Իրավական փոփոխություններ ՀՀ ԿԲ կողմից

Կենտրոնական բանկի խորհուրդը 2023 թ. դեկտեմբերի 26-ի նիստում նոր խմբագրությամբ հաստատել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ ռեպո գործարքների կնքման համար պարտատոմսերի սկզբնական մարժայի և շեմի հաշվարկման մեթոդաբանությունը» և ««Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման ժամանակ ոչ պետական պարտատոմսերի (կորպորատիվ արժեթղթերի) նկատմամբ կիրառվող չափանիշները»։
Նոր խմբագրությամբ հաստատված փոփոխություններն առավել հստակ ու թափանցիկ են դարձնելու «Ռեպո/Հակադարձ ռեպո» համակարգում գործառնությունների իրականացման գործընթացը: Մասնավորապես, արժեթղթեր թողարկող կազմակերպությունները հնարավորություն են ունենալու նախքան արժեթղթերի թողարկումը հստակեցնել՝ արդյո՞ք թողարկվող արժեթուղթը (պարտատոմսը) կարող է ընդունելի լինել Կենտրոնական բանկի հետ ռեպո գործառնությունների համար, թե՞ ոչ: Առավել պարզեցվելու է վարկանիշ ունեցող պարտատոմսերի՝ ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի ցանկում ներառվելու գործընթացը:
Այս փոփոխությունները Կենտրոնական բանկին հնարավորություն կտան նաև կիրառել ռեպո գործառնությունների համար ընդունելի պարտատոմսերի վարկային ռիսկի գնահատման նոր մեխանիզմներ, իսկ ակտիվների կառավարման տեսանկյունից՝ ավելի արդյունավետ գնահատել և նվազեցնել Կենտրոնական բանկի ֆինանսական ռիսկերը:
Որոշման ընդունմամբ ակնկալվում է, որ վերջինս կնպաստի նաև արժեթղթերի շուկայի զարգացմանը։