ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության իստիտուտում տեղի է ունեցել հանդիպում–քննարկում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հետ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Սույն թվականին փետրվարի 24-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ, գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները   այցելեցին ՀՀ  ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ։

Տնօրեն` Վ.Հարությունյանը ողջունեց նախարարի այդ նախաձեռնությունը և  ներկայացրեց ինստիտուտի կատարած  աշխատանքներն ու ձեռքբերումները` շեշտադրելով Կառավարության հետ համագործակցությունը, մասնավորապես` բնապահպանության նախարարության խնդրանքով ներկայացված, «Լիդիան Արմենիա» ընկերության ՇՄԱԳ-ում և ELARD ընկերության զեկույցում ներառված ծախսերի` տնտեսական գնահա­տա­կանի վերաբերյալ տնտեսագիտության ինստիտուտի դիտարկումները, ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ներկայացված`  ՀՀ գործարար միջավայրի բարելավման 2019-2024թթ. ռազմավարության վերաբերյալ փորձագիտական կարծիքը, ՀՀ բարձրագույն կրթության և գիտության օրենքում փոփոխություններ և լրացում­ներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ՊԵԿ-ի հարկային ստուգման արձանագրությունների փորձաքննությունը և այլն։

Տնօրենը առանձնակի շեշտադրեց 2020թ.-ի ինստիտուտի ամե­նանշանակալի ձեռքբերումներից մեկը` «Սոցիալ-տնտեսական զարգացման ար­­­­դի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» հոդվածների ժողովա­ծուի ներկայացումը  SCOPUS միջազգային գիտական ինդեքսա­վորման համակար­գին` դրանում ներառվելու նպատակով։

Նախարար Վ. Քերոբյանը ներկայացրեց հանդիպման նպատակը, ակնկալիքները և առաջարկեց հետագա համագործակցության մի քանի հնարավոր ձևաչափեր։

ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան ինստիտուտի փոխտնօրեն` Լիլիթ Սարգսյանը ներկայացրեց տնտեսագիտության ինստիտուտի վերջին տարիների գիտական ձեռքբերումները`  փաստելով որ ինստիտուտի կողմից  2021թ. ներպետական մրցութային ծրագրի են ներկայացվել 5 կարևորագույն թեմաներ։

Ինստիտուտի ձեռքբերումներից Լ. Սարգսյանը շեշտադրեց հատկապես միջազգային փորձագետների և միջազգային գիտական կազմակերպությունների հետ համագործակցությունը։

Լ. Սարգսյանը հավելեց, որ իստիտուտի աշխատակիցները ակտիվորեն մասնակցել են ներպետական և միջպետական մրցույթների և դարձել շահառուներ, մասնավորապես` ինստիտուտի տնօրենը 4 անգամ անընդմեջ դարձել է «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի հաղթող։

Հանդիպման ընթացում ինստիտուտի աշխատակիցները հանդես եկան  գիտագործնական ելույթներով՝ Հայաստանի տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ։ Մասնավորապես, իստիտուտի ավագ գիտաշխատող Ս. Դալլաքյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիական տնտեսության ձևավորման և զարգացման հեռանկարները ՀՀ-ում։     Իստիտուտի գլխավոր գիտաշխատող Գ. Վահանյանը, շեշտադրեց տնտեսության և գիտության փոխադարձ կապի կարևորությունը, ինչպես նաև ներկայացրեց գիտելիքի առևտրայնացման ՀՀ ներուժը` առաջարկելով կառուցողական քայլեր ինստիտուտ–նախարարություն համագործակցության համատեքստում։ Ինստիտուտի ավագ գիտաշխատող  Մ. Մանուչարյանը փաստեց, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է համարվում Հայաստանի և Արցախի պարենային անվտանգության համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում ՀՀ գյուղատնտեսության ոլորտը  զարգացնել նորարարական ներուժի հիման վրա։

Հանդիպման արդյունքում կողմերը ձեռք բերեցին նախնական պայմանավորվածություն իստիտուտի և գործադիր ու օրենսդիր մարմինների միջև հնարավոր համագործակցության ձևաչափի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին  տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն` Վ. Հարությունյանը հույս հայտնեց, որ  քննարկումները և համագործակցության շրջանակները շարունակական կլինեն, որոնք իրենց ազդեցությունը կունենան ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման վրա։