Մասնակցություն «8-րդ Եվրո-Միջերկրածովյան համաժողով՝ շրջակա միջավայրի ինտեգրման համար (EMCEI-2026)» գիտաժողովին

Ս.թ. հուլիսի 15-18-ը Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ. դոցենտ Մերի Գագիկի Մանուչարյանը մասնակցել է Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում (University of Aveiro) կազմակերպված «8-րդ Եվրո-Միջերկրածովյան համաժողով՝ շրջակա միջավայրի ինտեգրման համար (EMCEI-2026)» գիտաժողովին և  հանդես եկել «Թափոններից դեպի ռեսուրսների փոխակերպում. կլիմայի փոփոխության հետ կապված ազդեցությունների մեղմացումը շրջակա միջավայրի և էկոլոգիական համակարգերի վրա (Հայաստանի օրինակով)» խորագրով զեկույցով:

EMCEI-2026-ը հանդիսանում է շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտներում Եվրոպայի և Միջերկրածովյան տարածաշրջանի առաջատար գիտական ֆորումներից մեկը: Համաժողովին մասնակցում էին 52 երկրներից ժամանած 300-ից ավելի գիտնականներ, հետազոտողներ, քաղաքականություն մշակողներ և ոլորտի փորձագետներ:

Համաժողովի հիմնական թեմատիկ ուղղություններն էին.

  • Կլիմայի փոփոխության մեղմացում և ադապտացիա
  • Շրջակա միջավայրի ինտեգրված կառավարում
  • Թափոնների կառավարում և շրջանաձև տնտեսություն
  • Էկոհամակարգերի վերականգնում և կենսաբազմազանության պահպանություն
  • Վերականգնվող էներգետիկա և կայուն տեխնոլոգիաներ
  • Կլիմայի քաղաքականություն և միջազգային համագործակցություն:

Զեկույցը ներկայացնում էր Հայաստանում թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության զարգացման վերաբերյալ իրականացված համապարփակ հետազոտության արդյունքները։ Օգտագործելով 2010-2025թթ. տվյալները Հայաստանի 11 մարզերի համար՝ գնահատվել է թափոնների վերամշակման և էկոհամակարգերի առողջության միջև կապը: Կատարվել է թափոնների վերամշակման տարբեր տեխնոլոգիաների (անաերոբ մարսում, կոմպոստավորում, բիոածուխ, նյութական վերականգնում, թափոններից էներգիա) արդյունավետության վերլուծություն: Հայաստանի ցուցանիշները համեմատվել են ԵՄ-27 միջին ցուցանիշների հետ և այլն։ Կլիմայական սթրեսի (ջերմաստիճանի անոմալիաներ, երաշտի օրեր) և թափոնների կառավարման փոխազդեցությունը ցույց է տվել, որ շրջանաձև ռազմավարություններն ավելի մեծ էկոհամակարգային օգուտներ են բերում կլիմայական առումով առավել խոցելի մարզերում:

Զեկույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում՝ հատկապես զարգացող երկրների համատեքստում շրջանաձև տնտեսության զարգացման հեռանկարների տեսանկյունից: Տրվեցին բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, մասնավորապես՝ Ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ, տարածաշրջանային համագործակցության հնարավորությունների մասին, տեխնոլոգիաների փոխանցման և տեղական ադապտացիայի խնդիրների շուրջ։ Իսկ զեկույցի ամփոփումը  կներառվի համաժողովի նյութերի ժողովածուի մեջ, որը ինդեքսավորվում է միջազգային գրախոսվող շտեմարաններում (scopus):

Գիտաժողովի շրջանակներում հաստատվեցին կարևոր գիտական շփումներ, որոնք ներառում էին քննարկումներ՝ թափոնների կառավարման և կլիմայի փոփոխության ադապտացիայի համատեղ հետազոտական նախագծերի հնարավորության շուրջ, փորձի փոխանակում՝ գյուղատնտեսական թափոնների կառավարման և բիոածուխի կիրառման վերաբերյալ, քննարկումներ՝ Հայաստանում շրջանաձև տնտեսության նախագծերի ֆինանսավորման հնարավորությունների մասին և այլն։

Զեկուցումներին զուգահեռ գործում էր նաև հետազոտական աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության և կայուն զարգացման ոլորտների վերջին ձեռքբերումները:

Գիտաժողովի մասնակցությունը արդյունավետ էր ինչպես գիտական, այնպես էլ գործնական տեսանկյունից: Այն հնարավորություն տվեց ներկայացնել Հայաս­տա­նում իրականացված հետազոտության արդյունքները միջազգային հանրությանը, բարձրացնել Հայաստանի գիտական ճանաչելիությունը շրջակա միջավայրի պահպանության և կլիմայի փոփոխության ոլորտներում, ձեռք բերել նոր գիտելիքներ և կապեր, որոնք կնպաստեն հետագա համատեղ հետազոտությունների զարգացմանը: