Տնօրեն` 1987-1999թթ․

Ծնվել է ՀՀ Թալինի շրջանի Իրինդ գյուղում (այժմ` Արագածոտնի մարզում): 1945-ին ավարտելով ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցը` ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլ­տետը: 1951-ին ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա, ապա ուսումը շարունակելու համար գործուղվել ԽՍՀՄ գիտու­թյուն­ների ակադեմիա: 1956-ին ստացել է տնտեսագի­տու­թյան թեկնածուի, իսկ 1971-ին` դոկտորի աստիճանները: Պրոֆեսորի կոչում ստացել է 1978-ին: 1954-58-ին աշ­խա­տել է ՀԿԿ Կենտկոմին կից եռամյա կուսակցական դպրո­ցում, 1958-60-ին` ՀԿԿ Կենտկոմում որպես դասախոս: 1960-64-ին եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսու­թյուն» ամսագրի գլխավոր խմբագիր, 1964-83-ին` Հայաս­տանի ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ավագ գի­տաշ­խատող, բաժնի վարիչ, տնօրենի գիտական գծով տեղա­կալ: 1977-ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից, իսկ 1986-ին` իսկական անդամ: 1983-87-ին աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի տնտե­սագիտության բաժնի վարիչ, 1987-99-ին` ՀՀ ԳԱԱ տնտե­սագիտության ինստիտուտի տնօրեն: 1989 թվականից ղեկավարել է Հայաստանի տնտեսագետների միությունը: Նա ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ, Երևանի ժողովրդական տնտե­սության ինստիտուտի և Երևանի պետական համալ­սա­րանի` տնտեսագիտության գծով աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդը: Նա եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Քոթանյանի գիտական հրապարակումները վերաբե­րում են շահերի և նյութական շահագրգռվածության, տնտե­սական օրենքների, հասարակական զարգացման գոր­ծում հոգևոր արտադրության և մտավոր գործունեության դերի մեծացման միտումների բացահայտման, շուկայական տնտե­սության հիմնահարցերին: Դեռևս վաղ շրջանի ուսում­նասիրություններում նա նյութական շահագրգռվա­ծու­թյունը համարում էր հասարակական արտադրության արդյունա­վետության բարձրացման կարևոր ազդակ:

1980-ական թվականների վերջերին խորհրդային տնտե­սագիտական մտքի մթնոլորտում նկատելի էր մի աննախադեպ աշխուժություն:

Տնտեսական երևույթներն ու կատեգորիաները ստա­նում են նոր մեկնություններ, առաջադրվում են կարծիք­ներ ու չափանիշներ, որոնք ակնկալում են նոր դիտակե­տից քննական վերլուծության ենթարկել անցյալն ու նախա­նշել տնտեսության հետագա առաջընթացի միտումները: Այս առումով «Գիտատեխնիկական հեղափոխությունը և տնտեսագիտության տեսությունը» մենագրությունը, որի ձեռագիրը, թեև, ըստ էության, պատրաստ էր շուրջ մեկ տասնամյակ առաջ, սակայն հրատարակումը հնարավոր է դարձել «մտածողության նոր համակարգի» ձևավորման արդի էտապում: Նրանում քննական վերլուծության են ենթարկվում արտադրողական ուժեր և արտադրական հարաբերություններ, նյութական շահեր և նյութական շահագրգռվածություն, ապրանքադրամական հարաբե­րու­թյունների և նրա առանձին կատեգորիաների, արտադրո­ղական և ոչ արտադրողական աշխատանքի, նյութական ու հոգևոր արտադրության ու վերարտադրության հետ առնչվող բազմաթիվ պրոբլեմներ: Հատուկ շեշտի կարիք անի այն հանգամանքը, որ աշխատության մեջ տնտե­սա­կան երևույթների վերլուծությունը ենթարկված է պատմա­կանության մեթոդաբանական եղանակին: Այդ սկզբունքի կիրառումը հնարավորություն է տալիս տնտեսական երևույթ­ների, օրենքների ու կատեգորիաների քննությունը իրականացնել պատմության փորձի մեջ, հայտնաբերել այն ընդհանուրը և նորը, որ նկատելի է հասարակական զարգացման ընդհանուր էվոլյուցիայում:

Տնտեսական կյանքի գարգացման պատմություն` այսպիսին է հեղինակի հետազոտական ուղենիշը: Թերևս, դրա բացակայությամբ պետք է բացատրել այն արհես­տական իրավիճակը, որ ստեղծվել է քաղաքատնտե­սու­թյան մեջ: Խոսքը կապիտալիզմի և սոցիալիզմի քաղաքա­տնտեսության գոյության մասին է:

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ստեղծվել էր մի պատրանք, ըստ որի սոցիալիզմը դիտվում էր ոչ թե որպես հասարակության էվոլյուցիայի մի աստիճանը, այլ այն դիտվում էր մի այլ կետում, կտրելով նախորդ էտապի նետ առնչվող բոլոր թելերը, այդ թվում նաև տնտեսական կյանք՛ի բնագավառում: Իսկ դա հանգեցրել է տնտե­սական օրենքների ու կատեգորիաների հակասական ու չհիմնավորված մեկնությունների, որը տասնամյակների ընթացքում վեր է ածվել մտածողության համակարգի: Ահա թե ինչու Մ.Քոթանյանը տնտեսական օրենքներն ու կատեգորիաները ուրվագծելով արտադրության եղանակ­ների զարգացման հաջորդափոխության մեջ պահանջում է ստեղծել միասնական քաղաքատնտեսություն, որի ուսում­նասիրության առարկան կհանդիսանա «մարդ­կա­յին հասարակության զարգացման բոլոր էտապների հասա­րակական-տնտեսական հարաբերությունները»: Առաջին խնդիրը, որին անդրադառնամ է տնտեսագետը, դա ար­տադրողական ուժերի և արտադրական հարաբե­րություն­ների տիրույթների հարցն է: Գիտատեխնիկական հեղա­փոխության ժամանակաշրջանում անհրաժեշտ է ոչ թե ար­տադրողական ուժեր հասկացությունը լոկ հանգեցնել նյութական արտադրության տարրերին, այլ քննարկել հասարակական զարգացման ամբողջ համակարգի մեջ: Մինչդեռ իրողություն է, որ մարդը (իբրև մտավոր և հոգևոր զարգացող էակի) փաստորեն դուրս էր մնացել ար­տադրողական ուժերից: Ավելին` գերագնահատելով ար­տադրության միջոցների դերը` մարդուն հատկացվել է պասսիվ տեղ: Մարդու ֆունկցիոնալ նշանակության հար­ցը կարևոր դեր ունի արտադրողական ուժերի զարգացման առումով: Որքան լայն է մտավոր և հոգեկան զարգացման աստիճանը, նույնքան ներգործուն է նրա ազդեցությունը արտադրության իրային տարրերի վրա: Հետևապես ժա­մանակն է ընդլայնել արտադրողական ուժերի տարածքը, մարդուն դնելով առաջին գծում:

Նույն դիտողականությամբ էլ Քոթանյանն անդրա­դառ­նում է արտադրական հարաբերությունների տարողու­թյան հարցերին: Տնտեսական հարաբերություններն, ըստ էության, հանգեցնելով նյութական արտադրության պրո­ցեսում մարդկանց միջև հարաբերություններին, փաստո­րեն բաշխման, փոխանակության և սպառման ոլորտներին հատկացվում են երկրորդական ֆունկցիա և այդ մասով անտեսվում արտադրողական ուժերը: Առաջադրույթի ելա­կետը պայմանավորված է արժեք ստեղծող կամ ար­տա­դրո­ղական աշխատանքի թյուր ըմբռնմամբ: Եվ քանի որ աշխատության հետազոտական համակարգը ենթարկված է «եթե ուզում ես ինչ-որ բան հասկանալ, իմացիր ինչպես է այն ծագել» սկզբունքին, ուստի Քոթանյանը նորից է դիմում հասարակության գոյության ելակետին: Հասարա­կության զարգացման պատմությունը չի կարելի հան­գեց­նել նյութական բարիքների արտադրության եղանակների հաջորդափոխության պատմությանը: Մարդկության ան­ցած տնտեսական զարգացման փորձը վկայում է, որ մինչև նյութական արտադրության կազմակերպելը մարդիկ եղել են որոշակի հասարակական տնտեսական հարաբերու­թյունների մեջ: Մինչդեռ տնտեսական հարաբերու­թյուն­ների հիմքում դնելով արտադրության միջոցների սեփականու­թյան ձևը, ֆետիշացնում ենք այն, ինչ-որ մի երրորդական նշանակություն հատկացնելով սուբյեկտիվ գործոնին: Արտադրության ավտոմատացումը վկայում է այն մասին, ու` առաջնային նշանակություն են ստանում ոչ թե բուն արտադրության միջոցները, այլ դրանց ստեղծման ու կառավարման ոլորտների հարաբերությունները, որտեղ վճռականը դառնում է կոլեկտիվների մտավոր ունա­կու­թյունները: Աշխատությունում զարգացվում է այն միտքը, որ չի կարելի նախապատվություն տալ արտադրության, բաշխման, փոխանակության, կամ սպառման հարաբերու­թյուններից որևէ մեկին, այլ պետք է մարդկանց շահերի իրացման առումով երևույթի քննությունը բարձրացնել մի նոր աստիճանի և դիտել իր ամբողջության մեջ: Այլապես տնտեսական միտքը մնալու է կառչած այն կեղծ երևա­կայությանը, թե սոցիալիզմի ժամանակ արտադրու­թյան միջոցների հանրայնացմամբ վերանում են տնտեսական ու սոցիալական հակասությունների հիմքերը:

Մ.Քոթանյանը հանգում է մի որոշակի հարցադրման, ըստ որի նյութական շահերի առաջանալն ու ձևավորումն ավելի շատ կապված է ոչ թե սեփականության ձևի, այլ դրանց զարգացման համար պայմանների ստեղծման ու իրացման հետ: Նկատի ունենալով տեսական ելակետի համար ճանաչում գտած այն դրույթը, թե սոցիալիզմի հա­մար առաջնայինը հանդիսանում է հասարակական շահը, հեղինակի կարծիքով այստեղ է, որ վերանում է շահի կրողը` որպես սոցիալական անհատի: Որքան բնական են մարդկանց նյութական պահանջները, նույնքան բնական են և դրանից բխող անձնական շահերը: Դա անհատի գործունեության ու գոյության բնական ձևն է: Հետևապես վերանայման կարիք ունի հասարակական, կոլեկտիվ ու անձնական շահերի ստորակարգությունը, առաջին գծում դնելով անձնական շահը: Ժամանակն է, որ տնտե­սա­գի­տական միտքը տեսությունը չհարմարեցնի իրական զար­գացման պրոցեսներին: Եվ տնտեսագետը դիպուկ է գտնում տնտեսական շահի դերը` եզրակացնելով, որ «նյութական անձնական շահերը խաղում են որոշակի և վճռական դեր հասարակական արտադրության զարգացման գործում»: Սոցիալիզմի քաղաքատնտեսության առավել շատ քննարկ­վող հարցերից էր ապրանքադրամական հարաբերություն­ների թեման: Քոթանյանի կարծիքով տնտեսական կյանքը բնութագրող ճշմարտություններից է այն, որ մարդկանց գործունեության արդյունքների փոխանակությունը (նյու­թա­կան կամ մտավոր) հանդիսանամ է հասարակության գարգացման անհրաժեշտ նախապայմանը, անկախ փո­խա­նակության ձևից: Առաջադրված սկզբունքը ուղեկցվում է ապրանքադրամական հարաբերությունների վերաբերյալ նոր հայեցողության որոնմամբ, ըստ որի այդ հարաբե­րու­թյունների մահանալը հանդիսանում է «հարաբերական հասկացություն»: Որքանով հարատև են սեփականության, աշխատանքի հասարակական բաժանման և արտադրո­ղական ուժերի զարգացման մակարդակի գործոնները, հետևապես հարատև են նաև ապրանքադրամական հա­րա­բերությունները: Սա հարցի մեկնության այն ընդհա­նուր ելակետն է, որը տրամաբանական է դարձնում այն պնդումը, թե տնտեսական զարգացումը տանում է ոչ թե ընդհանրապես ապրանքային արտադրության, այլ նրա առանձին ձևերի մահացմանը, ոչ թե նրա սահմանների նե­ղաց­մանը, այլ նոր ոլորտների ընդգրկմանն ու ընդլայն­մանը:

Եթե ապրանքադրամական հարաբերությունները են­թա­կա են անընդհատ կատարելագործման բնական օրեն­քին, ապա նոր ստույգություն են ենթադրում դրան բնորոշ կատեգորիաներին տրվող նախորդ բանաձևումները: Գի­տա­տեխնիկական հեղաշրջումը փոխում է մտավոր գոր­ծունեության ոլորտի, շուկայի, ապրանքի արժեքի, գնի, արտադրողական և ոչ արտադրողական աշխատանքի և այլ հասկացությունների վերաբերյալ նախկին պատկե­րա­ցումները: Թեկուզ` ապրանքին տրվող մարքսյան բնորո­շումը: Եթե այն միանգամայն ստույգ է նյութական ար­տա­դրու­թյան իրային տարրի համար, ապա նեղ է հոգևոր արտադրության արդյունքի նկատմամբ, որը հետզհետե ընդունում է ապրանքային ձև, իր առանձնահատ­կու­թյուն­ներով ու դրսևորման ձևերով:

Արտադրողական ուժերի զարգացման հետ, արտա­դրության պրոցեսում կենդանի աշխատանքը միտում ունի կրճատվելու ոչ միայն հարաբերական, այլ նույնիսկ աշ­խա­­տողների բացարձակ թվաքանակի առումով, որը, կարծես, պիտի պայմանավորեր նույնքան օրինաչափ թվա­ցող մի այլ երևույթ` հասարակության մասշտաբով նոր ստեղծված արժեքի մասսայի կրճատումը: Կամ, արժեք ստեղծող ոլորտ­­ներն ընդլայնվում են ավելի դանդաղ (առանձին դեպ­քե­րում նաև կրճատվում), իսկ մյուս ոլորտներն արագորեն ընդլայնվում են: Աշխատանքի արտադրողականությունն աճում է, որը զուգորդվում է ոչ թե արժեքի նվազմամբ, այլ նրա մեծացմամբ: Տնտեսական կյանքի այս ասինխրոն պրո­ցեսների բացատրությունը պահանջում է նոր մեկնա­կե­տեր: Խոսքը վերաբերում է արժեք ստեղծող աշխատանքի ոլորտ­ների ճշգրտմանը, իսկ ավելի ստույգ` «հասարա­կա­կան ամբողջ աշխատուժի» դիտակետից հարցի ուսում­նա­սիրությանը: Եվ ահա առաջարկվում է մեթոդա­բա­նա­կան առումով հետաքրքրություն ներկայացնող և, եթե կարելի է այսպես անվանել, ամբողջական արժեքի դրույթը, որը հա­սարակական անհրաժեշտ աշխատանքի հիմքում դնում է վերարտադրության բոլոր չորս փուլերում կատարված նյութական և հոգևոր ծախսումները: Հարցադրումն ինքն արդեն պարտադրում է որոշարկելու արտադրողական և ոչ արտադրողական աշխատանքի տիրույթները: Քոթան­յանի կարծիքով հասարակության պատմական զարգաց­ման առումով, չի կարելի արտադրողական և ոչ արտադրո­ղա­կան աշխատանքի բաժանումը դիտել որպես միանգամայն տարբեր սահմանազատ պրոցեսներ: Պահանջմունքների բավարարման առումով, որևէ նշանակություն չունի, թե աշ­խատանքն ինչի վրա է ծախսված: Որքանով է տրա­մա­բա­նական գրքի տպագրության վրա ծախսված աշխա­տան­քը համարել արտադրողական, իսկ այն ստեղծողի աշխատանքը` ոչ արտադրողական: Զուտ «նյութա­կա­նաց­ման» առումով, արտադրողական աշխատանքի ընդուն­ված չափանիշն այժմ, քան երբևէ, չի դիմանում ժամանակի քննությանը: Ավելին, գիտություն, արտադրություն հաս­կա­ցությունները ձեռք են բերում նոր նշանակություններ, նախորդ ոչ արտադրողական աշխատանքները հետզհե­տե ընդլայնում են արտադրողական աշխատանքի շրջա­նակ­ները: Հասարակական զարգացումն այդ ուղղությամբ թե­լադրում է որոշակի օրինաչափություն, հետևապես անհրա­ժեշտ է ընդունել, որ «ժողովրդական տնտեսության բոլոր ճյուղերում հասարակական օգտակար աշխատանքը հան­դիսանում է հասարակական պահանջմունք բավա­րարող արտադրողական աշխատանք: Աշխատությունը միտում ունի վերանայելու խորհրդային տնտեսագիտության տե­սու­թյան մեջ արմատացած շատ բանաձևումներ:

Նշված հարցերը զգալի մասով իրենց զարգացումն են ստացել Քոթանյանի «Շուկայական էկոնոմիկա» մենա­գրու­թյան մեջ: Այստեղ հատկապես կարևոր են նրա դիտողու­թյուններն ամբողջատիրական էկոնոմիկայից շուկայա­կա­նին անցման գործընթացների վերաբերյալ: Հասարակա­կան էվոլյուցիայի բոլոր աստիճաններում, մարդկանց, ժողո­վուրդ­ների և ազգերի գոյատևությունը միշտ էլ ենթակա է եղել «ազատ գործունեության» և «անկախության ձգտման» մարդու բնության բնական հակվածությանը: Բնականա­բար, չի կարելի ազատությունը հանգեցնել բացարձակության, քանի որ, որքան շահի սկզբունքը մղում է ազատ գոր­ծու­նեության, ապա նույնքան էլ ընտանիքի, էթնիկական խմբի, ազգի պետության շահերի ընկալումը ենթադրում է նրա սահմանափակությունը, պայմանավորում այդ ազատու­թյան աստիճանը, հետևապես` նաև տնտեսական անկախու­թյան աստիճանը: Ազգային տնտեսությունը մեկուսացված երևույթ չէ: Այն համաշխարհային տնտեսական հանրու­թյան մի բաղկացուցիչ մասն է, և հենց այդ կետում պիտի փնտրել նրա արտացոլման անհրաժեշտությունը: Հետևաբար, ոչ միայն անիմաստ է քննել բացարձակ անկախության այս կամ այն ուժերի բացառման հարցը, այլ երևույթն առնչել արդի գործընթացների իրական ընթացքին: Հետևաբար, նոր հարաբերությունների լինելիությունը, որպեսզի ցա­վոտ չլինի, շուկայական հարաբերությունների և միջավայրի միջև հարկ է ստեղծել շատ թե քիչ տանելի համապատաս­խանու­թյուն: Հետևաբար, պետությունը պետք է ոչ միայն կարգավորի այդ գործընթացները: Քոթանյանը հենց այդ դիտակետից էլ նկատում է, թե հարկ է առաջնորդվել ոչ թե ոչինչ չասող «հեղափոխությունն առանց կորուստների ձեռք չի բերվում» կարգախոսներով, այլ «Ազգին նայենք ոչ թե պատմություն դառնալու, այլ պատմություն կեր­տելու տեսանկյունից»: Աշխատության մեջ վերլուծվում են բա­րե­փոխումների ռազմավարության և տակտիկայի հար­ցերը, այդ բնագավառում տեղ գտած բացթողումները և սխալները, հիմնավորվում են հանրապետության տնտե­սա­կան զարգացման հեռանկարային ծրագրերի մշակ­ման, ազգային էկոնոմիկայի ձևավորման, անկախության և ազ­գապահպանության ռազմավարական ուղղությունները:

Ի հիշատակ` Միքայել Քոթանյանի ողբերգական մա­հից հետո ՀՀ նախագահի որոշմամբ ակադեմիայի տնտե­սա­գի­տության ինստիտուտն անվանվեց նրա անունով: Հետ­մահու նա պարգևատրվեց «Մովսես Խորենացի» մեդա­լով, նրա անունով Երևանի ժողովրդական տնտեսության հա­մալ­սարանում նշանակվել է կրթաթոշակ: