Տնօրեն` 2006-2022թթ․
Ծնվել է Լոռու մարզի Քարինջ գյուղում մայիսի 21-ին: 1974-ին ավարտելով Կիրովականի (այժմ Վանաձոր) ֆիզիկա-մաթեմատիկական թեքումով թիվ 1 միջնակարգ դպրոցը նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 1979-ին գերազանցությամբ ավարտել Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի (այժմ` ՀՊՏՀ) ֆինանսներ և վարկ բաժինը: Նույն տարում ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան: 1988-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի, 2004-ին` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճաններ, իսկ 2007-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:
Վ.Հարությունյանը եղել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական աստիճաններ շնորհող տնտեսագիտական մասնագիտական խորհրդի նախագահը, ինչպես նաև եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում գործող 014 մասնագիտական խորհրդի և ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Ֆինանսներ և էկոնոմիկա» ու «Էկոնոմիկա» ամսագրերի գիտական խորհուրդների անդամ: 1981-1988-ին դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, իսկ 2003-2010-ին` Երևանի պետական համալսարանում (համատեղությամբ)` «Հարկաբյուջետային քաղաքականություն», «Պետական և մունիցիպալ ֆինանսներ» և «Հարկային քաղաքականություն» իր հեղինակած առարկաները: Նա գիտահետազոտական աշխատանքներ է կատարում ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում, ունի բազմաթիվ ասպիրանտներ: Նրա գիտական ղեկավարությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել տասնյակ ասպիրանտներ: Նա շուրջ 14 մենագրության և 100 գիտական հոդվածների (այդ թվում 10 միջազգային) հեղինակ է։
Վ.Հարությունյանը տարբեր տարիների պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել ֆինանսական, հարկային, բանկային համակարգերում և արտադրական ոլորտներում: 1979-1991թթ. աշխատել է Երևանի քաղգործկոմի ֆինանսական վարչությունում որպես ավագ տնտեսագետ (1979-1987թթ.), հաստիքային բաժնի պետ (1987-1990թթ.), ֆինանսական վարչության պետի տեղակալ (1990-1991թթ.), 1991-1992թթ.` Հայագրոբանկում որպես բաժնի պետ, 1992-1993թթ.` Հայարդշինբանկի մասնաճյուղի կառավարչի տեղակալ, 1993-1996թթ.` Երևանի քաղգործկոմի ֆինանսական վարչության պետ, 1996-1997թթ.՝ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ, 1997-1999թթ.` ՀՀ հարկային տեսչության համակարգում որպես վարչության պետի տեղակալ (1997թ.), այնուհետև Շենգավիթի (1997-1998թթ.), Շահումյանի (1998-1999թթ.), Էրեբունու (1999թ.) ՏՀ տեսչությունների պետ, 1999-2000թթ.` Հայխնայբանկում որպես բաժնի պետ, 2000-2001թթ.` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում որպես ֆինանսական վարչության պետ, «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն, 2001-2002թթ.` ՀՀ պետական եկամուտների նախարարության համակարգում որպես Էջմիածնի ՏՀ տեսչության պետ, կենտրոնական ստուգումների վարչության բաժնի պետի տեղակալ, 2002թ.` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում` որպես ֆինանսական տնօրեն, 2002-2003թթ.` «Արդշին» և «Արդշինինվեստ» բանկերում որպես ադմինիստրացիայի ղեկավարի գլխավոր խորհրդական, մասնաճյուղի կառավարիչ, վարչության պետ, 2003-2005թթ.` «Հայաստան համահայկական հիմնադրամում» որպես ֆինանսական բաժնի պետ, 2005-2006թթ.` «Նաիրիտ» ՓԲԸ‑ում որպես ֆինանսական տնօրեն։
2006թ. նոյեմբերի 8-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, իսկ 2008-2014թթ. ընդգրկվել ՀՀ կառավարությունում մշտապես գործող ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստերի աշխատանքներին` ներկայացնելով ինստիտուտի դիրքորոշումները քննարկվող հարցերի վերաբերյալ:
ՀՀ կառավարությունը 2007թ. մարտի 7-ին որոշում կայացրեց տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ճյուղային տարբեր ենթակայության (ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարություններ, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն) երեք գիտահետազոտական ինստիտուտները` «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ», «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերակազմակերպել և միացնել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որն իրականացվեց Վ.Հարությունյանի հետևողական աշխատանքային փորձառության շնորհիվ` որին հաջորդեցին միացյալ ինստիտուտի նոր կոլեկտիվի, նորացված գիտական խորհրդի, գիտական նոր ուղղությունների, ինչպես նաև ինստիտուտի գիտակազմակերպչական նոր կառուցվածքի ձևավորումը: Ինստիտուտի տնօրեն Վ.Հարությունյանի գործունեության առանձնահատկություններն են. ա) հետազոտվող գիտական թեմաներին առավել շատ գործնական ուղղվածության հաղորդումը և թեմային վերաբերող եզրակացություններն ու առաջարկությունները ՀՀ կառավարություն ներկայացնելը` վերջինիս կողմից մշակվող հայեցակարգային ու ռազմավարական փաստաթղթերում դրանք հաշվառելու և ներառելու համար, բ) հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին նվիրված հանրապետական ամենամյա գիտաժողովի անցկացումը և գիտական հոդվածների հսկայածավալ ժողովածուի հրապարակումը, գ) ինստիտուտի գիտական կոլեկտիվի երիտասարդացումը, դ) հրապարակվող գրքերի տարեցտարի ավելացումն ու որակի բարելավումը, ե) արտերկրում անցկացվող գիտաժողովներին երիտասարդության մասնակցության ապահովումը:
Երկար տարիներ աշխատանքային փորձառություն ձեռք բերելով ֆինանսական և հարկային համակարգերում Վ.Հարությունյանը դոկտորական ատենախոսություն է պաշտպանում «Հարկաբյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով և հետագա հետազոտությունների առանցք է դարձնում նշանակալից հետաքրքրություն ներկայացնող հարկաբյուջետային հիմնախնդիրները, դրանք քննարկելով ոչ միայն տեսական, այլև գործնական հարթության դաշտում: Մինչ այդ հայ հետազոտողների ուշադրությունից դուրս էին մնացել հարկային քաղաքականության սողանցքների բացասական ազդեցությունների հետևանքների ու դրանց վերացման ուղիների հիմնախնդիրները, որոնք «թաքնված են» գործող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում և հանդես են գալիս հարկային լծակների ու գործիքների ձևով (հարկադրույք, հարկման բազա, հարկման օբյեկտ, հարկային արտոնություններ և այլն): Դրանց և այլ հիմնախնդիրների լուծումներն իրենց արտացոլումն են ստացել Վ.Հարությունյանի «Հարկային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» (Երևան, «Զանգակ-97», 2003) մենագրությունում, որում հեղինակը առաջինն է տվել. ա) ՀՀ-ում իրականացված հարկային քաղաքականության փուլային բաժանումը, բ) համալիր ու ամբողջական առաջարկներ է արել հարկային օրենսդրության կատարելագործման ուղիների վերաբերյալ և հիմնավոր ու փաստարկված քննադատության ենթարկել «Պարզեցված հարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին», «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ու առաջարկել «հրաժարվել հաստատագրված վճարներից և պարզեցված հարկից», որոնք կյանքի են կոչվել մենագրության հրապարակումից տարիներ անց (2009-ից):
Վ.Հարությունյանը արժեքավոր առաջարկություններ է կատարել բյուջետային քաղաքականության կատարելագործման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման ու ֆինանսական համահարթեցման հիմնախնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իշխանության կառավարման տարբեր մակարդակների միջև ծախսային իրավասությունների բաշխմանը, բոլոր մակարդակների բյուջեներից ֆինանսավորվող միավոր աշխատանքների ու մատուցվող ծառայությունների նորմատիվների օրենսդրական մակարդակով սահմանմանը, համայնքային բյուջեների եկամտային բազայի ամրապնդմանը, համայնքների վարչատարածքային բաժանման խոշորացմանը, պետական պարտքի և բյուջեի դեֆիցիտի արդյունավետ կառավարմանը, պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի դասակարգման կատարելագործմանը, համայնքային բյուջեներին հատկացվող դոտացիաների արդարացի բաշխմանը, որի նպատակը հեղինակը համարում է «համայնքներում մարդկանց կյանքի որակի բարելավումը և տարբեր համայնքների միջև առկա տարբերությունների նվազեցումը» և այլն (նշված հիմնախնդիրների ու դրանց լուծումների մասին տե՛ս «Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում», «Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսական հիմնախնդիրների լուծման ուղիները», «Ֆինանսական համահարթեցման հիմնախնդիրները» աշխատություններում):
2003-2008թթ. ազգային արժույթի միտումները, սկսված համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը և դրանից բխող ազդեցության տարաբնույթ դրսևորումները, շուկայական հարաբերությունների կառուցակարգային հիմքերի վերանայման քննարկումները և այլն, ստիպում են նոր դիտակետից հետազոտել արտաքին տնտեսական քաղաքականության և միջազգային համագործակցության հիմնախնդիրները, որոնք, մասնավորապես, կապված են արտահանման խրախուսման ու տնտեսության մասնագիտացման, արժութային կուրսերի և տնտեսական աճի փոխազդեցության կարգավորման, ներդրումային միջավայրի բարելավման հետ: Այս հիմնախնդիրների համատեքստում Վ.Հարությունյանն իր «Արտահանման աճի և տնտեսության մասնագիտացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» (Երևան, ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատ., 2009) աշխատության մեջ քննարկման առարկա է դարձրել արտաքին տնտեսական հարաբերությունների էվոլյուցիան, արտահանման աճի, տնտեսության մասնագիտացման և ազգային տնտեսության պաշտպանվածության գնահատման չափորոշիչներն ու մեթոդական հիմքերը, ՀՀ միջազգային համագործակցության ձևաչափերն ու ռազմավարությունը, արտահանման ու ներմուծման միտումները, դրանց խոչընդոտները և հաղթահարման հնարավոր տարբերակները` դրանք քննարկելով տեսագործնական ու մեթոդաբանական հարթությունում:
Վ.Հարությունյանի գիտական հետաքրքրությունների մի բաժինն էլ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հիմնախնդիրներն են, որոնք իրենց արտացոլումն են ստացել «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. պատճառներ, հակաճգնաժամային միջոցառումներ և դասեր» (Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009) մենագրությունում: Այն ճգնաժամին նվիրված առաջին գիրքն է ՀՀ-ում, որում հեղինակը ներկայացրել է ճգնաժամի առաջացման պատճառները, առանձնահատկությունները, նրա բացասական դրսևորումները, աշխարհի թվով 39 երկրների, Արևելյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի երկրների հակաճգնաժամային միջոցառումների փորձը, և միաժամանակ կիրառական բնույթի առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության բարձրացման ուղիների վերաբերյալ: Նշված հարցերը իրենց հետագա զարգացումներն են ստացել «Ճգնաժամ. մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում» աշխատության մեջ:
Ամեն անգամ հետճգնաժամային ուսումնասիրությունները բնորոշվում են դրանց պատճառների բացահայտմանն ուղղված բնութագրություններով, ընդլայնելով հարցի իմացաբանական տարողությունը։ Արդի պայմաններում դրանք ավելի են խճճվել որպես ներքին ու արտաքին պատճառների բազմաշերտ կապերի ամբողջություն։ Իսկ, ինչպես ցույց են տալիս հակաճգնաժամային ծրագրերը, ինչպես նկատում է Վ.Հարությունյանը. «Ակնհայտ է, որ պետությունների ակտիվ գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ համեմատաբար արագ կերպով հաղթահարել ճգնաժամի ստացման փուլը և տնտեսությունը բերել բնականոն գործողության վիճակի… դառնալով տնտեսական, ֆինանսական, իրավական, կազմակերպչական և կառավարչական գործընթացների կազմակերպիչն ու ուղղորդողը»։ Նշված հարցերը քննության առարկա են դարձել «Պետական հակաճգնաժամային քաղաքականության միջազգային փորձը և դրա վերլուծությունը», «Հակաճգնաժամային միջոցառումները և մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների փոփոխության միտումները» մենագրություններում։
Շուկայական տնտեսակարգը ենթադրում էր հանրապետության հարկային համակարգի արմատական փոփոխություն։ Սակայն, թեև իր ամբողջության մեջ ուրվագծվել է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը, սակայն նրա օրենսդրական դաշտում դեռևս առկա են անորոշություններ, հակասական կողմեր՝ հարկաբյուջետային իրավասությունների և սոցիալ-տնտեսական պատասխանատվությունների կենտրոնի ու տեղերի հստակեցման և այլ առումներով։ Եվ, ոչ պատահականորեն, վերջին տարիներին ինստիտուտում համակարգված ուսումնասիրությունների առարկա է դարձել հարկային համակարգը՝ հետազոտական տարբեր խմբերի կողմից՝ ուշադրության առնելով նրա տարբեր շերտերը Վ.Հարությունյանի ղեկավարությամբ։ Այս իմաստով հատկապես ուշագրավ պետք է դիտել «Հարկեր և հարկագանձում» ծավալուն աշխատությունը (հեղ.՝ Վ.Հարությունյան, Դ.Հարությունյան և Տ.Հարությունյան) (Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010)։ Այն հետաքրքիր տեղեկություններ է պարունակում հարկերի և հարկագանձման սկզբունքների ու տեսաիրավական հիմքերի վերաբերյալ սկսած հին աշխարհից, ինչը գալիս է հաստատելու, որ ժամանակակից գրեթե բոլոր հարկատեսակներն այս կամ այն չափով ունեցել են իրենց նախնական դրսևորումները և, որ հարկերը տնտեսական հարաբերությունների ամենահնագույն ձևերից են։ Ընդհանրապես, պետության մեջ հարկային հարաբերությունները արտահայտվում են հարկային քաղաքականության մեջ, որը կոչված է պետության գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներով ապահովման, ազգային տնտեսության արդյունավետության բարձրացման բարենպաստ պայմանների ստեղծման և բնակչության կենսամակարդակի բարձրացման համար։ Սակայն, ինչպես նկատում են հեղինակները. «Հարկային քաղաքականությունը տնտեսության պետական կարգավորման այն տեսության ածանցյալն է, որը որդեգրում է տվյալ երկրի իշխանությունը։
1990-ական թվականների ՀՀ-ի համար այդպիսին մոնետարիստական տեսությունն էր, որում շուկայական տնտեսությանն անցնող երկրների վերաբերյալ ցուցումներ չկային, և վերածվեց արագ վերականգնման հույսերի էյֆորիայի»։
Աշխատության մեջ ՀՀ հարկային օրենսդրության պատմությունը բաժանվում է երկու փուլերի՝ 1992-1997թթ.՝ որպես առաջին կամ ձևավորման փուլ և 1997-ից հետո որպես երկրորդ կամ բարեփոխումների փուլ։ Ինչպես ամբողջ տնտեսական համակարգի, այնպես էլ նրա մի մասը կազմող հարկային համակարգի համար դա բեկման ժամանակաշրջան էր, երբ նորմատիվ օրենքներով կարգավորվածությունը, գործողության մեջ դրված հարկատեսակներն ու տուրքերը հաճախ իրական հատվածում ունենում էին այլ հետևանքներ, ազգային տնտեսության աճի լծակներից վերածվելով «պատժամիջոցների»։ Նշված հարցերը ստացել են համապատասխան մեկնություններ և ժամանակի հոսքի մեջ վեր հանել հարկատեսակների և տուրքերի գործողության սահմաններն իրենց հակասական և կատարելագործում ակնկալող պարագծերում։ Տնտեսական կյանքի երևույթները մշտապես գտնվում են հակադրության բանաձևի առաջ, ո՞րն է ճիշտ, ո՞րը սխալ, եթե դա ճշմարիտ է մի երկրի համար, ինչու է անընդունելի մեկ ուրիշի համար, ինչպես համադրել այդ անջատումը և բազմաթիվ այլ հարցեր վերջին տասնամյակներին ուղեկցել են «հարկային հիմնախնդրի» հետ կապված վերլուծությունների ժամանակ։ Այս իմաստով «Հարկեր և հարկագանձում» մենագրությունը հարկային պարտավորությունների հաշվարկման օրենսդրական և մեթոդաբանական հիմքերը ՀՀ-ում, հարկման արդյունավետության և պետական բյուջեի հարկային եկամուտների գնահատականը ՀՀ-ում, ՀՀ հարկային պարտավորությունների հաշվարկման կատարելագործման ու օրենսդրական մոտեցումները ՀՀ‑ում, փոքր ու միջին ձեռնարկատիրության հարկման հիմնախնդիրները և դրանց լուծման մոտեցումները ՀՀ-ում, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները և հակաճգնաժամային միջոցառումների բարելավման ուղիները, ըստ էության ՀՀ հարկային օրենսդրության ընթերցումներն են կոնկրետացված ազգային տնտեսության տեսադաշտի վրա իրականության հետ համադրման, պարզաբանումների և միջազգային փորձի հաշվառման առումներով։
Ինստիտուտի գիտական թեմատիկայում կարևոր տեղ է հատկացվել գիտելիքահենք տնտեսության հիմնախնդրին։ Հասարակության զարգացման պատմությունը, ըստ էության գիտելիքի զարգացման պատմություն է։ Արդի տնտեսության զարգացման ու տնտեսական մրցակցության հիմնահարցերն ուղղակիորեն կապված են գիտության ու կրթության լծակների հետ։ Հենց այդ փոխադարձ կապին է նվիրված «Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը» աշխատությունը (հեղինակներ՝ Յու.Սուվարյան, Վ.Հարությունյան, Վ.Սարգսյան, Վ.Խաչատրյան)։ Նրանում անդրադառնալով տնտեսական զարգացման վրա գիտակրթական համակարգի ներազդեցության գնահատման մեթոդաբանական առանձնահատկություններին, կրթության դերը դիտարկվում է տարբեր համակարգերի հիերարխիայում, այն կոնկրետացնելով ՀՀ տնտեսական զարգացմանը, կատարելով որոշակի ընդհանրացումներ ու առաջարկություններ։ Նշված աշխատության օրգանական շարունակությունն է նույն հեղինակների «Գիտակրթական համակարգի կառավարման ռազմավարությունը» ուսումնասիրությունը։ Ինչպես նշվում է աշխատության ներածականում, կրթության և գիտության փոխադարձ կապի հարցերը մակրոմակարդակում հաճախ կատարվում են «միասնական կառավարման մեկ մարմնի (նախարարության) միջոցով։ Սակայն տնտեսության նորամուծական զարգացման օբյեկտիվ անհրաժեշտությունը ներկայումս օրախնդիր է դարձնում ստեղծել կառավարման այնպիսի համակարգ, որն ապահովի կրթության, գիտության և արտադրության իրական միասնացումը»։ Հենց այդ դիտակետից էլ միջազգային փորձի քննության արդյունքում փորձ է արվում բացահայտել հանրապետության «դեռևս չլուծված հիմնախնդիրները և առաջարկել դրանց լուծման ուղիները»։
Ընդհանրապես տասը տարին մի ժամանակահատված է, որը պատկերացում է տալիս ցանկացած գործողության արդյունքների մասին։ «Տնտեագիտության ինստիտուտը տասը տարում. 2006-2016 (հետազոտական արդյունքների ուրվագիծ)» աշխատությունը (հեղինակներ՝ Վ.Հարությունյան, Ռ.Սարինյան) կատարած աշխատանքների լոկ խրոնոլոգիա չէ, այլ այդ ժամանակաշրջանում ինստիտուտի գործունեության, ըստ ուղղությունների հրատարակված աշխատությունների հանգամանալից վերլուծություն, որը պատկերացում է տալիս ինստիտուտի տնտեսագիտական մտքի տեսական և կիրառական հարցերի առջադրվող լուծումների տեսադաշտի վերաբերյալ։
Վ.Հարությունյանը գիտության և կրթության բնագավառում մատուցած ակնառու ծառայությունների համար 2013 թվականի հոկտկտեմբերի 14-ի ՆՀ-260-Ա հրամանագրով պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից 2014 և 2016 թվականներին գիտատեխնիկական և գիտական թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների համար հայտարարված հանրապետական մրցույթի հաղթող է։
Աշխատություններ։ Հարկային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Եր., «Զանգակ-97» հրատ., 2003, Բյուջետային քաղաքականությունը և նրա կատարելագործման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում, Եր., «Զանգակ-97» հրատ., 2003, Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2007 (համահեղինակ և պատասխանատու խմբագիր), Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և ֆինանսական հիմնախնդիրների լուծման ուղիները, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2008 (համահեղինակ), Ֆինանսական համահարթեցման հիմնախնդիրները, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2008 (համահեղինակ), Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2008 (համահեղինակ և պատասխանատու խմբագիր), Արտահանման աճի և տնտեսական մասնագիտացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (համահեղինակ), Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. պատճառներ, հակաճգնաժամային միջոցառումներ և դասեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009, Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (համահեղինակ և պատասխանատու խմբագիր), Նշանավոր տնտեսագետների տողանը (հետքեյնսյան շրջան) գիտակենսագրական ուրվագծեր, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (գիտական խմբագիր), Ֆինանսատնտեսական ճգնաժամը Հայաստանում և աշխարհում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2009 (համահեղինակ և գիտական խմբագիր), Հարկեր և հարկագանձում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010 (համահեղինակ), Ճգնաժամ. մակրոտնտեսական իրավիճակն աշխարհում և Հայաստանում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010 (համահեղինակ), Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2010 (համահեղինակ և պատասխանատու խմբագիր), Հայ տնտեսագետներ (գիտակենսագրական ուրվագծեր), Եր. 2010, (համահեղինակ), Հակաճգնաժամային միջոցառումները և մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների փոփոխության միտումները, Եր., 2011 (համահեղինակ), Նշանավոր տնտեսագետների տողանը (մինչքեյնսյան շրջան) գիտակենսագրական ուրվագծեր Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2012 (համահեղինակ), Պետական հակաճգնաժամային քաղաքականության միջազգային փորձը և դրա վերլուծությունը, Եր., 2014 (համահեղինակ), Տնտեսագիտության ինստիտուտը 10 տարում 2006-2016թթ. (հետազոտական արդյունքների ուրվագիծ) Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016 (համահեղինակ)։