2023թ. դեկտեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված «Հայաստանի տնտեսությունը երիտասարդ տնտեսագետների հայացքով» խորագրով հանրապետական գիտաժողովը: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն, տ.գ.թ. դոցենտ Մերի Գագիկի Մանուչարյանը, իսկ ողջույնի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը:
«Առողջապահության տնտեսագիտության զարգացման անհրաժեշտությունը ՀՀ-ում», «Հարկային բեռի ազդեցությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վրա», «Արհեստական բանականությունը տնտեսական զարգացման նպաստող գործոն», «Թվայնացման գնահատնան մեթոդաբանական մոտեցումները եւ դրանց տեղայնացման հնարավորությունները ՀՀ-ում» եւ այլ թեմաներով գիտական զեկուցումներ կարդացին ինստիտուտի երիտասարդ, շնորհալի գիտաշխատողները:
Գիտական քննարկումների արդյունքում նշվեց, որ ներկայացվող գիտական առաջարկությունները կարող են հիմք հանդիսանալ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար:
«Մեր գլխավոր նպատակն է գիտական նոր առաջարկություններով նպաստել ՀՀ տնտեսության հետագա բարելավմանը: Ուրախալի է, որ ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողները շատ ակտիվ են: Դրա փայլուն վկայությունն այսօրվա գիտաժողովն է: Հուսով եմ առաջիկայում կունենանք լավ արդյունքներ»- զրույցի ժամանակ ասաց ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մերի Մանուչարյանը:
Գիտաժողովն անցավ հետաքրքրական, աշխույժ մթնոլորտում: Քննարկված խնդիրներն անշուշտ ունեն կարեւոր նշանակություն եւ նրանց օգտագործումը մեր տնտեսության հետագա զարգացման համար անչափ արդիական է: