ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․ փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, որը մանրամասնորեն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաեւ ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն օրը հանդիպում եմ ունեցել նաեւ ինձ Էրազմուս+-ի էկոնոմիկայի գծով համակարգող Սիլվիա Ժորժեի հետ:
Հաջորդ օրերին նախապես հաստատված թեմաներով (Հայաստանի եւ այլ երկրների աշխատաշուկայի համեմատական վերլուծություն, խտրականության խնդիրները աշխատաշուկայում, բնակչության սոցիալական ապահովությունը եւ դրա նշանակությունը աշխատաշուկայում, նորարարությունների եւ թվային տնտեսության ազդեցությունը աշխատաշուկայի վրա) դասախոսություններով հանդես եմ եկել էկոնոմիկայի եւ միջազգային բիզնեսի 3-րդ կուրսի ուսանողների եւ մագիստրանտների համար: Շարժունության ընթացքում հանդիպումներ ունեցա տնտեսագիտության, կառավարման, արդյունաբերական ճարտարագիտության եւ տուրիզմի ֆակուլտետի պրոֆեսորներ Էլիզաբեթ Պերեյրայի, Սելեստե Վարումի եւ այլոց հետ, մասնակցեցի քննարկումների եւ դասախոսությունների: Այցիս վերջին օրը նշանավորվեց շարժունության արդյունքների ամփոփմամբ եւ մասնակցության վկայականի հանձնմամբ:
Այս շարժունությունը ինձ հնարավորություն տվեց կատարելագործել անգլերենով դասավանդելու կարողություններս, զարգացնել մասնագիտական հմտություններս, ինչպես նաեւ ձեռք բերել գործակցային նոր կապեր: Շնորհակալ եմ Միջազգային կապերի դեպարտամենտին այս հնարավորության համար, քանի որ համանման ծրագրերը բարձրացնում են աշխատանքի նկատմամբ շահադրդվածությունը, նպաստում են նոր հմտությունների զարգացմանը, ինչպես նաեւ՝ ուսումնական գործընթացի միջազգայնացմանը:
Մերի Մանուչարյան
ՀՀ ՀԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինտիտուտի տնօրեն
ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ.
© anau.am