվածությամբ բազմակողմանի հաշվարկային համակարգը հիմնվում է միջազգայնորեն ընդունված դրույթների, սահմանումների, դասակարգումների և հաշվապահական կանոնների ամբողջության վրա: Մյուս կողմից, այն պարունակում է ինստիտուցիոնալ-մեթոդական բովանդակություն և նպաստում է մակրոտնտեսական հարթությունում կառավարչական որոշումների ընդունմանը, քանի որ ապահովում է հաջորդական ժամանակահատվածներում տեղեկատվության անընդ-հատությունը, թույլ է տալիս իրականացնել մակրոտնտեսական իրավիճակի մշտադի-տարկման, ֆինանսական հոսքերի վերլուծության գործառույթները և հնարավորություն է տալիս ուսումնասիրել տնտեսական քաղաքականության ֆինանսական արդյունքներն ու հետևանքները։
Մակրոտնտեսական հավասարակշռության ապահովման հիմնախնդիրները ՀՀ–ում: Մակրոտնտեսական հավասարակշռության ապահովումը միշտ էլ եղել է և կմնա ցանկացած պետության կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։ Իսկ պետության ներսում գործարար միջավայրի բարելավվումը, ֆինանսական կայունության հաստատումն ու տնտեսության զարգացումը պայմանավորված են երկրում տարվող հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականության արդյունավետությունից։ Հայաստանի Հանրապե-տությունում չնայած վերջին տարիներին շատ բարեփոխումներ են կատարվում գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, սակայն միջազգային կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունները խոսում են այն մասին, որ բարեփոխումները դեռևս չեն հանգեցրել ցանկալի արդյունքի` հարևան երկրների համեմատ։ Ուստի անհրաժեշտություն է առաջա¬նում ուսումնասիրել միջազգային փորձը, համեմատել մեր երկրի հետ, և արդյունքում մշակել լավագույն փորձի ներդրման հնարավորությունները։
2. Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ (գիտ. ղեկավար` տ․գ․թ․, դոցենտ Մ․Գ․ Մանուչարյան)։
Կանաչ տնտեսությունը որպես նորարարական գյուղատնտեսության կայուն զարգացման նախապայման: Ներկայիս գլոբալիզացիայի և ինտեգրացիայի գործընթացները համաշխարհային տնտեսության մեջ պահանջում են կայուն զարգացման ակտիվ քաղաքականություն։
20-րդ դարի վերջին ձևավորված «կանաչ տնտեսությունը» տնտեսագիտության ուղղություն է, որն ընդգծում է շրջակա միջավայրի վրա մարդու գործունեության բացասական ազդեցության նվազեցման անհրաժեշտությունը և շեշտը դնում է ոչ թե տնտեսական աճի վրա՝ ամեն գնով, այլ շրջակա միջավայրի համար նվազագույն ռիսկերով կայուն զարգացման վրա։
Կայուն զարգացման հիմնական նպատակը երկարաժամկետ հեռանկարում տնտեսական աճի, սոցիալական կայունության և էկոլոգիական հավասարակշռության ապահովումն է։ Այս բաղադրիչների ներդաշնակությունը ապահովվում է կանաչ տնտեսության հայեցակարգի միջոցով, որին վերջերս մեծ ուշադրություն է դարձվում ամբողջ աշխար-հում, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի բնական պաշարները սահմանափակ են, ուստի բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման անհրաժեշտություն է առաջանում, որը կարող է լուծվել կանաչ տնտեսության ձևավորման միջոցով։
Ուսումնասիրության նպատակն է բնութագրել և վերլուծել կանաչ տնտեսության ձևավորման վիճակն ու առանձնահատկությունները և հիմնավորել այն որպես կայուն զարգացման գործոններից մեկը, բնական պաշարների տնտեսական ցիկլում առավել երկար պահպանման նախադրյալների ստեղծումը, որը կարող է լուծել հանրապետության ժամանակակից սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք բարդ հիմնախնդիրներ։
ՀՀ տնտեսության կայուն զարգացման հնարավորությունները և հեռանկարները ինովացիոն և թվային տնտեսության պայմաններում: Կայուն տնտեսական զարգացումը նորարարությունների` նոր ապրանքների, ծառայությունների, արտադրության մեթոդների, առևտրային նոր շուկաների, հումքի նոր աղբյուրների, մոնոպոլ դիրքի հաստատման, վերակազմակերպման գործընթացների ամբողջությունն է: Այս տեսության գլխավոր գաղափարն այն է, որ ռեսուրսները պահպանողական տնտեսավարողից անցնում են նորարար ձեռնարկատիրոջը, ով դրանք տնօրինում է ավելի արդյունավետ: Վերջին հաշվով, սա հանգեցնում է ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը` դառնալով տնտեսության զարգացման հիմքը: Մարդկության կայուն զարգացումը հիմնարար հասկացություն է, որի նպատակն է պահպանել էկոհամակարգերի բնականոն գործառույթները, իսկ տնտեսության կայուն զարգացման հիմնական գրավականը տնտեսության արդյունավետ կառուցվածքն է` հիմնված արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի զարգացման վրա:
2016 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես ուժի մեջ է մտել «Կայուն զարգացման 2030 օրակարգ»-ում ներառված կայուն զարգացման 17 փոխկապակցված և հավակնոտ նպատակները, որոնք լուծում են զարգացման այն հիմնական մարտահրավերները, որոնց մարդիկ բախվում են Հայաստանում և ողջ աշխարհում։ 17 նպատակներից 9-րդը վերաբերում է արդյունաբերությանը, նորարարություններին և ենթակառուցվածքներին։ Ինովացիոն տնտեսություններին բնորոշ են մի շարք հիմնարար հատկանիշներ, որոնցից կարևորում ենք զարգացած ինովացիոն ենթակառուցվածքները, որոնք կարող են օպերատիվ ու ճկուն իրացնել ինովացիոն գործընթացը, ինչպես նաև կառավարման և արտադրության բոլոր ոլորտների և ճյուղերի ավտոմատացումը, թվայնացումը, որի արդյունքում ապահովվում է ազգային տեղեկատվական ռեսուրսների ստեղծումն այն ծավալով, որն անհրաժեշտ է անընդհատ աճող համաշխարհային գիտատեխնիկական առաջընթացի ապահովման համար։
3. Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ–ժողովրդագրական հիմնախնդիրներ (գիտ.ղեկավար՝ տ․գ․թ․, Շ․ Պ․ Պողոսյան)։
Միգրացիայի կանոնակարգման հիմնախնդիրները թվային տնտեսության պայմաններում: Միգրացիան պայմանավորված է, առաջին հերթին, սեփական երկրում տնտեսական հնարավորությունների բացակայությամբ: Այս միտումը ամրապնդվում է ժողովրդագրական տեղաշարժերով, քանի որ բարձր եկամուտ ունեցող երկրները բախվում են բնակչության ծերացմանը, ցածր եկամուտ ունեցող շատ երկրներում աճում է աշխատունակ և երիտասարդ բնակչության թիվը: Աշխարհում փոփոխությունները զարգանում են շատ արագ՝ կախված տեխնոլոգիաների զարգացմամաբ, ուստի անորոշության պայմաներում էլ ավելի է սրվում միգրացիոն գործընթացները։ Միգրացիոն գործընթացները նոր բնույթ են ստանում թվային տնտեսության զագացմամբ պայմանավորած. նոր տեխնոլոգիաները առաջարկում են բոլորովին նոր լուծումներ։ Վերջին տարիներին թվայնացումը արմատապես փոխվել և ներթափանցել է տնտեսական տարբեր ոլորտներ՝ ամբողջությամբ փոխելով համաշխարհային աշխատաշուկայի ավանդական հիմքերը։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների փոփոխությունները ստեղծել են նոր գործընթացների և ապրանքների ալիք՝ խթանելով մրցակցությունը և արտադրողականության աճը, ինչը հանգեցրել է թվային աշխատանքային հարթակների առաջացմանը: Միգրացիայի թվայնացումը գործոն է դարձել սոցիալական ցանցերում միգրանտների ներկայացվածության, վիրտուալ ցանցային միգրանտների համայնքների ստեղծման, այնտեղ նրանց դիրքավորման, տեղեկատվական ինքնաներկայացման և ինքնաիրացման, միգրանտների սոցիալական հարմարվողականության նոր ձևերի զարգացման գործում։
4. Տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն (գիտ.ղեկավար՝ տ․գ․դ․, պրոֆ. Ռ.Ն.Սարինյան)
Հայաստանի Հանրապետության տնտեսությունը. տեսության և պրակտիկայի հարցեր: Ուսումնասիրության շրջանակներում կատարվող դիտարկումները` հանրապետության տնտեսության տեղաշարժերի վերաբերյալ` նպատակ ունեն ուղղորդելու և նպաստ բերելու հետագա փոփոխություններին։ Այս իմաստով ժամանակի որոշակի կտրվածքներով տեսությունները` ինչպես գործնական այնպես էլ տեսական, շատ նպատակահարմար միջոց են տնտեսության մեջ կատարվող գործընթացներն ընդգծված ներկայացնելու համար։ Ուսումնասիրության նպատակն է վեր հանել հայ տնտեսագիտական մտքի արծարծումները` տեսության և պրակտիկայի տեսանկյունից։
Տնտեսական վարքագծի մոդելը որպես տնտեսության հիմնարար բաղադրիչ: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո տնտեսագետների շրջանում ավելի ու ավելի է բարձրացվում այն հարցը, որ տնտեսական տեսության շատ դրույթներ, որոնք չեն կարող կանխատեսել համաշխարհային տնտեսության համար աղետալի իրադարձություններ, պահանջում են վերանայում։
Ժամանակակից բարդ խնդիրների այլընտրանքային տեսլականն առաջարկել է տնտեսական վարքագիծ (ՏՎ): ՏՎ-ի կողմից առաջարկվող նոր հասկացությունների հիմքը հիմնված էր տնտեսական միջավայրում տնտեսական սուբյեկտների վարքագծի էմպիրիկ ուսումնասիրությունների վրա, ինչը հնարավորություն է տվել այս վարքագծի նկարագրությունը ներկայացնել ավելի բարդ և բովանդակալից մոդելներով, քան նեոկլասիցիզմի առաջարկածները: