Տնօրեն` 1960-1987թթ․

Ծնվել է Շուշի քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստացել է Բաքվում: 1932-ին ավարտել է Բաքվի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և նշանակվել Լեռնային Ղարաբաղի մարզպլանի նախագահի տեղա-կալ: Այդ տարիներին էլ ի հայտ են գալիս նրա առաջին տպագիր աշխատանքները` նվիրված ԼՂՀ տնտեսության հիմնահարցերին, իսկ 1939-ին լույս է տեսնում «Շերամապահությունը Լեռնային Ղարաբաղի ավտոնոմ մարզում» մենագրությունը:

1936-ին ավարտելով Մոսկվայի պլանային ինստիտուտի ասպիրանտուրան, աշխատանքի է անցնում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտում` որպես ավագ գիտական աշխատող: 1941-ին մտնում է աշխարհազորի շարքերը և ծառայում մինչև Հայրենական պատերազմի ավարտը: Զորացրվելուց հետո շարունակում է աշխատել ԽՍՀՄ ԳԱ տնտե¬սա-գի¬տության ինստիտուտում: Տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան ստացել է 1954-ին, պրոֆեսորի կոչում` 1955-ին:

1960-ին նա ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, տեղափոխվում Հայաստան ու ստանձնում ՀԽՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնը, ինչը դրական ազդեցություն ունեցավ ինստիտուտի հետազոտական գործունեության, նոր մշակումների և գիտական կադրերի պատրաստման առումով: Կազմակերպվում են տնտեսական համալիր պրոբլեմների և կապիտալ ներդրումների արդյունավետության ու արդյունաբերության տեղաբաշխման բաժինները, ինչպես նաև տնտեսագիտավիճակագրական լաբորատորիան: 1964-1965-ին ստեղծվում են տնտհաշվարկի և նյութական շահագրգռվածության, իսկ այնուհետև` տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մեթոդների կիրառման բաժինները: Վերափոխվեց բաժինների թեմատիկան:

Արդեն 1938-ին լույս է տեսնում նրա «ԽՍՀՄ արդյունաբերության հիմնական ֆոնդերը» աշխատությունը: Այդ թեմատիկան նրան ուղեկցեց հետագա ամբողջ գիտական գործունեության ընթացքում` իրացվելով նոր մշակումներում. «Հիմնական ֆոնդերի օգտագործումը», «Տնտհաշվարկը և հիմնական ֆոնդերի օգտագործումը», «Հիմնական ֆոն-դերի վերարտադրությունը» (համահեղինակությամբ) և այլ ուսումնասիրություններ: Դրանցում հանգամանորեն վերլուծվում են հիմնական ֆոնդերի ձևերն ու զարգացման օրինաչափությունները, արդյունավետության բարձրացման ու օգտագործման ուղիները, արտադրական կարողությունների տարբեր բաղադրամասերի, օգտագործվող սարքավորումների տարբեր խմբերի միջև օպտիմալ համամասնությունների սահմանումը: Տեսական և փաստացի նյութերի ընդհանրացումով ցույց է տրվում հիմնական ֆոնդերի օգտագործման արդյունավետության մակարդակի կախվածությունը հիմնական ֆոնդերի առանձին մասերի և տարրերի փոխադարձ ճիշտ կապերից, բացահայտվում են ֆոնդահատույցի և ձեռնարկությունների, ճյուղերի ու վերարտադրության մյուս օղակների կառուցվածքի միջև գոյություն ունեցող կապերը:

Որոշակի էր Առաքելյանի ներդրումը նաև կառավար-ման և տնտեսական հաշվարկի տեսական մշակման գործում, որի արդյունքներն ամփոփվել են «Սոցիալիստական արտադրության կառավարում», «Տնտհաշվարկը ԽՍՀՄ արդյունաբերության մեջ» աշխատություններում: Նրա գիտական ոլորտի մեջ էին նաև գիտատեխնիկական առաջընթացի և աշխատանքի արտադրողականության հարցերը: Նրա «Научно-технический прогресс в СССР», «Воспроизводство основных фондов в развытом социалистическом обществе» և այլ աշխատություններում դիտարկվում են գիտության` որպես արտադրության արդյունավետության բարձ-րացման առաջատար օղակի, աշխատանքի միջոցների որակական փոփոխությունների, արտադրության տեխնոլոգիաների բարելավման, նոր նյութերի և էներ-գիայի արտադրության նոր եղանակների, աշխատա-վորների որակավորման բարձրացման, գիտատեխնի-կական առաջընթացի կառավարման կատարելագործ-ման, սոցիալական նշանակության կենսոլորտի կապի հարցերը:

Առաքելյանը գիտական աշխատանքը զուգորդել է դասախոսական գործունեությանը, ստեղծել բուհական դասագրքեր: Նա դասավանդել է Մոսկվայի Գ.Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության, Միջազգային հա-րաբերությունների ինստիտուտներում, Երևանի պետական համալսարանում: Շուրջ տասը տարի նա եղել է ԽՍՀՄ ԲՈՀ-ի և նրա փորձագիտական հանձնաժողովի անդամ:

Առաքելյանը խորհրդային գիտությունը բազմիցս ներկայացրել է տարբեր երկրներում. 1951-ին խորհրդային փորձագետների պատվիրակության կազմում մաս-նակցել է արտաքին առևտրի գծով ՄԱԿ-ի կազմակերպած միջազգային կոնգրեսի աշխատանքներին, 1963-ին` զարգացող երկրներում գիտության ու տեխնիկայի նվաճումները կիրառելու հարցերի գծով Ժնևի կոնֆերանսին, 1967-ին` ռեգիոնալ տնտեսական քաղաքականության հարցերին նվիրված Միջազգային ասոցիացիայի` Իտալիայում կայացած կոնֆերանսին և այլն: Նրա աշխատությունների մի մասը թարգմանվել է տարբեր լեզուներով:1970-ին արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման:

Ա.Առաքելյանը պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով և մեդալներով: