Տնօրեն` 1999-2012թթ․

Ծնվել է Չախրլու (այժմ` գ. Խաչաղբյուր` ՀՀ Վար­դե­նիսի շրջանում): Նախնական կրթությունը ստացել է ծննդա­վայրում, իսկ 1946-ին ավարտել է Վարդենիսի միջ­նա­կարգ դպրոցը: 1946-49-ին աշխատել է Խա­չաղբյուր գյուղի միջ­նակարգ դպրոցում: 1949-ին ըն­դունվել և 1954-ին գերա­զանցության դիպլոմով ավար­տել է Երևա­­նի պետական համալսարանի տնտե­սա­գիտական ֆակուլ­տետը և որից հետո մինչև 1960թ. աշ­խատել է «Հայպետհրատում»: 1960-ից աշխա­տել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտում: 1960-ին ընտր­վել է ավագ գիտաշխատող, 1963-ին նշա­նակվել է ինստիտուտի գիտնական քարտուղար, 1967-ից պար­բերաբար ընտրվել է ժողովրդագրության և աշխա­տանքային ռեսուրսների բաժ­նի վարիչ, 1983-ից` ինս­տի­տուտի փոխտնօրեն, 1999-2006թթ.` տնօրեն, 2006-ից` տնօրենի խորհրդատու: 1963-ին ստացել է տնտե­­սագի­տության թեկնածուի, 1975-ին` տնտեսա­գիտության դոկ­տո­րի գիտական աստիճան, պրոֆեսոր է 1977-ից: 1982-ին նա ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1994-ին` ակա­դեմիկոս:

Խոջաբեկյանի առաջին աշխատությունները վերա­բե­րում են ճյուղային տնտեսագիտությանը: «Ներարտա­դրա­կան ռեզերվները մեքե­նաշինության մեջ Հայկական ՍՍՌ մեքենաշինական ձեռ­նար­կու­թյունների օրինակով» աշ­խա­տանքում բացահայտվում է ար­տա­դրական ռե­զերվ­նե­րի էությունը, տրվում են ներարտադրական ռե­զերվ­ների դասակարգումը, դրանց տարբեր տեսակ­ների միջև եղած կապն ու փոխհարաբերու­թյունը, աշխա­տան­­քի արտադ­րո­ղա­կա­նու­թյան բարձրացման ռեզերվ­ները:

Նրա գիտական հետաքրքրությունների հետագա ոլորտները վերաբերում են ժողովրդագրության և զբաղ­վածության քաղաքա­կանության մշակման, բնակ­չու­թյան և աշխատանքային ռեսուրս­ների կառավարման փոփո­խու­թյունների և կանխատեսման, ՀՀ սոցիալ-տնտե­սական հեռանկարային հիմնախնդիրներին:

1968-ին Մոսկվայում ռուսաց լեզվով լույս է տես­նում «Հայ­կական ԽՍՀ բնակչության ընդլայնված վերար­տադ­րությունը և աշխատանքային ռեսուրսների օգտագործումը 1966-1985թթ.» եռա­հատոր կոլեկտիվ աշխատությունը նրա մասնակցությամբ ու ղեկավարու­թյամբ: Դրանում կան­խա­տեսվում են հանրապետության աշխատանքային ռե­սուրս­ների զարգացումը երկարա­տև հեռանկա­րում, հիմնա­վոր­վում են աշխատանքային ռեսուրսների կազմա­վոր­ման ու բաշխման ուղիները: Այդ հարցերն իրենց խորացումներն են ստանում նրա «Հայ­կական ԽՍՀ բնակչությունը և աշ­խատանքային ռե­սուրս­ների արտադրության արդի պրոբ­լեմները» և այլ աշխա­տու­թյուններում: Հայաստանում քա­ղա­քա­կեն­տ­րո­նացման մինչհե­ղա­փոխական միտումների, ինդուս­տ­րաց­ման սոցիալ-տնտեսական հետևանքների, ՀՍՍՀ քա­ղաքակենտրոնացման, էթնոժողովրդական գործըն­թաց­­­ների և բնակչության շարժի խնդիրներ են դի­տարկ­վում «Демографическое аспекрты урбанизации в армянской ССР» գրքում (համահեղինակությամբ): Իսկ «Զբաղվա­ծության հիմնա­խնդիր­ները Հայաստանում անցման շրջա­նում» մենագրության մեջ վերլուծվում են աշխա­տան­քի շուկայի և զբաղվածության պետա­կան կարգա­վոր­ման հիմ­նախնդիրները:

XIX-XX դարերում Հայաստանի բնակչության աճի և տեղաշարժերի օրինաչափությունների պատմությունը ամ­փոփում է նրա «демография и проблемы занятости в Армении с начала ХIХ века до середине XXI века» (2006) և ըստ էության ներկայացնում է նախորդ հետազո­տությունների խտացումը: Բնակչության շարժը լայն հաս­կացողություն է: Դրանք որոշակի հոսքեր են դեպի երկիր նրանից դուրս, երկրի ներսում տարբեր շրջանների, քա­ղաքների ու գյուղերի, տնտեսության տարբեր ոլորտների միջև և այլն: Աշխատությունը պատկերում է XIX դարի այդ շարժը սկսած քարավանների սկզբնաերթից դեպի Արևելյան Հայաստան (Պարսկաստանից և Արևմտյան Հայաս­տա­նից), բնակչության աճը և տեղաբաշխումը, զբաղվա­ծու­թյան ոլորտները, կապիտալիզմի զարգացման հետ կապ­ված տարածքային տեղաշարժերը և այլև:

Ժողովրդագրության հիմնական և առանցքային հար­ցը բնակչության վերարտադրության նրա թվաքանակի, կազ­մի տեղաբաշխման փոփոխության խնդիրն է, որը դի­տարկ­վում է մինչև երկրորդ աշխարհամարտը և Մեծ հայրե­նականից հետո: Վ.Խոջաբեկյանը այս վերջին շրջանի համար սահմանագծում է հիմնականում վեց փուլեր.

  • հետպատերազմյան տասնամյակը, երբ բնակ­չու­թյան բարձր աճն ուղեկցվում էր արտասահմանից կատար­վող ներգաղթով,
  • հիսունականների կեսերից մինչև 60-ականի ա­ռա­ջին տարիները, երբ բնորոշը բնակչության բնական բարձր աճն էր,
  • 60-ականի կեսերից մինչև 70-ականի կեսերը, երբ բնակչության բնական աճը տեղի էր ունենում ծննդի և մահացության նվազման պայմաններում,
  • 70-ականի երկրորդ կեսից մինչև 80-ականների վեր­ջերը, որին բնորոշ է դառնում բարձր ծնունդը, որն ուղեկցվում էր մահացության նվազման հետ,
  • հինգերորդ փուլն սկսվում է երկրաշարժով և ընդգրկում է 1990-ականի առաջին երկու տարիները, երբ ծնունդը երկրաշարժի ընթացքում կարճ տևողությամբ անկում ապրեց, հետո, ընդհակառակը աճեց: Սակայն աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական կատար­ված արմատական փոփոխությունների արդյունքում սկիզբ առած արտագաղթն ու բռնագաղթը հանգեցնում են բնակ­չության վերարտադրության նվազմանը բնորոշ դառնալով ծննդի անկումը և մահացության էվոլյուցիոն աճը,
  • 1990-ական թվականներից սկսած նորագույն շրջանը տնտեսական կյանքի աննախադեպ փոխա­կեր­պու­թյուն­ների և ժողովրդագրական նոր պրոցեսների և միտումների փուլը:

Հայտնի է այն կապը, որ առկա է ժողովրդագրության և սոցիոլոգիայի, պատմության, ազգագրության, տնտեսա­գիտության տեսության և այլ գիտությունների հետ: Սա­կայն, անհնար է այն պատկերացնել առանց վիճա­կագ­րական չափումների: Հենց վերջինս էլ հնարավորություն է տալիս երևույթները ենթարկելու համապատասխան հիմնավո­րում­ների ու եզրակացությունների:

Ինչպես ամեն մի սոցիալական հեղաշրջում, այնպես էլ անցումը շուկայական տնտեսաձևին, ուղեկցվեց բազ­մաթիվ հակասություններով: Հարկ չկա անդրադառնալու բոլոր այն արծարծումներին, որոնք առկա են Վ.Խոջա­բեկ­յանի գրքում: Իբրև օրինակ միայն մեկ «Զբաղվածության քաղաքականությունը գաղթը կարգավորող գործոն է» գլխի հարցերի բազմությունը. զբաղվածության քաղաքա­կանության դերը, աշխատանքային ռեսուրսների թերօգ­տա­գործումը և գործազրկությունը, աշխատանքի շուկայի իրավիճակը, աշխատանքի շուկայի պետական կարգա­վոր­ման անհրաժեշտությունը, արդյունաբերության վերա­կողմ­նորոշումը, գյուղատնտեսության և գյուղական բնա­կա­վայրերի վերափոխումների հեռանկարները, նյու­թա­կան արտադրության այլ ճյուղերի զարգացման անհրա­ժեշ­տությունը, ծառայությունների ոլորտի որոշ ճյուղերի կարգավորումը գիտակրթական համակարգի դերը գաղթի գործընթացներում:

Եվ այսպես, աշխատության ամբողջ շարադրանքի ընթացքում կոնկրետ առաջադրույթի շրջանակներում կա­տարվում են համապատասխան վիճակագրական նյութի վերլուծություններ, երևույթների տարբեր կապակցու­թյուն­ների մեջ փորձում որոշարկել ինչ ունենք և ինչ կարող էինք ունենալ սահմանը:

Գիտական գործունեությանը զուգահեռ նա դասա­վան­դել է հանրապետության տարբեր բուհերում:

2003-ին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մե­դալով: