Տնօրեն` 1955-1960թթ․
Ծնվել է Բայազետ քաղաքում (Արևմտյան Հայաստանում): 1930-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը: Ապա սովորել է Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում, որն ավարտել է 1933-ին: 1933-41-ին դասախոսել է Երևանի պետական համալսարանում:
1946-60-ին աշխատել է Հայկական ԽՍՍՀ գիտությունների ակադեմիայում նախ որպես ավագ գիտաշխատող, սեկտորի վարիչ, ապա 1955-60-ին` որպես տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն: 1960-83-ին եղել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության էկոնոմիկայի ամբիոնի վարիչ: Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայում 1953-ին, ստացել տնտեսագիտության դոկտորի աստիճան, 1954-ին` պրոֆեսորի կոչում:
Նրա աշխատանքները վերաբերում են Հայաստանի գյուղացիության պատմության, գյուղատնտեսական արտադրության զարգացման խնդիրներին: Դրանցում դիտարկվում են նախախորհրդային Հայաստանի հողատիրության ձևերի, վարձակալության հարաբերությունների և վաշխառուական կապիտալի, գյուղացիության պարտավորությունների և հարկերի, հողի համար գյուղացիական պայքարի խնդիրները:
Հանրապետությունում մինչև 1950-ական թվականների կեսերը սահմանափակ էին տնտեսագիտական բնույթի աշխատությունները, այն էլ մեծ մասամբ ունեին գիտա-հանրամատչելի բնույթ: Տնտեսագիտական միտքը սկսեց որոշ աշխուժացում ապրել, երբ 1955-ին մինչ այդ ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայում գործող տնտեսագիտության սեկտորը վերակազմվեց տնտեսագիտության ինստիտուտի: Սկսվեցին իրականացվել հետազոտական ծրագրեր` նվիրված Հայաստանի տնտեսական զարգացման հարցերին: Մշակվում են մի շարք հանձնարարականներ Հայաստանի և հարևան հանրապետությունների մեքենաշինական ձեռնարկությունների մասնագիտացման հետագա խորացման, մեքենաշինության և մետաղամշակման կոոպերացման զարգացման վերաբերյալ: Այդ աշխատանքների արդյունքները 1959-ին քննարկվեցին ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտական կոնֆերանսում, որին մասնակցում էին ՍՍՀՄ գիտությունների ակադեմիայի և հարևան ու մյուս հանրապետությունների ԳԱ տնտեսագիտության ինստիտուտների, ժողտնտխորհների ու գիտահետազոտական հիմնարկների ներկայացուցիչները: Կոնֆերանսի նյութերը հրապարակվել է «հտպՓՌՈսՌջՈՓՌÿ Ռ ՍՏՏտպՐՌՐՏՉՈվՌպ Չ ՎՈՔՌվՏրՑՐՏպվՌ ԸՐՎ.հհՀ» (ժ.1959): Տնտեսագիտության ինստիտուտը ծրագրային մշակումներ էր կատարում հանրապետության գյուղատնտեսության տեղաբաշխման և մասնագիտացման վերաբերյալ, ինչպես գոյություն ունեցող տնտեսության բնութագրության, այնպես էլ հեռանկարային` մինչև 1975թ. կանխատեսումների կտրվածքներով: Արդյունքներն ամփոփվում են «Հայկական ՍՍՌ գյուղատնտեսության տեղաբաշխումը ու մասնագիտացումը» կոլեկտիվ մենագրության մեջ, որը լինելով հիմնահարցի առաջին ընդհանրացված փորձը, նպատակ ուներ հանրապետության գյուղատնտեսական արտադրության ռացիոնալացումը` զարգացման հեռանկարի կտրվածքով:
Դրանում գյուղատնտեսության առանձին գոտիների, ենթագոտիների ու շրջանների հարցերի մշակումը կատարվում է հաշվեկշռային հաշվարկումների հիման վրա: Այդ հաշվարկումները վերաբերում են հողային և ջրային ռեսուրսների հաշվեկշռային և պիտանի հողատեսքերի համապատասխան ձևափոխմանը, բնակչության համար գյուղատնտեսական մթերքների և արդյունաբերության համար հումքի արտադրությանն ու սպառմանը, կերերի հաշվեկշռին, էներգետիկական հաշվեկշռին և աշխատանքային ռեսուրսների հաշվեկշռին:
1957-ին լույս է տեսնում «Արդյունաբերական ձեռնարկությունների էկոնոմիկա», իսկ 1960-ին «Հայաստանի տնտեսական զարգացումը (1920-1960)» կոլեկտիվ աշխատությունը, որոնցից առաջինը արծարծում է ծանր արդյունաբերության զարգացման հարցերը, իսկ երկրորդը ներկայացնում է խորհրդային տարիներին հանրապետության ինչպես արդյունաբերության տարբեր ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության, բնակչության կենսամակարդակի տեղաշարժերի ու փոփոխությունների հետագիծը:
Ինստիտուտում ձևավորվել էր հետազոտությունների իրականացման կոլեկտիվ փորձ:
Վերը նշված հարցերն իրենց խորացումները ստացան նաև ինստիտուտի հետագա հետազոտական ծրագրերում:
Աշխ., Գյուղատնտեսության դրությունը նախասովետական Հայաստանում (1900-1920թթ.), Եր., 1948, Գյուղատնտեսական կոոպերացիայի զարգացումը Սովետական Հայաստանում, Եր., 1949, Հայաստանի գյուղացիության պայքարը հողի համար 1905-07թթ., Եր., 1955, Հայկական ՍՍՌ գյուղատնտեսության տեղաբաշխումը և մասնագիտացումը (հեղինակային կոլեկտիվ), Եր., 1960, Սովետական Հայաստանի տնտեսական զարգացումը, Եր., 1960 (հեղինակային կոլեկտիվ):