Գիտական ուղղություններ | ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

ԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թեմաներ

2019թ.-ին ինստիտուտը իր չորս գիտական ուղղությունների շրջանակում իրականացնում է բազային ֆինանսավորմամբ մի շարք թեմաներով հետազոտություններ:
Մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ
գիտ.ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտ.դոկտոր, պրոֆ. Վ.Լ.Հարությունյան
Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում
Համաշխարհային զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանը դեռևս չունի իր ուրույն տեղն ու դիրքը: Վերջին շրջանում Հայաստանում իրականացված քաղաքական և տնտեսական բարեփոխումները լայն հնարավորություններ են ընձեռում զբոսաշրջության տարբեր ենթաճյուղերի ուղղությամբ մեր երկիրը դարձնել առավել գրավիչ: Թեմայի ընտրությունը հիմնավորվում է համաշխարհային շուկայում Հայաստանի զբոսաշրջության մրցունակության ամրապնդման և շարունակական զարգացման անհրաժեշտությամբ: Այդ նպատակով կարևոր ենք համարում այնպիսի հետազոտությունների իրականացումը, որոնք վերաբերում են Հայաստանի զբոսաշրջության ոլորտի մրցակցային առավելությունների և զբոսաշրջության ենթակառուցվածքների զարգացման խոչընդոտների բացահայտմանը, տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացների նոր համատեքստում զբոսաշրջության զարգացման հնարավորությունների և մարտահրավերների, այլընտրանքային զբոսաշրջային արդյունքների բացահայտմանը, տարբեր կազմակերպությունների կողմից զբոսաշրջության զարգացմանն ուղղված նախագծերի միասնական մշակմանն ու իրականացմանը, հայկական սփյուռքի ընձեռած հնարավորությունների երկկողմ փոխշահավետ համագործակցության մեխանիզմների մշակմանը։
Միջազգային հարկային հարաբերությունների կառավարման հիմնախնդիրները ՀՀ-ում
Գործարար միջավայրում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջնային խնդիրներից մեկը միջազգային հարկային հարաբերությունների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Թեմայի նպատակն է՝ հիմնավորել կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ցանցի ընդլայնման հնարավորությունները տնտեսական զարգացման առումով և առանձնացնել պետության կողմից տրանսֆերտային գնագոյացման հնարավորությունները հարկային ռիսկի նվազեցման առումով:
Տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ
գիտ. ղեկավար` տնտեսագիտ.թեկնածու Մ.Գ.Մանուչարյան
Վարկավորման դերը ՀՀ ագրարային ոլորտի զարգացման գործում և դրա բարելավման ուղիները:
ՀՀ-ում ագրարային ոլորտը համարվում է տնտեսության հիմնարար ճյուղերից մեկը: Ներկա ժամանակաշրջանում ոլորտի զարգացման առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ։ Դրանց լուծումը հնարավոր է միայն ներդրումների միջոցով, որոնց կարևորագույն ուղին է հանդիսանում ագրոպարենային համակարգի վարկավորման մեխանիզմների կատարելագործումը ու մատչելիության բարձրացումը: Ելնելով այս հանգամանքից կատարվելու են ուսումնասիրություններ վարկավորման կազմակերպատնտեսական մեխանիզմների կատարելագործման հիմնախնդիրների ուղղությամբ և տրվելու են համապատասխան առաջարկություններ:
Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության հետևանքների գնահատումը և հետագա հնարավոր զարգացումները:
տնտեսության ներքին շուկան շատ սահմանափակ է, ինչը սահմանափակում է ներքին պահանջարկը բավարարելով ՀՀ տնտեսությունը երկարատև զարգացման հեռանկարները: Այդ պատճառով կարևոր նշանակություն ունի արտաքին պահանջարկը, որի շրջանակներում Հայաստանը որդեգրել է արտաքին տնտեսական քաղաքականության նոր ուղղություն` 2015թ. հունվարից անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Թեմայի շրջանակներում քննարկվելու են արդեն իսկ առկա իրողությունները, գնահատվելու են ԵՏՄ անդամակցության տարիների ընթացքում ՀՀ արձանագրած տնտեսական հաջողությունները և կրած կորուստները, բացահայտվելու են այն ոլորտները, որոնք չեն կարողացել ամբողջությամբ և լավագույնս օգտագործել իրենց զարգացման ներուժը ԵՏՄ անդամակցության համատեքստում: Անդրադարձ է կատարվելու մաքսադրույքների վճարման նոր կարգին՝ գնահատելով դրա հետևանքները ՀՀ բյուջեի մուտքերի տեսանկյունից, արտոնյալ ժամանակահատվածի ավարտից հետո ԵՏՄ միասնական մաքսադրույքի կիրառման արդեն իսկ առկա և հնարավոր հետևանքներին: Առանձին քննարկման առարկ է դառնալու ԵՏՄ անդամակցության տարիներին ՀՀ-ում ՕՈՒՆ հոսքերի փոփոխության պատճառները և հնարավոր հետագա միտումները:
Ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալ-ժողովրդագրական հիմնախնդիրներ
գիտ.ղեկավար՝ տնտեսագիտ. թեկնածու, Հ.Ա.Մարկոսյան
Հայաստանի էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները արդի տնտեսական և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:
Վերջին մի քանի տարիների զարգացումների արդյունքում տարածաշրջանում ձևավորվել են բոլորովին նոր իրողություններ, որոնք իրենց դրոշմն են թողնում տարածաշրջանի երկրների ինչպես ազգային, այնպես էլ տնտեսական և էներգետիկ անվտանգության հայեցակարգերի վրա։ Էներգետիկ ոլորտի վերջին տարիների զարգացումները արմատապես փոխում են էներգետիկ անվտանգության ազգային հայեցակարգերը։ Նշված զարգացումների արդյունքում անհրաժեշտ է տնտեսագիտական տեսանկյունից քննական վերլուծության ենթարկել Հայաստանի էներգետիկ անվտանգության հայեցակարգը` վեր հանելով առկա հիմնախնդիրներն ու մշակել համապատասխան լուծումներ։
Բարձր տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկությունների գործունեության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում:
Վերջին տասնամյակում բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացող երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար և ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։ Տեխնոլոգիական նորարարութունները հանդիսանում են տնտեսական աճի հզոր շարժիչ ուժ և այդ է պատճառը, որ պետք է առավելագույնս օգտագործել բարձր տեխնոլոգիաներ ձեռնարկությունների հնարավորութունները ՀՀ տնտեսության հեռանկարային զարգացման մեջ: Այս է պատճառը, որ անհարաժեշտ ենք համարում ուսումնասիրել և ներկայացնել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների տեղն ու դերը ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարում:
Տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքի պատմություն
գիտ.ղեկավար՝ տնտեսագիտ.դոկտոր, պրոֆ. Ռ.Ն.Սարինյան
Ուրվագծեր հայ տնտեսագիտական մտքի պատմության:
Հետազոտության առարկան առանձին մտածողների հայացքների վերլուծությունն է, հայ տնտեսագիտական մտքի արդի պրոցեսների լուսաբանությունը, որը կարևոր է ներկայում և գործնական, և տեսական առումներով: 2014-ին լույս է տեսել «Ուրվագիծ արդի տնտեսագիտական մտքի պատմության» մենագրությունը` երկու գլխով: Սակայն, հրատարակված աշխատությունների մատենագիտական ցանկը համալրվել է նոր հետազոտություններով (մենագրություններ, ամսագրային հողվածներ, ժողովածուներ), որոնք իրենց արծարծումների մեջ արտահայտում են հայ տնտեսագիտական մտքի արդի ընթացքը: