Տնօրեն` 2006-2022թթ․

Ծնվել է Լոռու մարզի Քարինջ գյուղում մայիսի 21-ին: 1974-ին ավարտելով Կիրո­վականի (այժմ Վանաձոր) ֆիզիկա-մաթե­մա­տի­կա­կան թեքումով թիվ 1 միջնակարգ դպրոցը նույն տարում ընդուն­վել է Երևանի պետա­կան հա­մալսարանի տնտեսագիտական ֆակուլ­տե­տը, իսկ 1979-ին գերազանցությամբ ավարտել Երևանի ժո­ղովրդա­կան տնտեսության ինստիտուտի (այժմ` ՀՊՏՀ) ֆինանս­ներ և վարկ բաժինը: Նույն տարում ընդունվել է Երևանի ժո­ղովրդա­կան տնտեսության ինստի­տուտի ասպիրան­տու­րան: 1988-ին ստացել է տնտեսագի­տու­թյան թեկ­նածուի, 2004-ին` տնտեսագիտության դոկ­տո­րի գիտական աստի­ճաններ, իսկ 2007-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտա­կան կոչում:

Վ.Հարությունյանը եղել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի ան­վան տնտե­սա­գիտության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնոր­հող տնտեսագիտական մասնագի­տա­կան խորհրդի նախագահը, ինչպես նաև եղել է Հայաս­տանի պետական տնտեսագիտական համալ­սա­­րանում գործող 014 մասնագիտական խորհր­դի և ՀՀ ԳԱԱ «Լրա­բեր հասարակական գիտու­թյուն­ների», «Ֆի­նանսներ և էկոնոմիկա» ու «Էկոնո­մի­կա» ամսա­գրերի գի­տա­կան խորհուրդների անդամ: 1981-1988-ին դա­սախոսել է Երևանի ժողովրդական տնտե­սության ինս­տիտուտում, իսկ 2003-2010-ին` Երևանի պետական համալ­սա­րա­նում (հա­մա­տե­ղու­թյամբ)` «Հար­կաբյու­ջե­տային քա­ղա­­քա­կա­նու­թյուն», «Պե­­տական և մու­նի­ցիպալ ֆինանս­ներ» և «Հար­կային քաղա­քա­կա­նու­թյուն» իր հե­ղինակած առար­կա­ները: Նա գիտահե­տա­զոտական աշ­խա­­տանք­ներ է կատարում ՀՀ ԳԱԱ Մ.Քո­թան­յանի անվան տնտե­սա­գի­տու­թյան ինստի­տու­տում, ունի բազ­մա­թիվ աս­պի­­րանտներ: Նրա գիտա­կան ղեկավարությամբ թեկնա­ծուա­կան ատե­նա­­խո­սու­թյուն­­ներ են պաշտպանել տասն­յակ աս­պի­րանտներ: Նա շուրջ 14 մենագրության և 100 գի­տա­կան հոդվածների (այդ թվում 10 միջազգային) հեղինակ է։

Վ.Հարությունյանը տարբեր տարիների պատասխա­նատու պաշ­տոններ է զբաղեցրել ֆինանսական, հար­կա­յին, բանկային համա­կարգերում և արտադրական ոլորտ­ներում: 1979-1991թթ. աշխատել է Երևանի քաղ­գործկոմի ֆինանսական վարչությունում որպես ավագ տնտեսագետ (1979-1987թթ.), հաստիքային բաժնի պետ (1987-1990թթ.), ֆինանսական վարչության պետի տեղա­կալ (1990-1991թթ.), 1991-1992թթ.` Հայագրոբանկում որ­պես բաժնի պետ, 1992-1993թթ.` Հայարդշինբանկի մաս­նաճյուղի կառա­վարչի տեղակալ, 1993-1996թթ.` Երևանի քաղ­գործկոմի ֆինան­սա­կան վարչության պետ, 1996-1997թթ.՝ Երևանի քաղա­քապետարանի ֆինանսական բաժ­նի պետ, 1997-1999թթ.` ՀՀ հարկային տեսչության հա­մա­կարգում որպես վարչու­թյան պետի տեղակալ (1997թ.), այնուհետև Շենգավիթի (1997-1998թթ.), Շահումյանի (1998-1999թթ.), Էրեբունու (1999թ.) ՏՀ տեսչությունների պետ, 1999-2000թթ.` Հայխնայ­բանկում որպես բաժնի պետ, 2000-2001թթ.` ՀՀ տրանս­պորտի և կապի նախա­րարությունում որպես ֆինան­սական վարչության պետ, «ՀՀ երկաթուղու փոխադրում­ներ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 2001-2002թթ.` ՀՀ պետական եկա­մուտների նախարարության համա­կար­գում որպես Էջմիածնի ՏՀ տեսչության պետ, կենտրոնական ստու­գումների վար­չության բաժնի պետի տեղակալ, 2002թ.` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում` որպես ֆինանսական տնօրեն, 2002-2003թթ.` «Արդշին» և «Արդ­շինինվեստ» բանկերում որպես ադմինիստրացիայի ղե­կավարի գլխա­վոր խորհրդական, մասնաճյուղի կա­ռա­վարիչ, վար­չության պետ, 2003-2005թթ.` «Հայաստան համահայ­կա­կան հիմնադրամում» որպես ֆինանսական բաժնի պետ, 2005-2006թթ.` «Նաիրիտ» ՓԲԸ‑ում որպես ֆինան­սական տնօրեն։

2006թ. նոյեմբերի 8-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քո­թան­յանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, իսկ 2008-2014թթ. ընդգրկվել ՀՀ կառավա­րու­­թյու­նում մշտա­պես գործող ֆինանսատնտե­սա­կան նա­խա­րարական կո­միտեի նիստերի աշխատանքներին` ներ­կա­­յաց­նելով ինս­տիտուտի դիրքորոշումները քննարկ­­վող հարցերի վերա­բերյալ:

ՀՀ կառավարությունը 2007թ. մարտի 7-ին որոշում կա­յաց­րեց տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ճյուղային տարբեր ենթակայության (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ու գյու­ղա­տնտե­սության նախարարու­թյուն­­ներ, ՀՀ կառավարությանն առընթեր պե­տա­­կան գույ­քի կա­ռավարման վարչություն) երեք գիտա­հետազո­տա­կան ինստիտուտները` «Տնտեսագիտական հետա­զոտու­թյուն­ների ինստիտուտ», «Գյուղատնտեսության էկո­նոմիկայի գիտահետազո­տական ինստիտուտ», «Կա­ռա­վարման և տնտեսական բարեփո­խում­ների ինս­տի­տուտ» պետական ոչ առևտրային կազ­մա­կերպություն­ները վերակազ­մա­կեր­պել և միացնել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթան­յանի անվ. տնտեսա­գի­տության ինստիտուտ» պետա­կան ոչ առևտրային կազ­մակերպությանը, որն իրականացվեց Վ.Հարությունյանի հետևողա­կան աշխա­տանքային փոր­ձա­ռու­թյան շնորհիվ` որին հաջոր­դեցին միա­ցյալ ինս­տիտուտի նոր կոլեկ­տիվի, նորացված գիտա­կան խորհրդի, գիտական նոր ուղ­ղու­թյուն­ների, ինչպես նաև ինստի­տուտի գիտա­կազմա­կերպ­չական նոր կառուց­ված­քի ձևավորումը: Ինստիտուտի տնօ­րեն Վ.Հարու­թյուն­յանի գործունեության առանձ­նա­հատ­կու­թյուն­ներն են. ա) հետա­զոտ­վող գիտական թեմա­ներին առավել շատ գործնական ուղղվա­ծության հաղոր­դումը և թեմային վերա­բե­րող եզրա­կա­ցու­թյուններն ու առա­­ջար­կություն­ները ՀՀ կա­ռավարու­թյուն ներկա­յաց­նե­լը` վերջի­նիս կող­մից մշակվող հայե­ցա­կարգային ու ռազ­մա­վարա­կան փաս­տա­թղթերում դրանք հաշվա­ռելու և ներա­ռելու համար, բ) հանրա­պետության սոցիալ-տնտեսա­կան զարգացման հիմ­նախնդիրներին նվիրված հանրա­պե­տա­կան ամենամյա գիտա­ժողովի անցկացումը և գիտական հոդվածների հսկայա­ծավալ ժողո­վածուի հրապա­րա­կումը, գ) ինստիտուտի գի­տա­կան կոլեկ­տի­վի երիտա­սար­դա­ցումը, դ) հրապարակվող գրքե­րի տա­րեց­­տարի ավե­լա­ցումն ու որակի բարելավումը, ե) արտերկրում անց­կաց­վող գի­տա­ժողովներին երիտա­­սար­դության մասնակ­ցու­թյան ապահովումը:

Երկար տարիներ աշխատանքային փորձա­ռու­թյուն ձեռք բե­րե­լով ֆինանսական և հարկային հա­մա­կար­գե­րում Վ.Հարու­թյուն­յանը դոկտորական ատե­նա­խոսություն է պաշտպանում «Հարկա­բյուջետային քա­ղաքակա­նու­թյունը և նրա կատարելագործման հիմ­նախնդիրները ՀՀ-ում» թեմայով և հետագա հետա­զո­տու­թյուն­ների առանցք է դարձնում նշանակալից հե­տաքրքրություն ներկա­յացնող հարկաբյուջետային հիմ­նախնդիրները, դրանք քննար­կելով ոչ միայն տեսական, այլև գործնական հարթության դաշտում: Մինչ այդ հայ հետազոտողների ուշադրու­թյունից դուրս էին մնացել հարկային քաղաքականության սողանցքների բացա­սական ազդե­ցու­թյունների հե­տևանք­ների ու դրանց վերացման ուղիների հիմ­նախնդիրները, որոնք «թաքն­ված են» գործող օրենսդրական և ենթա­օրենսդրական ակտերում և հանդես են գալիս հարկային լծակների ու գործիքների ձևով (հարկադրույք, հարկման բազա, հարկման օբյեկտ, հարկային արտոնություններ և այլն): Դրանց և այլ հիմնախնդիրների լուծումներն իրենց արտացոլումն են ստացել Վ.Հարությունյանի «Հար­կային քաղաքականությունը և նրա կատա­րելագործման հիմ­նա­հարցերը Հայաստանի Հանրապետությու­նում» (Երևան, «Զանգակ-97», 2003) մենագրությունում, որում հեղինակը առաջինն է տվել. ա) ՀՀ-ում իրա­կա­նացված հարկային քաղաքա­կանության փուլային բաժանումը, բ) համալիր ու ամբողջական առաջարկներ է արել հարկային օրենս­դրության կատարելա­գործ­ման ուղինե­րի վերաբերյալ և հիմնավոր ու փաստարկված քննա­դա­տության ենթարկել «Պարզեցված հարկի մասին», «Հաս­տա­տագրված վճար­ների մասին», «Ծխախոտի ար­տադրանքի համար հաս­տա­տագրված վճարների մասին», «Բենզինի և դիզելային վա­ռելիքի համար հաս­տատագրված վճար­ների մասին» ՀՀ օրենքներն ու առա­ջարկել «հրաժարվել հաս­տա­տագրված վճար­ներից և պար­զեցված հարկից», որոնք կյանքի են կոչ­վել մենագրության հրա­պարակումից տա­րի­ներ անց (2009-ից):

Վ.Հարությունյանը արժեքավոր առա­ջար­կություններ է կա­տա­րել բյուջետային քաղաքականության կատա­րելա­գործ­ման, տեղական ինքնակառա­վար­ման հա­մա­կար­գի կայացման ու ֆի­նան­սական համա­հարթեցման հիմնա­խնդիր­­ների լուծման ուղի­ների վերա­բերյալ: Խոսքը, մաս­նավորապես, վերա­բերում է իշխա­նության կառա­վար­ման տար­բեր մակար­դակ­ների միջև ծախսային իրավա­սու­­թյունների բաշխ­մանը, բոլոր մա­կար­­դակների բյուջե­ներից ֆինան­սա­վորվող միավոր աշ­խատանքների ու մատուց­վող ծառայու­թյուն­ների նոր­մա­տիվ­ների օրենս­դրա­կան մակար­դակով սահմանմանը, հա­­մայն­քային բյու­ջեների եկա­մտա­յին բազայի ամրա­պնդ­մանը, հա­մայնք­ների վարչատա­րածքային բա­ժան­ման խոշորացմանը, պետա­կան պարտ­քի և բյուջեի դեֆիցիտի արդյունավետ կառավարմանը, պե­տա­կան բյուջեի եկամուտների ու ծախսերի դասա­կարգ­ման կա­տա­րելագործմանը, հա­մայն­քային բյուջե­նե­րին հատ­կաց­վող դոտա­ցիա­ների արդա­րացի բաշխմանը, որի նպատակը հեղինակը համարում է «համայնքներում մարդ­­կանց կյանքի որակի բարե­լավումը և տարբեր հա­մայնքների միջև առկա տարբերությունների նվազե­ցումը» և այլն (նշված հիմնա­խնդիր­ների ու դրանց լուծում­ների մասին տե՛ս «Բյուջետային քաղաքա­կա­նու­թյունը և նրա կատարելագործման հիմնահար­ցերը Հա­յաս­­տանի Հան­րա­­պե­­տու­թյունում», «Համայնք­ների սոցիալ-տնտե­­սա­կան զարգացման և ֆինան­սական հիմ­նա­խնդիր­ների լուծման ուղիները», «Ֆինան­սա­կան համա­հար­թեց­ման հիմնա­խնդիր­ները» աշխատություն­ներում):

2003-2008թթ. ազգային արժույթի միտումները, սկսված հա­մաշխարհային ֆինանսատնտեսական ճգնա­­­ժամը և դրանից բխող ազդեցության տարաբնույթ դրսևորումները, շուկայական հարա­բե­րությունների կա­ռու­ցակարգային հիմքերի վերանայման քննար­կում­­ները և այլն, ստիպում են նոր դիտակետից հետազոտել ար­տա­քին տնտեսական քաղաքականության և միջազ­գա­յին հա­մագոր­ծակ­ցության հիմնախնդիրները, որոնք, մաս­նավորապես, կապված են արտահանման խրա­խուս­ման ու տնտեսության մաս­նա­գիտացման, արժու­թա­յին կուրսերի և տնտեսական աճի փո­խազ­դեցության կարգավորման, ներդրումային միջա­վայրի բարե­լավ­ման հետ: Այս հիմնախնդիրների հա­մա­տեքստում Վ.Հա­րու­թյուն­յանն իր «Արտա­հանման աճի և տնտե­սու­թյան մաս­նա­գի­տացման հիմնա­խնդիր­ները Հա­յաս­տանի Հան­­­րապետությունում» (Երևան, ՀՀ ԳԱ «Գի­տու­­թյուն» հրատ., 2009) աշխատության մեջ քննարկման առարկա է դարձրել արտաքին տնտեսական հարա­բե­րու­թյունների էվոլյու­ցիան, արտահանման աճի, տնտե­սու­թյան մաս­նա­գիտացման և ազգային տնտեսության պաշտ­­­պան­վա­ծու­թյան գնահատման չափորոշիչներն ու մեթոդա­կան հիմքերը, ՀՀ միջազգային համագործակցության ձևա­չափերն ու ռազմա­վա­րությունը, արտահանման ու ներ­մուծման միտումները, դրանց խոչընդոտները և հաղ­թա­հարման հնարավոր տարբերակները` դրանք քննարկելով տեսագործնական ու մեթո­դա­բանական հար­թությունում:

Վ.Հարությունյանի գիտական հետաքրքրություն­նե­րի մի բա­ժինն էլ համաշխարհային ֆինանսա­տնտե­սական ճգնաժամի հիմնախնդիրներն են, որոնք իրենց ար­տա­ցո­լումն են ստացել «Համաշխարհային ֆինան­սա­տնտե­սա­կան ճգնաժամ. պատ­ճառ­ներ, հակաճգնա­ժամային միջո­ցա­ռումներ և դասեր» (Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009) մենագրությունում: Այն ճգնաժամին նվիրված առա­ջին գիրքն է ՀՀ-ում, որում հե­ղի­նակը ներկայացրել է ճգնա­ժամի առաջացման պատ­­ճառները, առանձ­նա­հատ­կու­թյուն­ները, նրա բա­ցա­­սական դրսևորումները, աշ­խարհի թվով 39 երկրնե­րի, Արևելյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրների հա­կաճգնաժամային միջոցառումների փոր­ձը, և միա­ժա­մանակ կիրա­ռա­կան բնույթի առա­ջար­կու­թյուններ է ներկայացրել ՀՀ կա­ռավա­րու­թյան հակա­ճգնա­ժամային միջոցառումների արդյու­նա­վետու­թյան բարձ­րացման ուղի­ների վերաբերյալ: Նշված հարցերը իրենց հետագա զարգացումներն են ստացել «Ճգնաժամ. մակ­րոտնտե­սական իրավիճակն աշխարհում և Հայաս­տա­նում» աշ­խա­տության մեջ:

Ամեն անգամ հետճգնաժամային ուսումնասիրու­թյուն­­ները բնորոշվում են դրանց պատճառների բացա­հայտ­մանն ուղղված բնութագրություններով, ընդլայնելով հար­ցի իմացաբանական տարողությունը։ Արդի պայ­մաններում դրանք ավելի են խճճվել որպես ներքին ու արտաքին պատճառների բազմաշերտ կապերի ամբողջություն։ Իսկ, ինչպես ցույց են տալիս հակա­ճգնա­ժամային ծրագրերը, ինչպես նկատում է Վ.Հարու­թյուն­յանը. «Ակնհայտ է, որ պետությունների ակտիվ գործո­ղու­թյունների արդյունքում հնարավոր դարձավ համե­մատաբար արագ կերպով հաղ­թահարել ճգնաժամի ստացման փուլը և տնտեսությունը բերել բնականոն գործողության վիճակի… դառնալով տնտե­սական, ֆի­նան­սական, իրավական, կազմակերպ­չա­կան և կառա­վարչական գործընթացների կազմակեր­պիչն ու ուղղոր­դողը»։ Նշված հարցերը քննության առար­կա են դարձել «Պետական հակաճգնաժամային քաղա­քա­կա­նության միջազգային փորձը և դրա վերլու­ծու­թյունը», «Հակա­ճգնաժամային միջոցառումները և մակրո­տնտե­սա­կան հիմնական ցուցանիշների փոփոխության միտում­ները» մենագրություններում։

Շուկայական տնտեսակարգը ենթադրում էր հան­րա­պետության հարկային համակարգի արմատական փոփո­խություն։ Սակայն, թեև իր ամբողջության մեջ ուրվագծվել է Հայաստանի Հանրապետության հարկա­յին համա­կարգը, սակայն նրա օրենսդրական դաշտում դեռևս առկա են անորոշություններ, հակասական կող­մեր՝ հար­կաբյու­ջե­տային իրավասությունների և սոցիալ-տնտեսական պա­տաս­խանատվությունների կենտ­րո­նի ու տեղերի հստա­կեցման և այլ առումներով։ Եվ, ոչ պա­տահականորեն, վեր­ջին տարիներին ինս­տիտու­տում հա­մակարգված ուսում­նա­սիրությունների առարկա է դար­ձել հարկային համա­կարգը՝ հետազո­տական տար­բեր խմբերի կողմից՝ ուշադ­րության առնե­լով նրա տար­բեր շերտերը Վ.Հարու­թյուն­յանի ղեկա­վա­րությամբ։ Այս իմաստով հատկապես ուշա­գրավ պետք է դիտել «Հար­կեր և հարկագանձում» ծավա­լուն աշխա­տու­թյու­նը (հեղ.՝ Վ.Հարությունյան, Դ.Հարու­թյունյան և Տ.Հարու­թյունյան) (Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010)։ Այն հետաքրքիր տեղեկություններ է պա­րու­նա­կում հարկերի և հարկագանձման սկզբունքների ու տե­սաիրավական հիմքերի վերաբերյալ սկսած հին աշ­խար­հից, ինչը գալիս է հաստատելու, որ ժամա­նա­կա­կից գրեթե բոլոր հարկատեսակներն այս կամ այն չափով ունեցել են իրենց նախնական դրսևորումները և, որ հար­կերը տնտե­­­սական հարաբերությունների ամե­նահնագույն ձևե­րից են։ Ընդհանրապես, պետության մեջ հարկային հարաբերությունները արտահայտվում են հարկային քա­­ղաքականության մեջ, որը կոչված է պետության գոր­­ծունեության համար անհրաժեշտ ֆի­նանսական ռեսուրս­ներով ապահովման, ազգային տնտե­սության արդյու­նա­վետության բարձրացման բա­րե­նպաստ պայ­մանների ստեղծման և բնակչության կեն­սամակարդակի բարձրաց­ման համար։ Սակայն, ինչպես նկատում են հեղինակները. «Հարկային քաղաքակա­նությունը տնտե­­­­­սության պետա­կան կարգավորման այն տեսու­թյան ածանցյալն է, որը որդեգրում է տվյալ երկրի իշ­խա­նությունը։

1990-ական թվականների ՀՀ-ի համար այդպիսին մո­նե­տարիստական տեսությունն էր, որում շուկայական տնտե­սությանն անցնող երկրների վերաբերյալ ցուցում­ներ չկային, և վերածվեց արագ վերականգնման հույ­սերի էյֆորիայի»։

Աշխատության մեջ ՀՀ հարկային օրենսդրության պատ­­մությունը բաժանվում է երկու փուլերի՝ 1992-1997թթ.՝ որպես առաջին կամ ձևավորման փուլ և 1997-ից հետո որպես երկրորդ կամ բարեփոխումների փուլ։ Ինչ­պես ամբողջ տնտեսական համակարգի, այնպես էլ նրա մի մասը կազմող հարկային համակարգի համար դա բեկ­ման ժամանակաշրջան էր, երբ նորմատիվ օրենք­ներով կար­գավորվածությունը, գործողության մեջ դրված հար­կա­տեսակներն ու տուրքերը հաճախ իրա­կան հատվա­ծում ունենում էին այլ հետևանքներ, ազ­գային տնտեսության աճի լծակներից վերածվելով «պատ­ժամիջոցների»։ Նշված հարցերը ստացել են հա­մա­պատասխան մեկնություններ և ժամանակի հոսքի մեջ վեր հանել հարկատեսակների և տուրքերի գոր­ծո­ղության սահմաններն իրենց հակա­սական և կատա­րե­լա­գործում ակնկալող պարագծերում։ Տնտեսական կյանքի երևույթները մշտապես գտնվում են հակադ­րության բանաձևի առաջ, ո՞րն է ճիշտ, ո՞րը սխալ, եթե դա ճշմարիտ է մի երկրի համար, ինչու է անընդունելի մեկ ուրիշի համար, ինչպես համադրել այդ անջատումը և բազմաթիվ այլ հարցեր վերջին տասնամյակներին ուղեկ­ցել են «հարկային հիմնախնդրի» հետ կապված վերլու­ծու­թյունների ժամանակ։ Այս իմաստով «Հարկեր և հար­կա­գան­ձում» մենագրությունը հարկային պար­տա­վորու­թյուն­ների հաշվարկման օրենսդրական և մեթոդաբանական հիմ­քերը ՀՀ-ում, հարկման արդյու­նա­վե­տության և պետա­կան բյուջեի հարկային եկա­մուտների գնահատականը ՀՀ-ում, ՀՀ հարկային պար­տավորությունների հաշվարկ­ման կատարելագործ­ման ու օրենսդրական մոտեցումները ՀՀ‑ում, փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկման հիմնա­խնդիր­ները և դրանց լուծման մոտեցումները ՀՀ-ում, ֆի­նանսա­տնտեսական ճգնաժամի հետևանքները և հա­կա­­ճգնա­ժամային միջոցառումների բարելավման ուղի­նե­րը, ըստ էության ՀՀ հարկային օրենսդրության ընթեր­ցում­ներն են կոնկրետացված ազգային տնտեսության տեսա­դաշտի վրա իրականության հետ համադրման, պարզա­բա­նում­նե­րի և միջազգային փորձի հաշվառման առում­ներով։

Ինստիտուտի գիտական թեմատիկայում կարևոր տեղ է հատկացվել գիտելիքահենք տնտեսության հիմ­նա­խնդրին։ Հասարակության զարգացման պատմու­թյու­նը, ըստ էու­թյան գիտելիքի զարգացման պատ­մու­թյուն է։ Արդի տնտե­սության զարգացման ու տնտե­սական մրցակցության հիմ­նահարցերն ուղղակիորեն կապված են գիտության ու կրթության լծակների հետ։ Հենց այդ փոխադարձ կապին է նվիրված «Գիտա­կրթա­կան համակարգը և տնտեսական զարգացումը» աշխատությունը (հեղինակներ՝ Յու.Սու­վար­յան, Վ.Հարու­թյունյան, Վ.Սարգսյան, Վ.Խաչատրյան)։ Նրանում անդ­րադառնալով տնտեսական զարգացման վրա գիտա­կրթական համակարգի ներազդեցության գնահատ­ման մեթոդաբանական առանձնահատկություններին, կրթու­­թյան դերը դիտարկվում է տարբեր համա­կար­գերի հիե­րարխիայում, այն կոնկրետացնելով ՀՀ տնտեսական զարգացմանը, կատարելով որոշակի ընդհանրացումներ ու առաջարկություններ։ Նշված աշխատության օրգա­նա­կան շարունակությունն է նույն հեղինակների «Գիտա­կրթա­կան համակարգի կառա­վարման ռազմավարու­թյունը» ուսումնասիրությունը։ Ինչպես նշվում է աշխատության նե­րա­ծականում, կրթության և գիտության փոխադարձ կապի հարցերը մակրոմա­կար­դակում հաճախ կատարվում են «միասնական կառա­վարման մեկ մարմնի (նախարա­րու­թյան) միջոցով։ Սակայն տնտեսության նորամուծական զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունը ներկայումս օրախնդիր է դարձնում ստեղծել կառավարման այնպիսի հա­մա­կարգ, որն ապահովի կրթության, գիտության և ար­տադրության իրական միասնացումը»։ Հենց այդ դի­տա­կետից էլ մի­ջազգային փորձի քննության արդյունքում փորձ է ար­վում բացահայտել հանրապետության «դեռևս չլուծ­ված հիմնախնդիրները և առաջարկել դրանց լուծ­ման ուղիները»։

Ընդհանրապես տասը տարին մի ժամանակա­հատ­ված է, որը պատկերացում է տալիս ցանկացած գործողության արդյունքների մասին։ «Տնտեա­գիտու­թյան ինստիտուտը տասը տարում. 2006-2016 (հետա­զոտական արդյունքների ուրվագիծ)» աշխատությունը (հեղինակներ՝ Վ.Հարու­թյուն­յան, Ռ.Սարինյան) կատա­րած աշխատանքների լոկ խրո­նոլոգիա չէ, այլ այդ ժամա­նակաշրջանում ինստիտուտի գործունեության, ըստ ուղղությունների հրատարակված աշխատու­թյունների հանգամանալից վերլուծություն, որը պատ­կերացում է տալիս ինստիտուտի տնտեսագիտական մտքի տեսական և կիրառական հարցերի առջադրվող լուծումների տեսադաշտի վերաբերյալ։

Վ.Հարությունյանը գիտության և կրթության բնա­գա­վառում մատուցած ակնառու ծառայությունների հա­մար 2013 թվականի հոկտկտեմբերի 14-ի ՆՀ-260-Ա հրա­մա­նագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ ՀՀ գի­տության պետական կոմիտեի կող­­մից 2014 և 2016 թվա­կաններին գիտատեխ­նի­կա­կան և գիտական թեմա­նե­րում ընդգրկված բարձր արդ­յունավետությամբ աշ­խա­­տող գիտաշխատողների հա­մար հայտարարված հան­րապե­տա­կան մրցույթի հաղթող է։

Աշխատություններ։ Հարկային քաղաքականությունը և նրա կատարե­լա­գործ­ման հիմ­նա­հարցերը Հայաստանի Հանրապետությունում, Եր., «Զան­գակ-97» հրատ., 2003, Բյուջետային քաղաքակա­նու­թյունը և նրա կա­տարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետու­թյու­նում, Եր., «Զանգակ-97» հրատ., 2003, Սոցիալ-տնտե­սական զար­գաց­ման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գի­տու­թյուն» հրատ., 2007 (համահեղինակ և պատասխա­նատու խմբագիր), Հա­մայնք­ների սոցիալ-տնտեսական զարգաց­ման և ֆինանսական հիմ­նախնդիրների լուծ­ման ուղիները, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2008 (համա­հե­ղինակ), Ֆինան­սական համահարթեցման հիմ­նա­խնդիր­ները, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2008 (համահեղինակ), Սո­ցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիր­ները Հայաս­տանի Հանրապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2008 (հա­մա­հեղինակ և պատասխանատու խմբագիր), Արտահանման աճի և տնտե­սական մաս­նա­գի­տաց­ման հիմնախնդիրները Հայաստանի Հան­­րապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (հա­մա­հե­ղինակ), Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնա­ժամ. պատ­ճառներ, հակաճգնա­ժա­մա­յին միջո­ցա­ռումներ և դասեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնա­խնդիր­ները Հայաստանի Հանրապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (համահեղինակ և պատասխանատու խմբա­գիր), Նշանավոր տնտե­սագետների տողանը (հետքեյնսյան շրջան) գիտակենսա­գրա­կան ուրվագծեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (գիտական խմբագիր), Ֆինանսատնտեսական ճգնա­ժամը Հա­յաստանում և աշխարհում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (համահեղինակ և գիտական խմբագիր), Հարկեր և հարկագանձում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010 (համահեղինակ), Ճգնա­ժամ. մակ­րոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010 (համահեղինակ), Սոցիալ-տնտե­սա­կան զարգաց­ման արդի հիմնա­խնդիր­ները Հայաստանի Հանրա­պետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտու­թյուն» հրատ., 2010 (համա­հե­ղի­նակ և պատասխանատու խմբագիր), Հայ տնտեսագետներ (գիտա­կեն­սագրական ուրվա­գծեր), Եր. 2010, (համահեղինակ), Հակաճգնա­ժամային միջո­ցա­ռում­ները և մակրոտնտեսական հիմնական ցուցա­նիշ­ների փոփո­խության միտումները, Եր., 2011 (համահեղինակ), Նշա­նավոր տնտե­սա­գետների տողանը (մինչքեյնսյան շրջան) գիտակեն­սա­գրա­կան ուրվագծեր Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012 (հա­մահեղինակ), Պետական հակաճգնաժամային քաղաքականու­թյան միջազգային փորձը և դրա վերլուծությունը, Եր., 2014 (համա­հե­ղի­նակ), Տնտե­սա­գի­տության ինստիտուտը 10 տարում 2006-2016թթ. (հետազո­տա­կան արդյունքների ուրվագիծ) Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտու­թյուն» հրատ., 2016 (համահեղինակ)։