ՀՀ ԳԱԱ Մ.ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԳԻԾԸ

ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի համակարգում ստեղծված տնտեսա­գի­տա­կան սեկտորը Հայաստանում  տնտեսագիտության ուղղությամբ գիտահետա­զոտա­կան բնույ­թի առաջին կառույցն էր, որը 1943 թվականին ընդգրկվեց Հայաստանի նորա­ստեղծ Գիտությունների ակադեմիայի կազմում։ 1955-ին սեկտորը վերակազմավորվեց տնտե­սագիտության ինստիտուտի (տնօրեն՝ Ա.Մարուխյան), իսկ 1999թ. անվանակոչվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Քոթանյանի անվամբ։

Ինստիտուտն ուներ երեք բաժիններ՝ քաղաքատնտեսության և ժողովրդական տնտեսության պատմության, արդյունաբերության էկոնոմիկայի և գյուղատնտեսության էկոնոմիկայի։ Ինստիտուտում կատարվող աշխատանքները հիմնականում վերաբերում էին ճյուղային տնտեսագիտության հարցերին։ Միաժամանակ նշանակալից արդ­յունք­ների ինստիտուտը հասավ նաև Հայաստանի տնտեսական պատմության և հայ տնտե­սագիտական մտքի պատմության հետազոտության բնագավառում։ Պարբերացվել է XIX-XX դարերի Հայաստանի տնտեսական պատմությունը, տրվել հողային հարա­բերու­թյունների և տնտեսության մյուս ճյուղերի, ֆինանսների, բնակչության և նրա սոցիա­լական կազմի վերլուծությունը (Մ.Ադոնց, Հ.Թումանյան, Մ.Եգանյան, Լ.Անան­յան)։ Հրա­տա­րակվել են հայ տնտեսագիտական մտքի պատմության առանձին շրջան­ներն ընդ­գրկող աշխատություններ, ուրվագծվել տնտեսագիտական մտքի հիմնական ուղղու­թյուն­ները (Ս.Զուրաբյան, Ն.Թովմասյան, Մ.Գրիգորյան)։

1960 թվականին ինստիտուտի տնօրեն է նշանակվում Ա.Առաքելյանը։ Ինստի­տու­տի համար սկսվում է նոր շրջան՝ հետազոտական գործունեության, նոր մշակում­ների և գիտական կադրերի պատրաստման առումներով։ Կազմակերպվում են տնտեսա­կան կապերի համալիր պրոբլեմների և կապիտալ ներդրումների արդյունավետության ու արդ­յունաբերության տեղաբաշխման բաժինները, տնտեսավիճակագրական լաբորա­տո­րիան։ Հրատարակվեցին Ա.Առաքելյանի սոցիալիզմի քաղաքատնտեսության տեսության հարցերին նվիրված աշխատություններ։ 1964-65թ.-ին ստեղծվում են տնտհաշվարկի և նյութական շահագրգռվածության, իսկ այնուհետև տնտեսագիտու­թյան մեջ մաթեմա­տի­կական մեթոդների կիրառման բաժինները։ Վերափոխվեց բաժին­ների թեմատիկան։ Ինս­տիտուտի գործունեությունը ստացավ ծրագրային ուղղվա­ծություն՝ երկարատև ժամա­նակի կտրվածքով։ Տնտեսագիտական հետազոտությունների որոնումների առանցքը դար­ձավ հասարակական արտադրության արդյունավետության բարձրացման խնդիր­ները, լույս տեսան բազմաթիվ աշխատություններ՝ առաջադրույթի տեսության ու կիրա­ռական բազմաթիվ կողմերի արծարծումներով. հիմնական ֆոնդերի վերարտադրություն և արդյունավետություն, գիտատեխնիկական առաջընթաց՝ կառա­վա­րում և խթանում, տնտեսական հաշվարկ (Ա.Առաքելյան, Մ.Քոթանյան, Ռ.Միրզոյան, Լ.Անանյան), կապի­տալ ներդրումների տնտեսական արդյունավետության գնահատում (Բ.Եղիազարյան), տրանսպորտի զարգացման հիմնախնդիրներ (Կ.Խուրշուդյան)։

Հետագայում ուսումնասիրվեցին ազգային հարստության, ազգային եկամտի, վեր­ար­­տադրության, կուտակման և սպառման հարցերը, արտադրության տեխնիկական զարգացման կառավարում՝ վերջնական արդյունքներով, երկրորդային ռեսուրսների օգ­տագործում (Ա.Մխիթարյան), շահեր և նյութական շահագրգռվածություն (Մ.Քոթան­յան), ընդերքի երկրաբանական տնտեսական գնահատում, նյութական ռեսուրսների օգ­տա­գործման կառավարում (Բ.Սելվինազյան), գիտություն-ար­տադրու­թյուն կապի փոխ­ազ­դեցություն (Գ.Խանիկյան) և այլն։

Ինստիտուտի թեմատիկան համահունչ էր միության առաջատար կենտրոնների հետազոտական նոր ուղղություններին։ 1960-ականներին մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ մշակվում են ՀՍՍՀ տնտեսության ամփոփ ցուցանիշների հեռանկարային տարբերակներ, ինչպես նաև հիմնական ֆոնդերի և արտադրական կարողությունների օպտիմալ օգտագործման տնտեսագիտական մաթեմատիկական մոդել (Վ.Դադայան, Ա.Հա­րությունյան, Ս.Սուքիասյան), իսկ 70-ական թվականներից գիտության էկոնոմի­կայի հարցերը (Մ.Քոթանյան, Յու.Մաթևոսով, Ա.Մխիթարյան)։

ՀՍՍՀ ԿՎՎ և ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի համատեղ աշխատանքով (գիտ. ղեկ. Շ.Մարգարյան) կազմվել են հանրապետության առաջին միջճյուղային հաշվե­կշիռները, դրանց գիտական ու գործնական արդյունքները՝ ամփոփելով «Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը» (1970) մենագրության մեջ։ Առաջին անգամ իրականացվում է հանրապետության հողային ֆոնդի տնտեսական գնահատում (Ն.Մանասերյան, Կ.Պոսոշնիկովա, Լ.Ադամյան)։ Վերանայվում են մի շարք դրույթներ, որոնք չէին արտահայտում տնտեսության իրական վիճակը և առաջարկվում նոր լու­ծում­ներ՝ կապված կոլտնտեսություններում դիֆերենցիալ ռենտայի ձևավորման և իրաց­ման պայմանների հետ։

Ինստիտուտի հետազոտական մյուս ոլորտներից են ժողովրդագրության և զբաղ­վածության քաղաքականության մշակման, բնակչության և աշխատանքային ռեսուրս­ների կառավարման փոփոխությունների և կանխատեսման հարցերը։ 1968ին Մոսկվա­յում հրատարակվում է «Բնակչության ընդլայնված վերարտադրությունը և աշ­խա­տան­քա­յին ռեսուրսների օգտագործումը 1966-1985թթ. Հայկական ՍՍՀ–ում» կոլեկտիվ եռա­հատոր աշխատությունը (Վ.Խոջաբեկյանի ղեկավարությամբ)։ Տվյալ հիմնահարցի վերա­բերյալ Հայաստանի և ԳԴՀ գիտությունների ակադեմիաների միջև կնքված երկկողմ հա­մա­ձայնագրով 1976-80թթ. ծավալվեց բեղմնավոր գիտահետազոտական աշխատանք, որի արդյունքներն արժանացան երկու ակադեմիաների բարձր գնահատականին և հրա­տարակվեցին գերմաներեն ու ռուսերեն։ Ժողովրդագրության խնդիրները շարու­նակվել են նաև նորագույն ժամանակներում՝ ինստիտուտի թեմատիկայում դառնալով քաղա­քա­կենտրոնացման, էթնոժողովրդագրության, բնակչության շարժի, աշխատանքի շուկա­յի և զբաղվածության պետական կարգավորման վերաբերյալ նոր մշակումների համար:

Սոցիալ-ժողովրդագրական և պատմական զարգացման առանձնահատկություն­ների բացահայտման ու գնահատման հիման վրա կանխատեսվել է Հայաստանի բնակ­չու­թյան ժողովրդագրական պատկերը երկարատև հեռանկարի տարբեր փուլերի հա­մար։ Դրանք, մասնավորապես ընդգրկում են 1966-1985թթ., 1971-2000թթ. և 1979-2015թթ. ժամանակահատվածները։

1970-ական թվականների վերջերին հետազոտություններ կատարվեցին հանրա­պե­տության սոցիալ–տնտեսական համալիրի զարգացման հիմնահարցերի մշակման ուղղությամբ։ Հիմնավոր առաջարկություններ արվեցին ժողովրդական տնտեսության պլանավորման ավանդական համակարգից նպատակային համալիր ծրագրերի մշակ­ման համակարգին անցում կատարելու մասին։

80-ական թվականներին մի շարք ելակետային դրույթների հիման վրա գիտակա­նորեն լուսաբանվել են այնպիսի հասարակական, տնտեսագիտական կատեգորիաներ, օրենքներ, հասկացություններ, ինչպիսիք են արտադրողական ուժերը և արտադրական հարաբերությունները, հակամարտ և ոչ հակամարտ հասկացությունները, նյութական շահերը և նյութական շահագրգռվածությունը, ապրանքադրամային հարաբերություն­ները և այլն։ Քննարկվել են գիտատեխնիկական առաջընթացի տնտեսական հիմնահար­ցերը։ Այս իմաստով հիշարժան է Մ.Քոթանյանի, որը տնտեսագիտության ինստիտուտի տնօրենն էր 1987ից, «Գիտատեխնիկական հեղափոխությունը և տնտեսագիտության տեսու­թյունը» (ռուս., 1988) մենագրությունը։

1990-ական թվականներին Հայաստանը դիմորոշվեց դեպի շուկայական տնտե­սաձևը։ Հետազոտություններ են կատարվել շրջանների տնտեսական ինքնուրույնության կառավարման վերաբերյալ, կանխատեսվել են տնտեսության զարգացման հիմնական ուղղու­թյուն­ները՝ դրանք դիտելով որպես երկրի տնտեսական անվտանգության կարևոր ռազմա­վարություն։ Առաջարկվել են Սևանա լճի ավազանի տարածաշրջանի սոցիալտնտե­սական զարգացման հիմնական ուղղություններ և էկոլոգատնտեսական հիմնահարցերի մշակման համակարգեր, նախագծվել են էներգախնայող միջոցառումներ, նշվել են էներգիայի այլընտրանքային արդ­յունքների արդյունավետ օգտագործման բարձրացման ուղիներ։ Մշակվել են տուրիզ­մի ինդուստրիայի ստեղծման հանձնարարականներ (Ռ.Իսախանով)։ Վերլուծվել են բարե­փոխումների ռազմավարության և տակտիկայի հարցերը, հիմնավորվել են հան­րապետության ազգային էկոնոմիկայի ստեղծման, անկախության և ազգապահպա­նու­թյան ռազմավարական ուղղությունները, շուկայական էկոնոմիկայի պետական վերա­հսկման և կարգավորիչ դերի, քաղաքակիրթ շուկա ձևավորելու անհրաժեշտու­թյունը (Մ.Քոթան­յան, Վ.Խոջաբեկյան)։

Քննական վերլուծության են ենթարկվել ագրարային արմատական վերակա­ռուցումների նախնական արդյունքները, մշակվել են նաև Հայաստանի ագրոարդյու­նա­բերական համալիրի հակաճգնաժամային միջոցառումների և սոցիալտնտեսական զար­գացման հիմնադրույթները։ Ուսումնասիրվել են հանրապետության գիտատեխնի­կա­կան ներուժի զարգացման և օգտագործման, ինովացիոն գործունեության, արտաքին տնտե­սական կապերի զարգացման և կատարելագործման հիմնահարցերը (Գ.Խանիկ­յան, Թ.Թո­րոսյան, Հ.Ֆահրադյան)։ Ինստիտուտի հետազոտական գործունեության հա­մար բնո­րոշ դարձան ամբողջատիրական էկոնոմիկայից շուկայականին անցման գործ­ըն­թաց­ները։ Մ.Քոթանյանի «Շուկայական էկոնոմիկա» (1998) մենագրության մեջ քննու­թյան են առնվում բարեփոխումների ռազմավարությունը և տակտիկան, հիմնա­վորվում են հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակման, ազգային տնտեսական մոդելի ստեղծման, անկախության ու ազգապահպա­նության ռազմավարական ուղղությունները։

Հետազոտվել են Հայաստանի հանքային հումքի և հանքարդյունաբերության էկո­նոմիկայի առանձին ոլորտներ, մշակվել են առավելապես դեպի տեղական հանքահում­քային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը վերակողմնորոշելու հնարավոր ուղ­ղությունները, հիմնախնդիրների հետազոտության շրջանակներում տրվել են ՀՀ ոչ մե­տա­ղական օգտակար հանածոներից մի քանիսի օգտագործման արդյունավետության բարձ­րացման ուղղությունները (Հ.Ավագյան)։Հայաստանի էներգետիկայի զարգացման տնտեսագիտական հիմնահարցերի ուսումնասիրությամբ տրվել է ՀՀ վառելիքա­էներգետիկ համալիրի և նրա բաղկացուցիչ մասը կազմող էլեկտրաէներգետիկ, ջերմա­մատակարարման և վառելիքամատակարարման համակարգերի զարգացման հիմնա­կան մեթոդները, ճյուղի կառավարման համակարգի կատարելագործման ուղիները (Դ.Ար­­շակ­յան)։ Ուսումնասիրվել են հարկաբյուջետային քաղաքականության սկզբունք­ները և դրանց կիրառումը ՀՀ–ում, ինվեստիցիոն շուկայի ձևավորման և բազմաթիվ այլ հիմնախնդիրներ (Ս.Պողոսյան, Ի.Հակոբյան)։

2000թթ. ինստիտուտի գործունեությունը նշանավորվեց տնտեսագիտական հիմնախնդիրների հետազոտությունների նոր ուղղություններով։

Հայաստանի բնակչության աճի և տեղաշարժերի օրինաչափություններին է նվիրված Վ.Ե.Խոջաբեկյանի «Հայաս­տանի բնակչության վերարտադրությունը և տեղաշարժերը . XIX XX դարերում XXI դարի շեմին» մենագրությունը (2002թ.)։

2007ից ինստիտուտի տարեգրության մեջ սկսվում է մի նոր շրջափուլ, երբ ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ճյու­ղային տարբեր ենթակայության (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ու գյուղա­տնտեսության նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն) երեք գիտահետազոտական ինստիտուտները՝ «Տնտեսա­գիտական հետա­զոտությունների ինստիտուտ», «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազո­տա­կան ինստիտուտ», «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պե­տական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել և միացնել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. Տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։Ինստիտուտի տնօրինությունը ստանձնեց Վ.Հարու­թյունյանը։ Սկսվեց բարդ ու դժվարին գործընթաց՝ կապված միացյալ ինստիտուտի նոր կոլեկտիվի, նորացված գիտական խորհրդի, գիտական նոր ուղղությունների, ինչպես նաև ինս­տի­տուտի գիտակազմակերպչական նոր կառուցվածքի ձևավորման հետ։

Ինստիտուտում համակարգված ուսումնասիրությունների առարկա է դարձել հար­կային համակարգը՝ հետազոտական տարբեր խմբերի կողմից ուշադրության առնե­լով նրա տարբեր շերտերը (ղեկ. Վ.Հարությունյան)։Ուշագրավ է «Հարկեր և հարկա­գանձում» աշխատությունը (հեղ. Վ.Հարությունյան, Դ.Հարությունյան, Տ.Հարությունյան)։ Նրանում, ըստ էության, կատարվում են ՀՀ հարկային օրենսդրության ընթերցումներ՝ կոնկրետացված ազգային տնտեսության տեսադաշտի վրա իրականության հետ համա­դրման, պարզաբանումների և միջազգային փորձի հաշվառման առումներով։ Ֆի­նան­սա­կան հիմնախնդիրներն իրենց վերլուծական խորացումներն են ստացել հա­մայնքների սոցիալտնտեսական զարգացման, ֆինանսական համահարթեցման, հարկ­ման արտերկ­րյա մոտեցումների և ՀՀ-ում դրանց կիրառման հնարավորությունների մա­սին հրատա­րակ­ված աշխատություններում։

Ինստիտուտի ուսումնասիրությունների մի բաժինն էլ վերաբերում է համաշխար­հային ֆինանսատնտեսական ճգնաժամի խնդիրներին։ Այս ուղղությամբ Վ.Հարու­թյուն­յանի «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ» (2009), Վ.Հարությունյանի և Վ.Խա­չատրյանի «Ճգնաժամ. մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում», (2009) առաջին մենագրություններն են, որոնցում ուսումնասիրելով ՀՀ տնտեսության մեջ մակրոտնտեսական քաղաքականության առանձին մեխանիզմների և գործիքների կի­րարկ­ման առանձնահատկությունները և տնտեսական հիմնահարցերի առկա վի­ճակը, գնահատվել են դրանց հետագա զարգացման միջոցառումներն ու հեռանկարները։

Վ.Հարությունյան, Ա.Թամազյան, Ն.Հայրապետյան հետազոտական խումբը ար­տա­հանման աճը քննության է ենթարկում տնտեսության մասնագիտացման հետ ունե­ցած կապերի մեջ։ Դիտարկվում են ներդրումային ու արժութային փոխանակության, ինս­­տիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հարցերը, ուրվագծում ՀՀ ար­տա­քին տնտեսական գործունեության քանակական ու որակական բնութագրիչներն ու միտումները։

Հետազոտություններ են կատարվել մարդկային կա­պի­տալի, ապագա մարդ­կա­յին հասարակության էության բնու­թագրման ու ձևավորման, գիտու­թյան դերի վերա­բեր­յալ (Բ.Եղիազարյան)։ Անդրադառնալով մարդկային կապիտալ հասկա­ցության էությանը, որն առնչվում է երևույթների տարբեր տեսանկյունների հետ, ինչը կարող է հնարավորություն տալ հասկանալու արդի տնտեսա­կան փոխակերպու­թյուն­ները, սահմանազատվում են մարդ­­­կային ռեսուրս, կադրային ռեսուրս, կադ­րային կապի­տալ, մարդկային ներուժ, մարդկային զար­գացում հաս­կա­ցությունները։ Մարդկային հա­սա­րա­կու­թյան, այսպես կոչված, անշեղ զար­գացման տնտեսա­գի­տա­կան օրենքի գործո­ղությունը, մարդկության սոցիա­լական ու բարո­յական կատա­րելա­գործման իրական միջոցները կապ­վում են գիտության հետ։ Իսկ վերջինս պայ­մա­նավորված է գործող կրթական համա­կարգով։ Եվ, որպես զարգաց­ման և տնտե­սական աճի վե­րաբերյալ նոր համա­կարգի մշակման անդրադարձ պիտի դիտել «Գի­տա­կրթական համակարգը և տնտե­սական զարգացումը» հեղինակային կոլեկտիվի (հեղ. Յու.Սու­վար­­յան, Վ.Հարու­թյունյան, Վ.Սար­գս­յան, Վ.Խաչատր­յան) (2011), «Գիտակրթական հա­մա­կարգի կառա­վար­ման ռազմավարությունը» (2013), (հեղ. Յու.Սուվարյան, Վ.Հարությունյան, Վ.Սար­գս­յան, Վ.Խա­չա­տ­րյան), Յու.Սուվարյանի «Տնտեսագիտություն, գիտու­թյուն, կրթու­թյուն» (2014) ուսումնա­սիրություն­նե­րը։ Կա­ռա­վարչական մտքի պատմության հար­ցերն են դի­տարկ­վում Յու.Սուվարյանի և Վ.Միր­զոյանի «Հանրա­յին կառա­վար­ման տեսություն և պատմություն» (2013) աշխատության մեջ։

Ինստիտուտում վերջին տարիների ձեռնարկումներից են տնտեսագիտական մտքի ընդհանուր պատմությանը և հայ տնտեսագիտական մտքի պատմությանը վե­րա­բե­րող ուսումնասիրությունները (Վ.Հարությունյան, Ռ.Սարինյան, Մ.Աղայան, Լ.Հա­րութ­յունյան)։Ծրագրային այդ իրացումներից է «Նշանավոր տնտեսագետների տողանը. գիտակենսագրական ուրվագծեր» երկհատորյակը (2009, 2012),  որն արտահայտում է համաշ­խարհային տնտեսագիտական մտքի հետագիծը նշաձողերի և դպրոցների հաջոր­դա­փոխության մեջ։ Նմանատիպ մի փորձ է նաև «Հայ տնտեսագետներ» (2010) աշ­խա­տու­թյունը։ Այն, ըստ էության, հայ տնտեսագիտական մտքի պատմության ուղեցույց է անձ­նականացված նրանում ընդգրկված անունների գիտակենսագրական ուրվագծերի ձևով. XIX դարի կեսերից մինչև այժմ։ Այդ շարքին են պատկանում «Էջեր հայ տնտեսա­գի­տա­կան մտքի պատմությունից» (2011) և «Արդի հայ տնտեսագիտական տեսություն» (2011) աշխատությունները։

«Հայ տնտեսագիտական մտքի հիմնական հոսանքները» (2013), «Ուր­վագիծ արդի հայ տնտե­սագիտական մտքի պատ­մության. երկու գրքով» (հեղ.Ռ.Սարինյան), «Բախշի Իշ­խանյան (տնտեսագիտական հա­յացքները)» (2015), (հեղ. Ռ.Սարինյան, Ա.Թադևոս­յան) աշխատությունները։

Տնտեսության իրական հատվածի ուսումնա­սիրու­թյուն­­ներն ընդգրկում են ՀՀ գյու­ղատնտեսական արտա­դրու­թյունը, լեռնահանքային արդյու­նաբերությունը, ար­տա­քին տնտեսա­կան կապերի ոլորտները, որոնց վերա­բեր­յալ հրատարակվել են Ս.Ղազար­յանի և Է.Ղազարյանի «Փոքր և միջին ձեռնար­կա­տիրության զար­գացման ու պե­տա­կան աջակ­ցության համալիր միջոցառումների իրա­կա­նա­­ցումը ՀՀ գյուղա­տնտե­սու­թյան ոլորտում» (2012), Ա.Բա­յադյանի «ՀՀ գյուղատնտեսական արտադրության զար­գաց­ման հիմնա­խնդիրները և դրանց լուծման ուղի­ները» (2013), Ա.Զատիկյանի և Ա.Դանիելյանի «ՀՀ փոքր և միջին ձեռնար­կու­թյունների գործունեության կարգավոր­ման ուղիները ֆի­նան­սատնտեսական ճգնաժամի պայ­ման­ներում« (2014), Հ.Ավագ­յանի «Լեռնա­հան­քա­յին և մե­տա­­լուրգիա­կան արդյունաբերություն­ների զար­գաց­ման ուղիներն ու հեռանկարները Հայաս­տանի Հան­րապե­տու­թյու­նում (2011), նույնի «ՀՀ լեռնահանքային արդյունաբե­րու­թյան հանքահարստացման թափոնների և դրանց էկո­լոգիական հետևանքների գնա­հատումը» (2013), նույնի «ՀՀ հանքավայրերում առկա պիրիտ հան­­քանյութի և դրա հարակից բաղադրիչների փոշիացումը կանխելու ուղի­ներն ու հեռանկարները» (2014) մենագրա­կան աշ­խա­տանք­ները, «Հայաս­տանի և Եվ­րա­­միության միջև առև­տրա­տնտե­սական կա­պերի կատարելագործումը» (2010) և «Հայաս­տանը և Թուրքիան տարա­ծա­շրջա­նային տնտե­սական ինտեգրման գործ­ընթաց­ներում» (2012) ժողովա­ծուները և բազ­մաթիվ հոդվածներ։ Դրանցում.

  • գյուղատնտեսության զարգացման համար կա­րևոր­­­վում է փոքր և միջին ձեռ­նար­­կատի­րության զար­գացումը։ Հիմ­նա­վորելով վերանայել և հստակեց­նել Հա­յաս­տանում փոքր և միջին ձեռնարկությունների սուբ­յեկտ­ների դասա­կարգման գոր­ծող չափանիշները՝ ոլորտի համար կատար­վում են առաջար­կություններ (կոոպե­րա­ցիայի տարբեր ձևերի կի­րառում, արտադրության գոտիա­կան մաս­նա­գի­տացում, ինստի­տուցիոնալ կառուց­վածք­ների ստեղ­ծում, տեղերում ագրո­վե­րա­մշակման ուղղ­վա­ծու­թյան ձեռնար­կա­տիրության խթա­նում, ներ­քին շու­կա­յի և տեղական արտա­դրողների շահերի պաշտպա­նու­թյանն ուղղված մաք­սա­տուր­քերի դրույքաչափերի վե­րա­նայում և այլն), որոնք իրենց հե­տևանք­ների մեջ բարերար ազդեցություն կունենան հանրա­պետության տնտեսա­կան աճի վրա,
  • լեռնահանքային արդյունաբերության ոլորտի թեմատիկ ընդգրկումներն ուղղ­ված են ՀՀ մետաղական օգտակար հանածոների գնահատմանն ըստ մար­զերի, իսկ Սոտքի և Մեղ­րաձորի հանքերի գծով, համապա­տաս­խան հաշ­վարկ­­ներով, տրվել են նաև ազնիվ մետաղ­ների կորզման և դրանց հետևան­քով միջա­վայր թափված ծանր մետաղ­ների և թունահարույց տարրերի քանակները և դրանց վտանգավոր էկոլո­գիական հետևանքների գնա­հա­տա­կան­ները,
  • վերլուծվել են Հայաստան-Եվրամիություն, Հայաս­տան-Թուրքիա առև­տրա­­տնտե­սական կապերը, որոնք որո­­շակի պայմաններում օգտակար են դիտվում Հանրապետության համար՝ Եվրամիության և տարածա­շրջա­նային ինտեգրմանը։

Տնտեսական կապերի գլոբալացման արդի պայմաններում, տնտեսության արտաքին հավասարակշռության և վճարային հաշվեկշիռների, տարադրամի փոխարժեքի կարգավորման հարցերը դարձել են պետության մակրոտնտեսական քաղաքականության առաջնային նպատակներից։ Դ.Հարությունյանի «Հայաստանի Հանրապետության վճարային հաշվեկշռի կառավարման հիմնախնդիրները» (2012), «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» (2013), Թ.Մանասերյանի «Տնտեսական անվտանգություն. Ռազմավարական ուրվագծեր» (2014), Ա.Բայադյանի և Հ.Մարկոսյանի «Պետական պարտքի կառավարման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում» («Գիտություն» հրատ., 2015) աշխատություններն այդ ոլորտի վերաբերյալ առաջին համակարգված ուսումնասիրություններն են, որոնցում հայտարարի է բերվում խնդիրն ինչպես իր պատմության, այնպես էլ նրա հետագա կատարելագործման առումներով։ Մենագրություններն ինքնին ընդլայնում են խնդրի տարողությունը՝ վճարային հաշվեկշռի ձևավորում, պետական պարտքի կարգավորում, մակրոտնտեսական ցուցանիշների ազդեցություն, արտահանման և ներմուծման միջև հարաբերակցության բարելավման հնարավորություններ՝ համապատասխան շառավիղներով։

Ինստիտուտը ձեռնարկել է «Հայ  ժողովրդի ժողովրդագրական և նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում և դրանց հատուցման հիմնախնդիրները» հետազոտությունը՝ հրապարակելով գիտական հոդվածների նույնանուն ժողովածուն (2015): Ինստիտուտը լույս է ընծայել Ա.Բայադյանի «Տնտեսագիտական բառարանը» (2014), որը օգտակար ուղեցույց կարող է ծառայել ինչպես գործարար ոլորտի աշխատողների, այնպես էլ ուսանողների և դասախոսների համար։ Ինստիտուտի գիտական թեմաների կիրառական մշակումների արդյունքները եզրակացությունների և առաջարկությունների ձևով պարբերաբար ներկայացվել է հանրապետության կառավարման տարբեր մարմիններին։ Վերջին տարիներին ինստիտուտում հրատարակչական գործի կազմակերպումը դրվել է նոր հիմքերի վրա։ Հրատարակչական պլանների աշխատանքները ստանում են իրենց իրացումները, իսկ պարբերաբար կազմակերպվող «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովների նյութերի ժողովածուները՝ մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ, տնտեսության իրական հատված, ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրություն, տեսական հետազոտություններ և տնտեսագիտական մտքի պատմություն ընդգրկուն բաժանումներով հարցերը հանրապետության տնտեսագետ մտավորականության համար դարձել են հետազոտությունների արդյունքների հրատարակության հանդեսներ։

Վ.Հարությունյանի անժամանակ մահից հետո (2022թ.) ինստիտուտի տնօրեն նշանակվեց Դ.Հարությունյանը, ով շարունակեց ինստիտուտի գիտական կյանքի արմատացած բարի ավանդույթները, բայց միևնույն ժամանակ առաջ մղելով ինստիտուտի գիտնականների երիտասարդ սերնդին։ Դ.Հարությունյանին հաջորդեց Մ.Մանուչարյանը, ով ստանձնեց ինստիտուտի տնօրենի պարտականությունները 2023թ.-ին: Մ.Մանուչարյանն էլ ավելի ամրապնդեց ինստիտուտի զարգացման նոր ուղղությունները, որոնք խարսխված են արտաքին հարաբերությունների ու համագործակցության խթանման, հետազոտությունների նորարարական ընկալումների վրա և այլն։ 2024 թվականի դրությամբ ինստիտուտի գիտական արդյունքները հրապարակվում են Scopus և WOS ինդեքսավորված միջազգային ամսագրերում, որոնք էլ ավելի են ամրապնդում հայ գիտնականների տնտեսական հետազոտությունների տեղը համաշխարհային տնտեսական գրականության մեջ։